«Մոտ ապագայում Վրաստանը չի միանա ՆԱՏՕ-ին»․ Լիտվայի ԱԳ նախարար

Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկյավիչուսը «Ժինյու ռադիյաս» ռադիոկայանին տված հարցազրույցում հայտարարել է, որ մոտ ապագայում Վրաստանը չի կարող անդամակցել ՆԱՏՕ-ին: Նրա խոսքով՝ այդ հեռանկարը բավական մշուշոտ է, և «մոտ ապագայում որոշում չի լինի»:

Միաժամանակ, նա ընդգծել է, որ ՆԱՏՕ-ի դուռը բաց է Վրաստանի առաջ:

«Դրա ժամանակը կգա, եթե Սաքարթվելոն (Վրաստանը) չհրաժարվի ընտրած ճանապարհից»,- ասել է նա՝ հավելելով, որ Վրաստանը պետք է շարունակի անհրաժեշտ բարեփոխումները:

«Երբ գա ժամանակը, և ՆԱՏՕ-ի անդամները պատրաստ լինեն կոնսենսուսով ընդունել այդ կարևոր քաղաքական որոշումը, երկիրը դրան պետք է պատրաստ լինի, այլապես պետք է մեղադրես միայն ինքդ քեզ»,- ասել է Լինկյավիչուսը:

ՏԱՍՍ լրատվական գործակալությունը նշում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հուլիսի 12-ին, ժամկետներ չհայտնելով, վերահաստատել է, որ դաշինքը մտադիր է անդամություն տրամադրել Վրաստանին:

2008 թվականին Բուխարեստում գումարված ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում անդամ երկրների ղեկավարները խոստացել են, որ Վրաստանը և Ուկրաինան ժամանակի ընթացքում կմիանան Հյուսիսատլանտյան դաշինքին:

Տեսանյութեր

Լրահոս