Զգուշավոր մերձեցում. Ֆրանսիան և Թուրքիան շոշափում են շփման կետերը

Երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը 2025 թվականի հոկտեմբերին Կահիրեում հավաքեց տարածաշրջանային և եվրոպական առաջնորդներին մամուլի ասուլիսի՝ Գազայի հատվածում իր կեղծ «հաղթանակի» վերաբերյալ, երկու առաջնորդներ բացակայում էին։

Թրամփի թիկունքին կանգնելու փոխարեն՝ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին առաջարկեց տեղ զբաղեցնել դահլիճում: Բազմափորձ թուրք քաղաքական գործչին այդ գաղափարը դուր եկավ, այդ թվում՝ մամուլի համար տպավորիչ կադր ստեղծելու առումով։

Իրավիճակին ծանոթ Middle East Eye-ի աղբյուրները հայտնել են, որ Սիրիայի, Հայաստանի և արևելյան Միջերկրական ծովի շուրջ երկարատև տարաձայնություններից հետո Փարիզում, հնարավոր է, մտածում են Թուրքիայի հետ հարաբերություններում նոր գլուխ սկսելու մասին. «Ֆրանսիան եվրոպական անվտանգության ապագան տեսնում է Թուրքիայի՝ որպես հիմնասյուներից մեկի մասնակցությամբ»։ «Կամեցողների կոալիցիայի»՝ Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի առաջնորդությամբ եվրոպական նախաձեռնության հետ մեկտեղ, որն ուղղված է կիևյան ռեժիմին աջակցելուն, Թուրքիայի գործընկերությունը Ֆրանսիայի հետ մոտակա հեռանկարում էլ ավելի պահանջված կլինի։ Եվ սրանք ամենևին էլ վերացական դատողություններ չեն։

Ըստ իրազեկ աղբյուրների՝ Ֆրանսիայի համար Թուրքիայի և Ռուսաստանի միջև ավելի ու ավելի լարված հարաբերությունները կարևոր ազդակ են դարձել։ Զգալիորեն կրճատվել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ Էրդողանի հանդիպումների թիվը։ 2023 թվականից ի վեր երկու երկրների ղեկավարները երկկողմ այցեր չեն իրականացրել։

Անկարայում ավելի ու ավելի հաճախ են ցուցադրում հավատարմությունը Մոսկվայի նկատմամբ Արևմուտքի պատժամիջոցային ճնշումներին, այդ թվում՝ չցանկանալով երկարաձգել Ռուսաստանից գազի մատակարարման ընթացիկ պայմանագրերը։

Ֆրանսիայի նախկին դեսպան Ժերար Արոն կարծում է, որ Ֆրանսիայում շատերին տպավորել է այն, թե ինչպես է Թուրքիան ի սկզբանե իրեն պահել ուկրաինական հակամարտությունում՝ փաստացի կանգնելով Կիևի կողքին: Արոն ասել է, որ վերջին երկու տասնամյակների ընթացքում Թուրքիան կրկին մեծ տերություն է դարձել:

Նրա խոսքով՝ այժմ հարցն այն է, թե ինչպիսի դեր է խաղալու այս նորացված աշխարհաքաղաքական տերությունը տարածաշրջանային անվտանգության մեջ. «Կարծում եմ՝ Փարիզում շատերը զգում են, որ մի կողմից՝ ամերիկացիները լքում են մեզ, որ ով էլ հաղթի 2028 թվականի ընտրություններում, մենք չենք վերադառնա ԱՄՆ-ի հետ նախկին հարաբերություններին: Մենք բախվելու ենք Ռուսաստանի կողմից ճնշումների։ Եվ այս հավասարման մեջ Թուրքիան, անկասկած, կարևոր գործոն է»:

Դիվանագետի խոսքով՝ երկու երկրներն այժմ շատ համընկնող շահեր ունեն։ Սիրիայում, և Ֆրանսիան, և Թուրքիան աջակցել են նախագահ Ահմեդ Ալ-Շարային: Լիբանանում երկու երկրներն էլ հանդես են գալիս ուժեղ կենտրոնական պետության օգտին և դեմ են իսրայելական գործողություններին: Երկու երկրներն էլ աջակցում են Իրանի շուրջ զինված հակամարտության խաղաղ կարգավորմանը։ «Իսրայելը չի ցանկանում Ֆրանսիային տեսնել Լիբանանում և տարածաշրջանում»,- ասել է ֆրանսիական մեկ այլ դիվանագիտական աղբյուր:

Թուրքիայի նկատմամբ Նեթանյահուի վարչակարգի աճող ռազմաշունչ կեցվածքը նաև մի շարք ճգնաժամեր է հրահրում Փարիզի հետ հարաբերություններում՝ Լիբանանի պատճառով։ Տարածաշրջանային հարցերից բացի, առաջին պլան է մղվում պաշտպանական ոլորտում ֆրանս-թուրքական հնարավոր գործընկերությունը։ Հունիսի 30-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը հայտարարել էր, որ Անկարան շատ հետաքրքրված է ֆրանս-իտալական Eurosam կոնսորցիումի կողմից արտադրվող SAMP/T հակաօդային պաշտպանության համակարգերի գնմամբ: Վերջին տարիներին Փարիզը հետաձգել է վաճառքը Թուրքիայի հետ հարաբերություններում քաղաքական լարվածության, ինչպես նաև համատեղ արտադրության մասին Անկարայի պահանջների պատճառով:

Մայիսին Մակրոնը կարգադրել էր SAMP/T ստուգում անցկացնել՝ պարզելու համար Թուրքիայի համատեղ արտադրության պահանջների բավարարման ուղիները հուլիսի 8-9-ը Անկարայում կայացած ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին:

Հուլիսի 8-ին կայացած հանդիպման ընթացքում Մակրոնը և Էրդողանը քննարկել են երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային և գլոբալ զարգացումները, հայտնել է Թուրքիայի նախագահի աշխատակազմի կապերի վարչությունը: Ֆրանսիայի նախագահը հայտարարել է, որ «շատ գոհ է» բանակցություններից, որոնք շոշափել են ամենատարբեր հարցեր՝ պաշտպանությունից և երկկողմ հարաբերություններից՝ մինչև Ուկրաինա և Մերձավոր Արևելք:

Էրդողանը հայտարարել է, որ ժամանակն է, որ Թուրքիան և Ֆրանսիան ավելացնեն փոխադարձ ապրանքաշրջանառությունը՝ հավելելով, որ Անկարան կշարունակի ջանքերը «բոլոր ոլորտներում» համագործակցության զարգացման ուղղությամբ:

Նա հատուկ ընդգծել է ՆԱՏՕ-ի եվրոպական բաղադրիչի ամրապնդման կարևորությունը դաշնակիցների միջև «տրանսատլանտյան կապերի» պահպանման համար՝ հայտարարելով, որ դրան կարելի է հասնել «առանց մեր դաշնակցային կապերին վնասելու և առանց ավելորդ կրկնօրինակման», և Թուրքիան կաջակցի ԵՄ պաշտպանական նախաձեռնություններին այդ սկզբունքների հիման վրա:

Ավելի վաղ Ֆրանսիայի խոշորագույն պաշտպանական ընկերություններից մեկը՝ Safran-ը, ռազմավարական գործընկերության համաձայնագիր էր ստորագրել թուրքական անօդաչու թռչող սարքերի առաջատար արտադրող Baykar-ի հետ՝ «համատեղ մշակելու ինտեգրված լուծումներ, որոնք համատեղում են օպտիկական-էլեկտրոնային սենսորները, նավիգացիոն համակարգերը և կառավարվող սպառազինությունը անօդաչու թռչող սարքերի և օդ-երկիր առաքելությունների համար»: Ակնկալվում է, որ Baykar ընկերության TB2  անօդաչու թռչող սարքերը կհամալրվեն Safran ընկերության Euroflir  էլեկտրաօպտիկական համակարգով:

Ֆրանսիայի կառավարության դիրքորոշմանը ծանոթ երկրորդ աղբյուրը հայտնել է, որ Փարիզը քննարկում է անօդաչու թռչող սարքերի և ուղղաթիռների ոլորտում գործընկերության շուրջ երկխոսության ընդլայնման հնարավորությունը: Վերջին տարիներին թուրքական ընկերությունները շուկայում խոշոր դերակատարներ են դարձել, իսկ պաշտպանական արտահանումը 2025 թվականին հասել է 10 մլրդ դոլարի։ Այժմ Թուրքիան ռազմանավեր, անօդաչու թռչող սարքեր և զինամթերք է վաճառում աշխարհի երկրներին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի դաշնակիցներին:

Ըստ Ժ. Արոյի՝ Եվրոպան խնդիրներ ունի պաշտպանական արդյունաբերության ոլորտում, ինչպիսին է, օրինակ, ֆրանսիական և գերմանական ընկերությունների միջև տարաձայնությունների պատճառով 114 միլիարդ դոլար արժողությամբ Future Combat Air System ծրագրի վերջերս տեղի ունեցած տապալումը. «Թուրքերն իրենց վատ չդրսևորեցին այս ոլորտում։ Այն, ինչ անում են թուրքերը, նախ՝ ավելի էժան է, և երկրորդ՝ ավելի հուսալի»։

