Ֆրանսիայի ԱԳՆ-ն հայտարարել է Թեհրանում դիվանագետների ձերբակալման «հետևանքների» մասին
Թեհրանում Իրանի հատուկ ծառայությունների կողմից Ֆրանսիայի դեսպանատան երկու աշխատակիցների ձերբակալման միջադեպը «չի մնա առանց հետևանքների»: Դրա մասին հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն:
Պաշտոնական հայտարարության մեջ Բարոն ընդգծել է, որ դիվանագիտական առաքելության երկու աշխատակիցները կիրակի երեկոյան դարձել են «վախեցման ծայրահեղ լուրջ գործողության» զոհ՝ տեղի ունեցածը որակելով որպես դիվանագիտական անձեռնմխելիության կոպիտ խախտում:
Ըստ նրա՝ դիվանագետներին մի քանի ժամ շարունակ պահել են «առանց որևէ հիմքի», հարցաքննել, իսկ դեպքերից մեկում կիրառել են ֆիզիկական բռնություն, ինչից հետո նրանք կարողացել են վերադառնալ դեսպանատուն:
Բարոն հայտնել է, որ ներկայում երկու աշխատակիցներն ապահով վիճակում են, և ինքն սպասում է մոտակա ժամերին նրանց վերադարձին Ֆրանսիա:
Նախարարը հավելել է, որ միջադեպն առանձնակի վրդովմունք է առաջացնում նաև այն պատճառով, որ այդ աշխատակիցները պատասխանատու էին քաղաքացիական հասարակության աջակցության ֆրանսիական ծրագրերի՝ մասնավորապես իրանցի արվեստագետների և գիտնականների օգնության համար:
Ժան-Նոել Բարոն նշել է, որ արդեն իսկ տեղեկացրել է Իրանի ԱԳՆ ղեկավարին այն մասին, որ «մեր անձնակազմի ֆիզիկական անձեռնմխելիության այս ծայրահեղ լուրջ և անընդունելի խախտումը չի մնա առանց հետևանքների»:
Իրանի պաշտոնական իշխանություններն առայժմ չեն մեկնաբանել միջադեպը:

