Սուպերթալանչիները թալանում են ժողովրդին. հունվարից սկսվող թանկացումները ոտքի կհանեն ժողովրդին. Մեսրոպ Մանուկյան
Երևանի ՔՊ-ական իշխանությունը պլանավորել է միայն գույքահարկի թանկացումից 2024 թվականի համար հավաքագրել 6.5 միլիարդ դրամ. եթե այս թանկացմանն ավելացնում ենք նաև հասարակական տրանսպորտի սակագնի թանկացումը, ինչի մասին, ի դեպ, հայտարարել է նաև Կենտրոնական բանկը՝ նշելով, որ տրանսպորտի թանկացումը 0.5 տոկոսով կազդի գնաճի վրա, ստացվում է, որ Հայաստանի քաղաքացիները 2025 թվականի հունվարից կանգնելու են թանկացումների մեծ ալիքի առաջ։ 168TV-ի եթերում, խոսելով 2025 թվականի հունվարից սկսվող թանկացումների մասին, նման տեսակետ հայտնեց Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը։
«Հունվարից գույքահարկի թանկացումը նշանակում է, որ, օրինակ, սրճարանների տերերը նույնպես կթանկացնեն իրենց ծառայությունները, որովհետև տարածքների վարձավճարները կավելանան մի քանի անգամ, կամ, եթե հաց եք գնում, դա ևս թանկ գնով ձեռք կբերեք, որովհետև հաց թխելու արտադրամասի վարձրավճարը ևս կթանկանա։ Այս իրավիճակը հետևանքն է նրա, որ այս իշխանությունը կա՛մ պարտք է վերցնում, կա՛մ քաղաքացու գրպանը մտնում և, քանի որ պարտք վերցնելու հնարավորությունը սպառվում է՝ մոտենում վերջնակետին, ուստի մնում է քաղաքացու գրպանը մտնելը»,- ասաց Մանուկյանը։
Վերջինիս համոզմամբ՝ համատարած թանկացումները հանրության մոտ առաջացնելու են ընդվզման մեծ ալիք. շուտով ականատես կլինենք դրանցից մեկին՝ կապված հասարակական տրանսպորտի ուղեվարձի թանկացման հետ։
«Հաջորդ բոյկոտի և ընդվզման մեծ ալիքը լինելու է փետրվարի 1-ից, եթե, իհարկե, ՔՊ-ական իշխանությունն իր այդ որոշումը չփոխի։ Քաղաքացիների դժգոհությունը հասնում է իր գագաթնակետին։ Տրանսպորտի ուղեվարձի թանկացմանը գումարվելու է նաև հայրենիքի կորստի ցավը, մարդիկ տեսնելու են, որ դա արել են ամենասուպեր թալանչիները, որոնք գործում են կոռուպցիոն բուրգի սխեմայով։ Քաղաքացիների համբերության բաժակը լցվելու է կաթիլ-կաթիլ»,- ասաց Մեսրոպ Մանուկյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։