Ոսկեգործության բուն արտադրությունն է հայտնվել ճգնաժամի մեջ։ Նախորդ տարի ռուսական ոսկին բերում տանում էին, ճոխ-ճոխ ցուցանիշներ էին նկարում, դզում-փչում, ներկայացնում էին, թե ոսկեգործություն են զարգացնում։ Այս տարի ամեն ինչ ջրի երես է ելել։ Տարվա առաջին կեսին ընդամենը 11.9 մլրդ դրամի ոսկերչական ապրանքներ են արտադրել։ Նախորդ տարվանից գրեթե 3 անգամ քիչ։ Թե ինչպե՞ս 1-2 տարում կործանեցին արդյունաբերության այդ ճյուղը, ոչ մի պարզաբանում ու պատասխան տվող չկա։
Հայաստանի տնտեսության վրա մութ ամպեր են կուտակվել։ Խոր անկման մեջ է հատկապես արդյունաբերությունը։ Բազմաթիվ ոլորտներում արտադրության ծավալները կտրուկ նվազել են։ Գահավիժել են հատկապես ոսկու արտադրության հետ կապված ճյուղերը, որոնք մի պահ դարձել էին արդյունաբերության ու ընդհանրապես տնտեսության աճի հիմքը։