«Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ին COP 17-ի համար էլի գումար են ուղղել․ այս անգամ՝ 500 հազար ԱՄՆ դոլար վարկ՝ 1 տոկոսով

Կենսաբազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովն անցկացվելու է Երևանում՝ «Մերիդիան» ցուցահանդեսների և միջոցառումների կենտրոնում: 168․am-ը տարբեր հրապարակումներով անդրադարձել է միջոցառմանը։

Ի մասնավորի, տեղեկացրել էինք, որ նախորդ տարի Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կոմիտեն մեկ անձ գնման ոչ մրցակցային ընթացակարգով  օրերս տարածքի վարձակալման պայմանագիր էր կնքել «Մերիդիան հոլդինգ» ՓԲԸ-ի հետ՝ COP 17 համաժողովի համար։ Պայմանագրի գինը 5 միլիարդ 775 միլիոն դրամ էր։ Տարածքի տրամադրման բնույթի և ժամանակահատվածի մասին պայմանագրային հստակեցման մեջ նշվում է նաև, որ բացի COP 17-ի սպասարկումը՝ հոլդինգը նաև դրանից հետո 6 տարվա ընթացքում է տարածքի տրամադրման ծառայություններ է մատուցելու՝ հիշյալ պայմանագրի գնի շրջանակում՝ 2 միլիարդ 775 միլիոն դրամին համարժեք (1քմ-ի 1 օրվա արժեքը՝ 462,5 դրամով և առանց նվազագույն քմ-ի պահանջի):

Գործադիրը դեռ 2025 թվականի սեպտեմբերի 11-ի նիստում էր հավանության արժանացրել Կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի՝ 2026 թվականին «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի Կողմերի 17-րդ համաժողովը (COP 17) կանցկացվի «Մերիդիան» էքսպոկենտրոնում։ Նշվում էր, որ հատկացվող 5 միլիարդ 775 միլիոն դրամ գումարը ծախսվելու է «Մերիդիան» էքսպոկենտրոնում տարածքների վերանորոգման, կառուցման և բարեկարգման աշխատանքների վրա՝ ամբողջ տարածքը համապատասխանեցնելով վերոնշյալ միջոցառումը «Մերիդիան» էքսպոկենտրոնում բարձր մակարդակով կազմակերպելու համար։ ՄԱԿ-ի «Կենսաբազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ (COP 17) համաժողովը Հայաստանում նախատեսվում է անցկացնել 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը:

Վերջերս էլ տեղեկացանք, որ Ֆինանսների նախարարությունն է նույն Մերիդիան կենտրոնին տրամադրել 500 հազար ԱՄՆ դոլար վարկ՝ 1 տոկոսով։ Վարկի նպատակը, ենթադրելի էր, որ էլի նույն «ծախսատար» միջոցառումն է, բայց պարզաբանումների համար գրավոր հարցում ուղղեցինք նախարարությանը՝ հետաքրքրվելով վարկի նպատակի, ժամկետների, տոկոսների հաշվարկման պայմանների մասին, ինչպես նաև՝ ճշգրտելով՝ սա «Մերիդիան» կենտրոնին ուղղված նմանատիպ միա՞կ վարկն է։

Կարդացեք նաև

Ի պատասխան՝ նախարարության գլխավոր քարտուղար Հայկ Հարությունյանը մանրամասնեց․ ՀՀ Կառավարության 2026 թվականի մայիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բյուջետային վարկ տրամադրելու մասին» N 762-Ն որոշման հիման վրա՝ 02.06.2026թ. ՀՀ ֆինանսների նախարարության և «Մերիդիան Հոլդինգ» ՓԲԸ-ի միջև կնքվել է N 1/2026 վարկային պայմանագիր։

Պայմանագրի համաձայն՝ Ընկերությանը «Մերիդիան» էքսպո կենտրոնի կառուցման նպատակով պետական բյուջեից տրամադրվել է 1,839,350,000 ՀՀ դրամի չափով բյուջետային վարկ՝ տարեկան 1 տոկոս տոկոսադրույքով և 78 ամիս մարման ժամկետով։ Նշված որոշման վերաբերյալ այլ տեղեկատվության կարող եք ծանոթանալ аrlis.am կայքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ «Մերիդիան Հոլդինգ» ՓԲ ընկերությանը ՀՀ պետական բյուջեից այլ վարկեր չեն տրամադրվել»:

Հղումը, որը հիշատակել է նախարարության գլխավոր քարտուղարը, մանրամասնում է նաև, որ վարկը «Մերիդիան Հոլդինգ» փակ բաժնետիրական ընկերությանը տրվում է Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հոկտեմբերի 18-30-ը Միավորված ազգերի կազմակերպության «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովի (COP17) կազմակերպման համար «Մերիդիան» էքսպո կենտրոնի կառուցման նպատակով։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031