Ես իսկապես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է սեփական ձեռքով զոհել սեփական աշխատանքով ստեղծած հեղինակությունը. Աննա Փիլոսյան

««Ինչո՞ւ ես» հարցի պատասխանը ես խուսափում եմ բարձրաձայնել: Իմ ընտանիքը ենթադրում էր, որ ընտրությունը պիտի կանգնի հենց ինձ վրա, և իմ լիազորությունների դադարեցումը ոչ այնքան պայմանավորված էր որոշումների տրամադրման ուշացմամբ, որքան իմ ընտանիքի կազմի կոնկրետ անձով (իրավապաշտպան Ռուբեն Մելիքյան՝ Աննա Փիլոսյանի ամուսինը.- Գ.Ս.)»,- 168.am«Ռեվյու» հաղորդաշարի հերթական թողարկման ընթացքում ասաց Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախկին դատավոր Աննա Փիլոսյանը, ում լիազորությունները դադարեցվել են նախորդ տարեվերջին:

Նրա խոսքով՝ 7-8 ամիս է, ինչ իր լիազորությունները դադարեցվել են, և առաջին անգամ է, որ ինքն իր լիազորությունների դադարեցման պատճառները կապում է ոչ դատական գործունեության հետ:

«Վերջին 7-8 ամիսներին տեսանք, որ Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) մոտեցումները միևնույն արարքի նկատմամբ միանշանակ չէր, կար ակնհայտ խտրական մոտեցում: Եթե պետությունը ստանդարտ է դնում դատական ակտի ուշացման համար, ապա այն պետք է հավասարաչափ կիրառվի: Եթե այդ ստանդարտը հավասարաչափ չի կիրառվում, ուրեմն դա ոչ թե ստանդարտ է, այլ կոնկրետ անձի նկատմամբ կիրառված միջոց»,- ասաց նա:

Կարդացեք նաև

Ինչ վերաբերում է ԲԴԽ անդամ Նաիրա Հովսեփյանի՝ իր լիազորությունների դադարեցմանը կողմ քվեարկելուն, Աննա Փիլոսյանը նշեց՝ որևէ դեպքում իրենց ջերմ հարաբերությունները չպետք է ազդեին ԲԴԽ դատավոր-անդամ Նաիրա Հովսեփյանի կողմից կայացվող որոշումների վրա:

«Սակայն իմ վերաբերյալ որոշմանը հաջորդած Նաիրա Հովսեփյանի վարքագիծն առնվազն կասկածներ հարուցում է, որ այդ որոշումը ներքին համոզմունքի արդյունքում ծնված որոշում չէր»,- ասաց նախկին դատավորը:

Վերջինս տեղեկացրեց, որ դիմել է Եվրոպական դատարան (ՄԻԵԴ), և ՄԻԵԴ-ը բավարարել է իր երկու միջնորդություններն էլ՝ թե արագ ծանուցման, և թե՛ արագ քննության, ինչը նշանակում է, որ ՄԻԵԴ-ից վճիռ կարելի է սպասել ոչ թե, օրինակ, 10 տարվա ընթացքում, այլ 2:

Ինչ վերաբերում է Դավիթ Հարությունյանի վերաբերյալ վարույթին ու դատավոր անդամների քվեարկությանը, Աննա Փիլոսյանն ասաց՝ Քրիստինե Մկոյանն ու Արթուր Աթաբեկյանը հեղինակություն ունեցող դատավորներ էին:

«Մարդիկ տարիներ շարունակ աշխատել էին, իրենց աշխատանքի շնորհիվ հեղինակություն վաստակել, և ես իրականում չեմ պատկերացնում՝ հանուն ինչի է զոհվում սեփական հեղինակությունը: Այդ որոշումը շատ ավելի շատ իրենց էր վերաբերում, քան Դավիթ Հարությունյանին, որովհետև այդ որոշմամբ՝ դադարեցվում էր այդ դատավորների հեղինակությունը: Ես իսկապես չեմ հասկանում՝ ինչպե՞ս կարելի է սեփական ձեռքով զոհել սեփական աշխատանքով ստեղծած հեղինակությունը»,- ասաց Աննա Փիլոսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս