Ինչպես խնամել դեմքի մաշկը բնական յուղերով. պայքարեք կնճիռների դեմ

Բնական յուղերը ժամանակին գեղեցկության և երիտասարդության միակ աղբյուրներն էին: Այն քսում էին մաշկին, մազերին ու եղունգներին: Ավելի ուշ յուղերին փոխարինելու եկավ քիմիական կոսմետիկան, դրանք անարդարացիորեն մոռացվեցին, այնինչ բնական յուղերն ի զորու են վերացնել մանր կնճիռները, մաշկին փայլ ու հանգիստ տեսք տալ: Յուղերով կարելի է անգամ դեմքը մաքրել:

Գերչակի յուղ

Ամենամատչելի և էֆեկտիվ յուղերից մեկը գերչակի յուղն է, որն ազատ վաճառվում է բոլոր դեղատներում: Այն 90%-ով  բաղկացած է ռինցինոլեինաթթվից, որը պայքարում է դիմախաղային կնճիռների դեմ և սնուցում է դեմքի չոր մաշկը: Պարբերական գործածությունից հետո արդյունքը նկատելի է արդեն մեկ ամսից: Գերչակի յուղին կարելի է խառնել այլ յուղեր ևս կամ քսել միայն այն: Խառնուրդը պետք է տաքացնել և մատներով քսել կնճիռներին: Այս գործողությունը պետք է անել ամեն օր, շուրջ մեկ ամիս:

Կարդացեք նաև

Ժոժոբայի յուղ

Ժոժոբայի յուղը փսորիազի հետքերը վերացնում է 4 օրում: Այս միջոցն արդյունավետ կերպով պայքարում է անգամ արդեն ձևավորված կնճիռների դեմ և հատկապես հարմար է հասուն տարիքում կամ դեմքի շատ չոր մաշկին: Բնական հակաօքսիդանտ համարվող E վիտամինի մեծ քանակության հաշվին ժոժոբայի յուղը մաշկի բջիջները պաշտպանում է ազատ ռադիկալների կործանարար ազդեցությունից, իսկ ամինաթթուները պատասխանատու են ձիգ մաշկի համար: Այս յուղը կարելի է օգտագործել ինչպես՝ որպես դիմակ, այնպես էլ՝ որպես սնուցող քսուք 1:4 հարաբերությամբ:

Կակաոյի յուղ

Կակաոյի յուղի բաղադրության մեջ մտնում են կակաո, ճարպաթթուներ, տանիններ, մեթիլքսատին և վիտամիններ: Այս բոլոր նյութերը պատասխանատու են բջիջների նորացման համար, պաշտպանում են շրջակա միջավայրի քայքայիչ ներգործությունից, խոչընդոտում են մաշկի չորանալուն և կնճիռների ի հայտ գալուն: Կակաոյի յուղը կարելի է քսել սնուցող քսուքի փոխարեն: Դրա համար կակաոյի յուղի մի փոքր կտոր դրեք դեմքին, և, երբ այն սկսի հալչել, քսեք դեմքին: Քնելուց առաջ սա կատարյալ տարբերակ է:

Խաղողի կորիզի յուղ

Խաղողի կորիզի մեջ խտացված են նրա բոլոր օգտակար հատկությունները: Օժտված լինելով հզոր հակաօքսիդանտային հատկություններով՝ յուղը հիանալի կերպով սնուցում է դեմքի մաշկը, ունի լիֆթինգի էֆեկտ, մաքրում է մաշկի խութերը, դիմադրում կնճիռների գոյացմանը: Խաղողի կորիզի յուղի գլխավոր առավելությունն այն է, որ այն հարմար է անգամ ճարպոտ մաշկի համար: Չոր և շատ չոր մաշկի համար այս յուղին ավելացնում են այլ, ավելի ճարպոտ յուղեր:

Կոկոսի յուղ

Կոկոսի յուղը սնուցում է մաշկը, ապահովում հուսալի պաշտպանություն ուլտրամանուշակագույն ճառագայթներից, լավացնում է նյութափոխանակման պրոցեսները: Քսելուց հետո դեմքի վրա գոյանում է անտեսանելի թաղանթ, որն էլ հենց ապահովում է խոնավության օպտիմալ մակարդակ՝ դրանով իսկ խոչընդոտելով մաշկի չորացմանն ու կնճիռների գոյացմանը: Դեմքի խնամքի համար հարմար է միայն ռաֆինացված յուղը, որը պետք է հալեցնել և քսել քնելուց առաջ: Կոկոսի յուղի առավելությունն այն է, որ այն շատ թեթև է և հարմար է անգամ կոպերի հատվածի համար:

Կտավատի յուղ

Հասուն մաշկի համար կտավատի սերմերի յուղն իսկական գտածո է: Չէ՞ որ իր կենսաբանական արժեքով այն զբաղեցնում է առաջատար դիրք: Անընդհատ օգտագործելու դեպքում կարելի հարթեցնել ոչ մեծ կնճիռները և ձգել մաշկը: Այն պետք է քսել դեմքին՝ բացառելով աչքերի հատվածը, քանի որ կարող է առաջացնել այտուցներ, ապա 10 րոպե անց լվանալ: Կտավատի յուղը հարմար է ինչպես՝ արտաքին, այնպես էլ՝ ներքին գործածության համար: Ամեն առավոտ մեկ ճաշի գդալ օգտագործելով քաղցած փորին՝ որոշ ժամանակ անց ինքներդ կտեսնեք արդյունքը: Մաշկի ծերացումը և կնճիռների առաջացումը կանխելու համար պետք է ուշադրություն դարձնել պարանոցի և ուսերի մաշկին: Հենց այս գոտիներն են առաջինը, այսպես ասած, կախվում, դառնում թորշոմած և մատնում իրական տարիքը:

Ձիթապտղի յուղ

Ձիթենու պտուղներից քամված յուղը պարունակում է զանազան ճարպաթթուներ: Չնայած դրան՝ այն կատարյալ հարմար է աչքերի հատվածի խնամքի համար: Ավելի լավ է օգտագործել բարձր տեսակի չռաֆինացված յուղեր, որոնց մեջ պահպանվում են բոլոր օգտակար հատկությունները: Ամեն օր աչքերի հատվածին ձիթայուղ քսեք ու թողեք 10 րոպե: Կարելի է նաև մերսել այդ հատվածը:

Դեղձի յուղ

Աչքերի հատվածի մաշկի խնամքի համար հաճախ օգտագործում են դեղձի կորիզի յուղ: Այն հարուստ է ճարպաթթուներով, վիտամիններով և հանքանյութերով: Նրա հիմքով թրջոցներն ու դիմակները կօգնեն մաշկն ավելի ձիգ դարձնել և հարթեցնել դիմախաղային մկանները: Այս յուղը պետք է քսել քնելուց առաջ, աչքերի տակ: Դեղձի կորիզի յուղը կարելի քսել նաև ունքերին և թարթիչներին՝ դրանով իսկ խթանելով նրանց աճն և կանխելով թափվելը:

Նշի յուղ

Նշի յուղը կօգնի խոնավեցնել մաշկը, նվազեցնել աչքերի տակի մուգ շրջանակների քանակը, հարթեցնել դիմախաղային կնճիռները: Նրա բաղադրության մեջ մտնող ակտիվ բաղադրիչներն այն դարձնում են թառամող մաշկի համար անփոխարինելի միջոց: Ամեն երեկո նշի յուղը պետք է քսել կնճիռներին: Կես ժամ անց մնացորդները հեռացնել բամբակով:

Չիչխանի յուղ

Հիմնականում հարմար է տարիքային և շատ չոր մաշկի համար: Այն կարող է վերացնել ոչ միայն մանր կնճիռները, այլև նկատելիորեն հարթեցնել խորերը: Դեմքի մաշկի խնամքի համար հարմար են միայն սառը զտման տեսակները: Մաքուր, անխառն վիճակում չիչխանի յուղը չեն օգտագործում: Նրա մեջ կարելի է ավելացնել E վիտամինի մեկ պատիճ կամ մեկ ուրիշ յուղ:

Նյութը հրապարակման պատրաստեց Սոֆա Պետրոսյանը

Տեսանյութեր

Լրահոս