Չնայած թուրքական զենքի որոշ տեսակներ աչքի չեն ընկնում բարձր բարդությամբ, Ուկրաինայի հակամարտությունը ցույց տվեց, որ դա կարող է առավելություն լինել: «Վաղվա պատերազմը նշանակելու է շատ, չափազանց շատ էժան զենք արտադրելու հնարավորություն»,- ասում է դիվանագետը: Ֆրանսիական IFRI վերլուծական կենտրոնի Թուրքիայի և Մերձավոր Արևելքի դեպարտամենտի ղեկավար Դորոթի Շմիդը երկկողմ հարաբերությունների վերաբերյալ ավելի հոռետեսական տեսակետ ունի. «Ֆրանսիան գտնում է, որ Թուրքիան կանգնել է ավտորիտարիզմի ուղու վրա և վարում է ուժի և սեփական շահերի վրա հիմնված քաղաքականություն, որոնք անհամատեղելի են եվրոպացիների շահերի հետ»:

Իհարկե, Թուրքիան և Ֆրանսիան հարաբերություններում ունեն վաղեմի խնդիրներ։ 2022 թվականից Մակրոնը խուսափում է Անկարա մեկնելուց՝ չնայած Էրդողանի կողմից բազմիցս արված հրավերներին։ Իրազեկ աղբյուրի խոսքով՝ Մակրոնի պետական այցը հնարավոր կլինի, եթե թուրքական իշխանությունները որոշեն բացել Հայաստանի հետ սահմանը։ Ֆրանսիայում զգալի թվով հայեր են ապրում, և Անկարայի և Երևանի միջև հարաբերությունների բարելավումը կարող է դրդել Փարիզին դիմել նման քայլի:

Ֆրանսիացի պաշտոնյաները հաճախ մատնանշում են այն, որ Անկարայի որոշումը՝ արգելել Թուրքիայի քաղաքացիներին հաճախել Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանատան հովանու ներքո գտնվող դպրոցներ, չի բարելավել երկրների միջև հարաբերությունները։

Մեկ այլ հարց է արևելյան Միջերկրականը։ Հունաստանն ու Ֆրանսիան կապված են պաշտպանական պայմանագրով։ Այս տարվա սկզբին Աթենք կատարած այցի ժամանակ Մակրոնը հրապարակավ ցուցադրեց պայմանագիրը Հռոմեական ագորայում (Աթենքի հնագույն հրապարակ)՝ հիշեցնելով բոլորին, որ Ֆրանսիան հավատարիմ է Հունաստանի ինքնիշխանության պաշտպանությանը:

Արոն հայտարարել է, որ Մակրոնը, ըստ էության, խախտում է ֆրանսիական արտաքին քաղաքականության սեփական en même temps («միաժամանակ») սկզբունքը, համաձայն որի՝ նա իրականացնում է արտաքին քաղաքական նախաձեռնություններ, որոնք առաջին հայացքից հակասական են թվում, բայց իրականում նպատակաուղղված են խաղացողների տարբեր խմբերի հետ հարաբերությունների պահպանմանը։ «Ֆրանսիացի բարձրաստիճան պաշտոնյաները համաձայն են ինձ հետ, որ Փարիզը պետք է բարելավի իր հարաբերությունները Թուրքիայի հետ, և Մակրոնը մի փոքր չափն անցկացրել է։ Մակրոնը գիտի այդ մասին և ցանկանում է բարելավել հարաբերությունները Թուրքիայի հետ։ Ես կարծում եմ, որ Մակրոնը շատ լավ է հասկանում արտաքին քաղաքականությունից, բայց այն իրականացնելով՝ ժամանակ առ ժամանակ հանգում է ճիշտ հակառակ արդյունքների»,- ասել է Արոն՝ նկատի ունենալով, որ Ֆրանսիայի նախագահն ակնհայտորեն նախապատվությունը տալիս է Աթենքին։

Թուրք պաշտոնյաները հայտարարում են, որ Թուրքիան երբեք չի հարձակվի Հունաստանի վրա, իսկ Հունաստանը պաշտպանելու մասին Մակրոնի հռետորաբանությունն ընդամենը պատրվակ է, որը թույլ է տալիս Փարիզին ավելի շատ զենք վաճառել Աթենքին: Մեկ այլ խնդիր էլ այն է, որ Մակրոնը կլքի իր պաշտոնը 2027 թվականի ապրիլին, և նրա հավանական իրավահաջորդները կարող են այլ քաղաքականություն վարել, հատկապես, եթե դա լինի Ֆրանսիայի աջակողմյան առաջնորդ Մարին Լե Պենը կամ նրա հովանավորյալ Ժորդան Բարդելլան: Միևնույն ժամանակ, ըստ մի քանի աղբյուրների, թուրքերն արդեն որոշ ժամանակ շփումներ են պահպանում «Ազգային ճակատի» առաջնորդի հետ, ինչը, կարծես, ապահովագրում է տարատեսակ անակնկալներից:

Ալեքսանդր Գրիգորև

vpoanalytics.com

Թարգմանությունը՝ Ժաննա Ավետիսյանի

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031