Շնորհի՛ր ինձ, Տե՛ր, աչքերի լաց, արցունքների հոսում, մեղքերի սուգ, սրտի երկյուղ, ոսկորների սարսափ և դող տանջանքների ահից, կենաց ճանապարհ և անդադար պաղատանքներ: Փրկիր երևացող և աներևույթ թշնամուց և արժանավորիր գոհությամբ փառավորել Քեզ, Հոր և Սուրբ Հոգուդ հետ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից: Ամեն:
Հայր Եսայիասն ասաց. «Մեծ և պատվական գործ է հպարտության դեմ հաղթանակ տանելը և դեպի աստվածգիտություն դառնալը, որովհետև ովքեր ընկնում են ամբարտավանության չար ախտի ձեռքը, օտարանում են հեզությունից, նրանց սիրտը խստանում է սրբերի հանդեպ և ընկնում են բոլոր չարիքների մոր գիրկը, որ ամբարտավանությունն է: