Փոքր բիզնեսի մեծացող դժգոհությունը

2018 թվականի առաջին կիսամյակի՝ ներքին առևտրաշրջանառության պաշտոնական տվյալները մի հետաքրքիր կողմ ունեն։

Ընդհանուր առևտրաշրջանառության ծավալն այս տարվա առաջին կիսամյակում՝ 2017 թվականի առաջին կիսամյակի համեմատ, աճել է 9.1%-ով և կազմել 1 տրլն 257.7 մլրդ դրամ։ Սակայն այս աճը հավասարաչափ չի բաշխված առևտրով զբաղվող սուբյեկտների միջև։ Մեծածախ առևտուրն առաջին կիսամյակում աճել է 17.8%-ով և կազմել 594 մլրդ դրամ։

Ավտոմեքենաների առևտուրը (որը ներառում է՝ ինչպես մասնագիտացված առևտրի կետերի միջոցով իրականացված ավտոմեքենաների, դրանց մասերի և պարագաների վաճառքը, այնպես էլ՝ դրանց տեխնիկական սպասարկումը և նորոգումը) աճել է ավելի տպավորիչ՝ 26.4%-ով։ Սակայն ավտոմեքենաների առևտրի կշիռն ընդհանուր առևտրի մեջ շատ չէ՝ ընդամենը 4.5%։

Իսկ ահա մանրածախ առևտուրը գրեթե չի աճել (ընդամենը 0.5% աճ), ծավալը հունվար-հունիսին՝ 607.1 մլրդ դրամ։

Մեծածախ և մանրածախ առևտրի հավելաճի տեմպերի տարբերությունն ավելի ակնհայտ է, երբ դիտարկում ենք միայն հունիս ամսվա տվյալները։ Մեծածախ առևտրի ծավալները 2018 թվականի հունիսին՝ 2017-ի հունիսի համեմատ, աճել են 7.6%-ով, իսկ մանրածախ առևտրի ծավալները՝ նվազել 3.4%-ով։

Ինչո՞վ կարելի է բացատրել, որ մեծածախ առևտուրը պաշտոնական տվյալներով աճել է, մանրածախը՝ նվազել։ Այս տվյալները համադրելով վերջին շրջանում կառավարության քայլերի, ստվերի դեմ պայքարի և հնչող հայտարարությունների հետ՝ կարելի է ենթադրել, որ Պետական եկամուտների կոմիտեն խոշոր տնտեսվարողների հետ սկսել է «կոշտ» աշխատել` փորձելով նրանց ամբողջությամբ հանել ստվերային դաշտից, իսկ փոքր ու միջին առևտրականների դեպքում՝ հակառակը՝ վարչարարությունը թուլացրել են։

Հիշեցնենք, որ հուլիսի 19-ի կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշել էր, որ ՓՄՁ-ներին, այդ թվում՝ փոքր կրպակներին, մեծ տուգանքներ նշանակելու հրահանգ չկա:

«Կա հակառակ հրահանգը, որ փոքր ու միջին կազմակերպություններին և ձեռներեցներին հարկային վարչարարությամբ չի կարելի ավելորդ ծանրաբեռնել: Եթե այս կամ այն աշխատակիցը սխալ է հասկանում իրեն տրված հանձնարարությունը և այնուամենայնիվ այդպիսի գործողություններ է իրականացնում, մենք այդ ծառայողներից կազատվենք, դաշտը կմաքրենք, նորերին կբերենք»,- ասել էր նա։

Դրանից որոշ ժամանակ անց էլ ՊԵԿ-ը կրկին հայտարարություն տարածեց, որ, եթե հարկ վճարողների մոտ առկա են այնպիսի փաստեր կամ տեղեկատվություն, որոնք հավաստում են այն մասին, որ Պետական եկամուտների կոմիտեի կամ վերջինիս առանձին աշխատակիցների գործողությունները միտված են փոքր ու միջին հարկ վճարողների գործունեությանն անհիմն միջամտելուն, կամ առկա են նաև նախկինում նման դեպքերի վերաբերյալ փաստեր կամ տեղեկատվություն, ապա Պետական եկամուտների կոմիտեն առաջարկում է այդ մասին տեղեկացնել ՊԵԿ համապատասխան մարմիններին։

Ստացվում է՝ և՛ ՊԵԿ-ն է հայտարարում, որ ՓՄՁ ոլորտի հետ մեղմ է վարվում, և՛ պաշտոնական վիճակագրությունն է անուղղակիորեն այդ մասին փաստում։ Իսկ այդ դեպքում ինչո՞ւ են դժգոհում փոքր առևտրով զբաղվողները։

