«Ես բոլորին կոչ եմ անում որևէ գործողություն չձեռնարկել՝ այս թեզը թեկուզ տեսականորեն կասկածի տակ դնելու համար». Նիկոլ Փաշինյան
«Հանրաքվեի ինստիտուտն ընդհանրապես պետք է շատ ուժեղացվի։ Այո, պետք է լինեն հարցեր, որոնք լուծվեն հանրաքվեով, որովհետև, ի վերջո, մեր հանրությունը թավշյա հեղափոխության ընթացքում տեսավ, որ ինքը կարող է որոշումներ կայացնել, և հիմա պետք է ոչ թե անընդհատ հեղափոխություն անի, այլ պետք է ստեղծենք ինստիտուտ, որ հանրությանը հնարավորություն կտա կարևորագույն հարցերի վերաբերյալ և այն հարցերի վերաբերյալ, որոնց կապակցությամբ ինքը գտնում է, որ պետք է իր տեսակետը հաշվի առնելով լուծվի, ինքը պետք է հնարավորություն ունենա։ Մենք հանրաքվեների ինստիտուտը պետք է լրջագույնս ուժեղացնենք»,- այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Թե ե՞րբ է սահմանադրական փոփոխությունները դրվելու հանրաքվեի, Ն.Փաշինյանը նշեց, որ այն, ինչ հանրահավաքի ժամանակ հնչեց Հանրապետության հրապարակում, պետք է ընդունել ի գիտություն.
«Բայց այնպես չի, որ որևէ խնդիր լուծելու միայն մի տարբերակ կա։ Կոնկրետ առաջարկվեց մի տարբերակ, մենք կունենանք հանդիպումներ, քննարկումներ։ Թեման հետևյալն է՝ պետք է հասկանանք, որ ժողովրդի հաղթանակը անշրջելի է։ Ես բոլորին կոչ եմ անում որևէ գործողություն չձեռնարկել՝ այս թեզը թեկուզ տեսականորեն կասկածի տակ դնելու համար, որովհետև պարզ է, որ ՀՀ-ում ժողովուրդը թույլ չի տա կոռուպցիայի վերադարձ, թույլ չի տա ապօրինությունների վերադարձ, թույլ չի տա ամենաթողության վերադարձ։
Ես որևէ մեկին խորհուրդ չեմ տալիս այս հարցը փորձել դարձնել օրակարգի հարց, որովհետև նախ՝ դա չի բխում ՀՀ ազգային ու պետական շահերից, և երկրորդ՝ մտածողության այս վեկտորն այսօր Հայաստանում չունի որևէ հեռանկար և երբեք այլևս չի ունենալու հեռանկար։ Եվ ես սա ասում եմ՝ որպես սիրո և համերաշխության հեղափոխության ներկայացուցիչ»։