Իրանական մտահոգությունները ԹՐԻՓՓ-ի շուրջ պահպանվում են. ի՞նչ «մեխանիզմ» է փնտրում Թեհրանը
«Հայ-իրանական հարաբերությունների օրակարգային հարցերից են TRIPP նախագծից ի հայտ եկող ռիսկերի կառավարումը և հնարավոր մարտահրավերների վերացումը»,- նախօրեին Երևանում հրավիրած ասուլիսում հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:
Դեսպանը նշեց, թե 20 օր էլ դեռ չի լրացել, ինչ Իրանն ԱՄՆ-ի հետ խաղաղություն հաստատելու շուրջ հուշագիր է ստորագրել, սակայն այս ընթացքում այն մի քանի անգամ խախտվել է:
«Ուստի Իրանի անհանգստությունն իր սահմանների հարևանությամբ ամերիկացիների ներկայության վերաբերյալ շատ լեգիտիմ և տրամաբանական է, և այդ անհանգստություններին պետք է հստակ պատասխան տրվի»,- հայտարարեց ՀՀ-ում Իրանի դեսպանը:
Նա նշեց նաև, որ Հայաստանի կառավարությունը հավաստիացրել է, որ այս ծրագրի իրականացման հետևանքով և ԱՄՆ -ի ներկայության արդյունքում՝ Իրանի համար որևէ սպառնալիք կամ մարտահրավեր չի ստեղծվի:
«Կարծում եմ, որ մենք պետք է ձեռք բերենք այնպիսի մեխանիզմ, որի շրջանակում Հայաստանը կկարողանա իրականացնել ապաշրջափակման իր ամբողջ ներուժը, բայց դրա հետ միասին՝ պետք է կառավարվեն և պետք է հստակ կերպով արձագանք տրվեն ԱՄՆ-ի ներկայության հնարավոր ռիսկերին և Իրանի դեմ ցանկացած սպառնալիքներին»,- շեշտեց Իրանի դեսպանը:
Արձագանքելով դեսպանի վերոնշյալ դիտարկումներին՝ Նիկոլ Փաշինյանն այսօր ճեպազրույցի ընթացքում հայտարարեց, որ ԹՐԻՓՓ նախագծի շուրջ որևէ կոնսպիրացիա չկա, դրա հիմնական նպատակը Հայաստանի ու ամբողջ տարածաշրջանի ապաշրջափակումն է։
Նրա խոսքով, Հայաստանը պետք է ապաշրջափակվի, տարածաշրջանը պետք է ապաշրջափակվի, գնացքները պետք է գնան-գան, ավտոմեքենաները՝ անցնեն, պետք է իրականացվի էլեկտրաէներգիայի տարանցում, հնարավոր լինեն գազամուղներ, նավթամուղներ, խողովակաշարեր և մալուխներ։ Փաշինյանի խոսքով՝ Հայաստանը պատրաստ է պատասխանել բոլոր հարցերին և փարատել գործընկերների մտահոգությունները։
Նա նաև ասաց, որ Երևանը շարունակելու է աշխատել Իրանի, Ռուսաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Թուրքիայի, Եվրամիության, Կենտրոնական Ասիայի երկրների, Չինաստանի և մյուս գործընկերների հետ, քանի որ նախագիծը գլոբալ նշանակություն ունի։
Նրա խոսքով՝ եթե ընթացակարգերը ժամանակին ավարտվեն, ապա արդեն այս տարվա աշնանը հնարավոր կլինի սկսել առաջին աշխատանքները։ Փաշինյանը նաև ընդգծել է, որ նախագծի իրականացումը հնարավորություն կտա բացել Պարսից ծոց-Սև ծով երկաթուղային կապը, ինչի արդյունքում կընդլայնվեն Հայաստանի և Իրանի առևտրատնտեսական հնարավորությունները։
«Կարող եմ ասել, որ այս նախագծի իրականացումը բխում է նաև Իրանի Իսլամական Հանրապետության շահերից»,- նշեց Փաշինյանը։
Իրանի դեսպանի կողմից «մեխանիզմի» անհրաժեշտության մասին թեզը հայ-իրանական հարաբերությունների համատեքստում դուրս է գալիս զուտ դիվանագիտական արձանագրումների շրջանակից։
«Մեխանիզմ» հասկացությունն, ըստ էության, պահանջ է՝ ստեղծելու անվտանգային երաշխիքների համակարգ, որը Թեհրանին կապահովագրի տարածաշրջանում ԱՄՆ-ի ազդեցության հնարավոր սպառնալիքներից։ Իրանի համար առաջնահերթությունը ոչ թե նախագծի արգելափակումն է, այլ դրա «քաղաքական չեզոքության» երաշխավորումը։
Չի բացառվում, որ «մեխանիզմի» հիմքում Իրանը դիտարկում է ստանալ իրավական երաշխիքներ, գրավոր հավաստիացումներ, որ Հայաստանի տարածքում իրականացվող ենթակառուցվածքները որևէ պարագայում չեն կարող ծառայել Իրանի դեմ նպատակների։ Գուցե Իրանում մշտադիտարկման կարիք են տեսնում վստահության բարձրացման համար։ Սա իր հերթին՝ ենթադրում է համատեղ աշխատանքային համապատասխան խմբերի ստեղծում։
«Մեխանիզմի» ներքո Թեհրանը կարող է նկատի ունենալ տարբեր գործիքներ, սակայն գլխավորն այն արձանագրումն է, որ Թեհրանը վստահության պակասը փորձում է լրացնել ինստիտուցիոնալ երաշխիքներով։ Հայաստանի համար սա մարտահրավեր է, քանի որ փաստորեն հրապարակային հայտարարությունները չեն փարատում Իրանի մտահոգությունները, քանի որ Իրանը շեշտում է անվստահության բարձր մակարդակ ԱՄՆ-ի հետ հարաբերություններում։
Գուցե հենց սա է պատճառը, որ հենց այս տարի Իրանի Իսլամական Հանրապետությունն ակտիվորեն առաջ է մղում Հայաստանի Հանրապետության ու Իրանի Իսլամական Հանրապետության միջև ռազմավարական գործընկերության փաստաթուղթ ստորագրելու օրակարգը։
Նախօրեին դեսպանն ասաց, որ իրենց ցանկությունը և կամքը ռազմավարական գործընկերության փաստաթղթի շրջանակում հայ-իրանական գործընկերության ինստիտուցիոնալացման ուղղությամբ շատ լուրջ է և վճռական։
«Տարբեր մակարդակներով այս մասին խոսվել է և հստակ հայտարարություններ են արվել։ Անցյալ շաբաթ էլ, երբ մեծարգո պարոն Նիկոլ Փաշինյանն Իրանում հանդիպեց ԻԻՀ մեծարգո նախագահ պարոն Փեզեշքիանի հետ, այդ հանդիպման շրջանակում պարոն Փեզեշքիանը ևս մեկ անգամ ընդգծեց այդ հարցի կարևորությունը և հնարավորինս արագ արդյունքի հասնելու անհրաժեշտությունը»,- նշել է նա։
ՀՀ-ում Իրանի դեսպանն ընդգծել է, որ Իրանը հետամուտ կերպով աշխատում և քայլեր է ձեռնարկում ռազմավարական գործընկերության համապարփակ փաստաթղթի կնքման, ստորագրման համար: «Ռազմավարական գործընկերության փաստաթղթի տեքստի վրա այս պահին աշխատում ենք, այն գտնվում է ուսումնասիրության և կազմման փուլում:
Հուսով եմ՝ հնարավորինս արագ այս փուլը կավարտենք և կսկսենք աշխատանքները հետագա ստորագրման ուղղությամբ։ Պետք է աշխատենք այս փաստաթղթի ամփոփման և վերջնական տեսքի բերման համար, և ԻԻՀ-ն մեծ սիրով կողջունի ՀՀ վարչապետ մեծարգո Նիկոլ Փաշինյանի այցը, որտեղ կկարողանան ստորագրել այս փաստաթուղթը»,- նշել է դեսպան Շիրղոլամին։
Հետևաբար, չի բացառվում, որ այս փաստաթուղթը հենց այն մեխանիզմի բաղադրիչներից է, որից խոսում էր դեսպանը։ Իրանի կողմից ռազմավարական գործընկերության պայմանագրի օրակարգն առաջ մղելը Թեհրանի «ապահովագրական քաղաքականությունն» է։
Թեհրանը ձգտում է ապահովել, որ այդ գործընթացները չվերածվեն իր սահմանների անվտանգության խաթարման գործիքի։ Այս պարագայում «ռազմավարական գործընկերությունը» ոչ թե պարզապես դիվանագիտական արձանագրում է, այլ ինստիտուցիոնալ երաշխիքների համակարգ, որը պետք է Հայաստանին կապի Իրանի անվտանգային օրակարգին՝ որպես հավատարիմ դաշնակցի։
Սակայն հայկական կողմը կարծես դեռ չի շտապում նման փաստաթուղթ կնքել Իրանի հետ։ Սրան զուգահեռ՝ ՀՀ-ն հայտարարում է, որ պատրաստ է պատասխանել բոլոր մտահոգություններին, բայց արդյո՞ք դա բավարար է Իրանի համար, ցույց կտա ժամանակը։