Ընթերցողներից շատերը երևի արդեն տեղեկացել են, որ Արտաշատում օգոստոսի 13-ին վաղ առավոտից բողոքի ակցիա էր: Մարզի մանր ու միջին մի քանի տասնյակ ձեռնարկատեր փակել են իրենց խանութներն ու հավաքվել քաղաքի ՊԵԿ եկամուտների մասնաճյուղի դիմաց՝ պահանջելով դադարեցնել, իրենց ձևակերպմամբ՝ հարկային տեռորը:

Տնտեսվարողները դժգոհություն էին հայտնում հատկապես հարկային գանձումների բաժնի պետ Ռաշիդ Մախմուդյանից՝ պահանջելով, որ նրան համակարգից ընդհանրապես հեռացնեն։

Տնտեսվարողները բողոքում էին ոչ այնքան հարկային օրենսդրությունից և վարչարարությունից, այլ հարկային մարմինների գործելաոճից, որոնք նպատակաուղղված կերպով փորձում են ամեն գնով խախտումներ հայտնաբերել և տուգանել իրենց՝ գնալով անգամ ապօրինի քայլերի։

Ակցիայի մեկնարկից որոշ ժամանակ անց ցուցարարներին էր մոտեցել ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը և լսելով հավաքվածների բողոքները՝ հայտարարել, որ ծառայողական քննություն կնշանակվի, և եթե պարզվի, որ հարկայինի աշխատողներն ապօրինություններ են արել, նրանք պատասխանատվության կենթարկվեն։

Նա տնտեսվարողներին կոչ էր արեց հանգիստ անցնել իրենց աշխատանքին՝ խոստանալով, որ տեղի հարկային կառույցին կհանձնարարի մինչև ծառայողական քննության ավարտը որոշ չափով մեղմացնել վարչարարությունը։ Ավելին, Դավիթ Անանյանը ներկաներին փոխանցել էր նաև իր անձնական բջջային հեռախոսահամարը՝ ասելով, որ դժգոհությունների կամ հարկային մարմինների կողմից ապօրինություններ նկատելու դեպքում տնտեսվարողները կարող են զանգահարել իրեն։

Թվում է՝ սա մասնավոր դեպք է և կապված է կոնկրետ անձի հետ։ Սակայն իրականությունն այն է, որ տարբեր մարզերում փոքր տնտեսվարողները դժգոհում են հարկային մարմինների գործելաոճից։

Ի՞նչ է իրականում կատարվում։ Գաղտնիք չէ, որ շրջանառության հարկի ռեժիմում աշխատող փոքր տնտեսվարողները շարունակում են թաքցնել իրական շրջանառությունը՝ ՀԴՄ կտրոններ չեն տրամադրում։ Դրանում համոզվելու համար բավական է աչքի անցկացնել պաշտոնական վիճակագրությունը։

Տեսեք, 2018 թվականի առաջին կիսամյակում պետբյուջե է վճարվել ընդամենը 9.3 մլրդ դրամի շրջանառության հարկ (ընդհանուր հարկային մուտքերի 1.6%-ը)։ Ինչո՞ւ ենք ասում՝ «ընդամենը»։ Որովհետև Հայաստանում շրջհարկով աշխատում են մոտ 62 հազար տնտեսվարող սուբյեկտներ, ու ըստ այդմ ստացվում է, որ 1 տնտեսվարողն ամսական վճարում է մոտ 25 հազար դրամի շրջանառության հարկ։ Սա էլ իր հերթին՝ նշանակում է, որ նրանց ամսական շրջանառությունն ընդամենը 125 հազար դրամ է, կամ օրական՝ 4000 դրամ։ Հասկանալի է, որ օրական ընդամենը 4 հազար դրամ առևտուր անող սուբյեկտը շուկայում մի քանի օր էլ չի դիմանա։

Վա՞տ է, որ շրջանառության հարկ վճարողները թաքցնում են շրջանառության մեծ մասն ու խուսափում հարկերից։ Միանշանակ՝ այո։ Սակայն հարկային մարմինները տարիներ շարունակ իմացել են այս մասին և աչք փակել։ Ավելին, չի բացառվում, որ տնտեսվարողները որպես կաշառք՝ հարկայինի աշխատակիցներին վճարել են բյուջե վճարվող հարկերի չափ գումար։ Կարճ ասած, գործել է լուռ համաձայնություն, որտեղ «և գայլերն են կուշտ եղել, և ոչխարները՝ ողջ»։

Հարկային տեսուչներն այժմ նույնպես աչք են փակում փոքր տնտեսվարողների կողմից հարկերը թաքցնելու պրակտիկայի վրա, որովհետև տարիներ շարունակ խաղի այդ կանոններով աշխատած և իրենց բիզնեսն ըստ այդմ պլանավորած տնտեսվարողները պատրաստ չեն լինելու միանգամից նոր խաղի կանոններով խաղալ։ Սակայն, ի տարբերություն նախկինի՝ այժմ կաշառք չկա. հարկային տեսուչն այսօր աչք է փակում՝ առանց կաշառքի։ Բայց այնպես էլ չի, որ տնտեսվարողների համար հարկային դրախտ է։ Հարկային տեսուչներն անգիր գիտեն, թե իրենց տարածքում որ խանութն իրականում որքան շրջանառություն ունի և ինչ ծավալի ՀԴՄ չի տրամադրում։ Այս տեղեկացվածությունը նրանք այժմ օգտագործում են որպես «զենք». երբ չեն կարողանում ապահովել հարկերի հավաքագրման պլանը, գործի է դրվում ՀԴՄ-ի համար ակտ գրելու մեխանիզմը։ Հարկային տեսուչն այլևս ոչ մի շահագրգռվածություն չունի ներողամիտ գտնվելու տնտեսվարողի նկատմամբ։

Այո, կա «քաղաքական որոշում»՝ փոքրերին չնեղել, սակայն հարկային տեսուչների մի մասն անհրաժեշտության դեպքում անտեսում է այդ որոշումը։ Ավելին ասենք, շատ դեպքերում ՀԴՄ չտրամադրելու ակտը գրվում է հարկային տեսուչի և տնտեսվարողի նախնական համաձայնությամբ։ Ասենք, տնտեսվարողը մի 300 հազար դրամի գերավճար ունի, և փոխադարձ համաձայնությամբ կազմվում է խախտման արձանագրություն, տուգանքն էլ «մաշեցվում է» գերավճարից։

Հասկանալի է, որ քանի դեռ ՓՄՁ ոլորտի ստվերի հարցը վերջնականապես չի լուծվել, այսօրինակ խնդիրներն ու դժգոհությունները վերջ չեն ունենալու։

Փոքր և հատկապես գերփոքր բիզնեսին միանգամից սպիտակ դաշտ բերելը բարդ ու անշնորհակալ գործ է։ Բանն այն է, որ այս ոլորտը լուծում է ոչ թե հարկային եկամուտների, այլ սոցիալական խնդիր։ Արդեն նշեցինք, որ շրջանառության հարկ վճարողները միասին տարվա կտրվածքով վճարում են ընդամենը 18 մլրդ դրամի շրջհարկ՝ ապահովելով հարկային եկամուտների չնչին մասը։ Սակայն մյուս կողմից՝ խոսքը 62 հազար ընտանիքների մասին է։ Այո, չի բացառվում, որ այդ 62 հազարի մեջ լինեն նաև բավականին մեծ շրջանառություն կամ բավականին մեծ շահութաբերությամբ աշխատող տնտեսվարողներ։ Սակայն, ամեն դեպքում, անգամ 20 կամ 30 հազար ընտանիքին հարկային վարչարարության ճնշման տակ դնելը կարող է լուրջ բողոք առաջացնել, որն այս՝ փաստացի նախընտրական փուլում, իշխանություններին ամենևին ձեռնտու չէ։

Իսկ ո՞րն է լուծումը։ Առաջին փուլում պետք է ընդունել, որ փոքր և գերփոքր տնտեսվարողներին պետք է հանգիստ թողնել։ 18 մլրդ դրամն այն գումարը չի, որ հարկային մարմինը դրա վրա ռեսուրսներ ծախսի։

Սակայն երկրորդ փուլում պետք է սահմանել այնպիսի խաղի կանոններ, որոնք տնտեսվարողներին խնդիրների կամ սնանկացման չեն տանի։ Այսինքն՝ Հարկային օրենսգրքի փոփոխությունները պետք է այս առումով առավելագույն ընդունելի և ողջամիտ լինեն։

Մյուս կողմից, Հարկային օրենսգրքի փոփոխությունների վրա աշխատելուն զուգահեռ՝ կառավարությունը պետք է աշխատի նաև փոքր տնտեսվարողների հետ։ Պետք է մարդկանց նախապատրաստել և բացատրել, որ այսինչ պահից սկսած՝ պետությունը ձեզ համար սահմանելու է խաղի ավելի լավ կանոններ, սակայն պայմանով՝ որ այդ կանոնները չեն խախտվելու։ Այսինքն, պետք է ձևավորել իրոք այնպիսի մթնոլորտ, որ և՛ բիզնեսն է վստահում պետությանը, և՛ պետությունը բիզնեսին։ Դա հեշտ չի, սակայն շատ բարդ էլ չի։

Տեսանյութեր

Լրահոս