Վարդան Օսկանյանը՝ Տիգրան Սարգսյանի վերանշանակման մասին. Խնդիր են դրել, որ այս ժողովուրդը գնա՞, աղքատությունը մեծանա՞
Մայիսի 5-ին, ըստ ԲՀԿ համամասնական ցուցակի առաջատար Վարդան Օսկանյանի, ժողովուրդն այլընտրանք չունի ու պետք է հաղթի: Այսօր Զեյթուն համայնքի բնակիչների հետ հանդիպման ժամանակ Վարդան Օսկանյանն ասաց, թե հենց մայիսի 5-ի ընտրություններով է, որ ժողովուրդը հաջորդ չորս տարիների ընթացքում Հայաստանում փոփոխության ակնկալիք ունենալու հույս ունի:
«Եթե մենք այս իրավիճակը կորցրեցինք, հաջորդ ընտրությունները, որի ժամանակ դուք կարող եք հույս ունենալ ձեր քվեով որևէ բան փոխել, 2017-2018 թվականի խորհրդարանական ու նախագահական ընտրություններն են: Գիտեմ, որ այսպես չեք ուզում ապրել: Իսկ այդ ուղերձը հանրապետության նախագահին ու իշխանություններին շատ հստակ հնչեց նախագահական ընտրությունների ընթացքում` անկախ այսօրվա պաշտոնական տվյալներից:
Միանշանակ է, որ ժողովուրդն այդ ընտրություններին գնաց հստակ պատգամով` մենք փոփոխություն ենք ուզում»,- նշեց նա:
Վարդան Օսկանյանը կոչ արեց մարդկանց նայել իրենց շուրջն ու արձանագրել, որ իրենց ուղերձից հետո ոչ մի բան չի փոխվել:
Ըստ նրա` փոփոխությունը հիմա առավել հրատապ է, հրամայական: Օսկանյանն անդրադարձավ նաև վարչապետ Տիգրան Սարգսյանի վերանշանակմանը:
«Վերանշանակման բացատրությունն այն է, որ կառավարությունը լուծել է իր առջև դրված խնդիրները, այնինչ չի ասվում, թե եկեք այս կառավարությանը մի հատ էլ հնարավորություն տանք, փորձառություն են ձեռք բերել, իրենց սխալներից կարող է սովորեն ու ավելի լավն անեն: Բայց չէ` բացատրում են, թե իր առջև դրված խնդիրը լուծել է: Կառավարությունը լուծե՞լ է իր առջև դրված խնդիրները: Գուցե սխալ խնդի՞ր են դրել իրենց առջև: Խնդիր են դրել, որ այս ժողովուրդը գնա՞, աղքատությունը մեծանա՞, որ արտաքին ներդրումներ չլինե՞ն»:
Վ. Օսկանյանի հաոզմամբ, Կառավարության առջև ժողովրդի կողմից դրված խնդիր լուծված չէ: Իսկ ժողովուրդը, նրա խոսքով, պահանջում է «պարզ, առօրյա, նույնիսկ տրիվյալ կենցաղային խնդիրներ»:
Առաջիկա հինգ տարիների ընթացքում, կառավարությունը, Օսկանյանի խոսքով, չի կարողանալու լուծել այս խնդիրները, որովհետև իրենց քաղաքականության մեջ ոչինչ չի փոխվելու, «նույն մարդիկ, նույն փիլիսոփայությամբ, իրենց նեղ խնդիրներով» շարունակելու են պաշտոնավարել` մի կողմ դնելով ժողովրդի հարցերը:
«Պատկերացրեք, որ քաղաքապետը դառնում է ոչ իշխանական ուժից մեկը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության թեկնածուն: Այս իրավիճակում ստեղծվելու է բոլորովին նոր մթնոլորտ»,- ասաց նա:
Վարդան Օսկանյանը նաև նշեց, որ Երևանի բյուջեով հնարավոր է լուծել խնդիրները, իսկ ԲՀԿ-ն էլ, նրա խոսքով՝ ոչ միայն կլուծի այդ խնդիրները, այլև կավելացնի բյուջեն: