Հարգանքը քրիստոնյայի կյանքի հիմնական առաքինություններից մեկն է։ Այն զուգընթաց է հնազանդությանը. որտեղ հնազանդությունն է, այնտեղ անպայման հարգանք գոյություն ունի։ Նա, ով չգիտի հնազանդվել, չգիտի նաև հարգել։ Հարգելու կարողությունը մեծագույն ներգործություն ունի մարդու բարոյական կյանքի և նկարագրի ազնվացման մեջ։ Այն մարդու բարոյականության և նկարագրի անվնաս պահպանմանը նպաստող ուժն է։ Որևէ ազգի նկարագիրը, գոյությունը, նվիրական ավանդույթները, անգին ժառանգություններն ու խոսուն հիշատակները պահպանվում են միմիայն հարգանքի առաքինության շնորհիվ։
Յոթ մահացու մեղքերը չգործելու համար պետք է նախանձախնդիր լինել դրանց ճիշտ հակառակ առաքինությունները գործելուն, քանզի յուրաքանչյուր մահացու մեղքի դիմաց կա դրան հակադիր առաքինությունը` հպարտության դեմ` խոնարհությունը, նախանձի դեմ` եղբայրասիրությունը, բարկության դեմ` հեզությունը, ծուլության դեմ` աշխատասիրությունը, ագահության դեմ` ողորմածությունը, որկրամոլության դեմ` ժուժկալությունը, բղջախոհություն դեմ` ողջախոհությունը: