Ուրուգվայ-Պորտուգալիա. Խաղից առաջ
Աշխարհի 2018 թվականի առաջնության քառորդ եզրափակչի երկրորդ մասնակիցը կորոշվի Ուրուգվայ-Պարտուգալիա խաղի ավարտին: Լատինաամերիկացիները շատ լավ տեսք ունեն պաշտպանությունում, իսկ Եվրոպայի չեմպիոնների հարձակման գծի մասին խոսելն ավելորդ է:
Ուրուգվայ
Ինչպես փարձագետները կանխատեսում էին մինչև Աշխարհի առաջնության մեկնարկը՝ Ուրուգվայի հավաքականը մեծ վստահությամբ դուրս եկավ A խմբից՝ առաջին տեղով: Եգիպտոսի և Սաուդյան Արաբիայի հավաքականներին 1:0 հաշվով հաղթելուց հետո, Օսկար Տաբարեսի սաները 3:0 հաշվով ջախջախեցին առաջնությունն ընդունող Ռուսաստանի հավաքականին: Ուրուգվայը դարձավ առաջին հավաքականը, որ վերջին 20 տարիներին դուրս է եկել խմբից՝ առանց բաց թողած գոլի:
Ուրուգվայը բավականին վստահ տեսք ունի վերջին խաղերում, բայց ասել, որ Օսկար Տաբարեսի թիմը խաղացել է Պորտուգալիայի մակարդակի թիմերի հետ, չի կարելի:
Ուրուգվայցիները չեն պարտվել վերջին 6 խաղերում՝ սեփական դարպասը չընդունելով ոչ մի գնդակ:
Պորտուգալիա
Պորտուգալիայի հավաքականի համար խմբից դուրս գալն այնքան էլ հեշտ չստացվեց: Պորտուգալիան վստահ էր խաղում, առաջին խաղում կարողացավ 3:3 հաշվով ոչ-ոքի խաղալ իսպանացիների հետ, սակայն Իրանի և Մարոկկոյի հետ խաղերն այնքան էլ տպավորիչ չէին: Կրիշտիանու Ռոնալդուն փայլում էր, սակայն ընդհանուր հավաքականի խաղը հրաշալի էր ստացվում միայն դրվագներում:
Պորտուգալիայի հավաքականը ևս վատ հանդես չի գալիս պաշտպանությունում, սակայն այս տարի պորտուգալացիները համեմատաբար շատ են գնդակ բաց թողնում:
Պորտուգալիայի առավելություններից պետք է, իհարկե, նշենք Ռոնալդուին, Սանտուշին և նրա պրագմատիզմը, շատ փորձառու կազմը, «Մանչեսթեր Սիթիի» մակարդակի թարմ և երիտասարդ ֆուտբոլիստների, դարպասապահ Պատրիսիուին:
Վիճակագրություն և անձնական հանդիպումներ
- Ուրուգվայը գնդակ բաց չի թողնում արդեն 6 խաղ անընդմեջ
- Պորտուգալիան գոլ է բաց թողել վերջին 5 խաղերից միայն երկուսում
- Պորտուգալիայի հավաքականը ևս չի պարտվում վերջին 6 խաղերում՝ 2 հաղթանակ և 4 ոչ-ոքի
- Վերջին երկու տարիներին Պարտուգալիայի հավաքականը 3 անգամ խաղացել է Լատինական Ամերիկան ներկայացնող թիմերի հետ: Բոլոր խաղերն ավարտվել են ոչ-ոքի արդյունքով:
Ուրուգվայն ընդհանուր առմամբ շատ լավ է խաղում դաշտի կենտրոնում, սակայն նաև հնարավորություն է տալիս մրցակիցներին հակագրոհներ կազմակերպել: Սա հրաշալի հնարավորություն կլինի պորտուգալացիների համար: Սակայն Պորտուգալիան այնքան էլ արագ ֆուտբոլի սիրահար չէ: Պետք է հիշել Ֆերնանդու Սանտուշի թիմի ձանձրալի ֆուտբոլը Եվրո-2016-ի ընթացքում: Ձանձրալի, բայց հաղթական:
Երկու թիմերի առանձնահատկություններից մեկն այն է, որ ուժեղ թիմերի դեմ նրանք խաղում են երկրորդ համարով:
Հիշեցնենք, որ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 21:50-ին:
Սիրարփի Աղաբաբյան