«Վոլոդինի նման փորձառու քաղաքական գործիչը դժվար թե այդպիսի բան հայտարարեր». Դավիթ Բաբայան

Հարցազրույց Արցախի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանի հետ

– Պարոն Բաբայան, ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում հայտարարել է, թե Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցում մշտապես ունեցել է ճիշտ և կառուցողական դիրքորոշում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք սա։

–  Այս տեղեկությունը, իրոք, տարածում են ադրբեջանական լրատվամիջոցները, և ինչպես միշտ, իհարկե, շատ մեծ վերապահումով պետք է մոտենալ նման տեղեկատվությանը, հատկապես, որ դա տարածվում է ադրբեջանական լրատվամիջոցների կողմից, որովհետև դրանք կա՛մ ստում են, կա՛մ կոնտեքստից հանում են, ինչ-որ բաներ են ասում։ Ադրբեջանը չի կարող ունենալ կառուցողական դիրքորոշում, և Վոլոդինի նման փորձառու քաղաքական գործիչը դժվար թե այդպիսի բան հայտարարեր, հատկապես այն բոլոր հայտարարություններից հետո, որ վերջերս հնչել են Ալիևի և մնացած պաշտոնյաների կողմից Արցախի վերաբերյալ՝ ռազմատենչ, ահաբեկչական հայտարարություններ։

Չի բացառվում, որ ռուս քաղաքական գործիչն այդպես չի ասել, կամ կոնտեքստից հանել, ինչ-որ այլ կերպ են ներկայացրել, և ինքն էլ է, ըստ երևույթին, հերքելու այդ ամենը։ Բայց կա մեկ տրամաբանություն՝ Ալիևը վերջերս հայտարարել է, որ պատրաստ են, հաղթելու են, ոչնչացնելու են Արցախը, ինչ-որ դրոշներով հանդես են գալու։ Մեր մեսիջը շատ հստակ է միջազգային հանրությանն ու Ադրբեջանին՝ նախ և առաջ, կարծում եմ, որ միջազգային հանրությունը շատ կոշտ պետք է վերաբերվի նման հայտարարություններին: Սա ոչ այլ ինչ է, քան պետական ամենաբարձր մակարդակով ֆաշիզմի և ահաբեկչության քարոզ և նման գործելաոճ: Եվ երկրորդ՝ նույն Իլհամ Ալիևին ասում ենք՝ մենք միշտ էլ պատրաստ ենք մեր երկիրը պաշտպանելու, մեր արժանապատվությունը պաշտպանելու, և եթե նա դիմի արկածախնդրության, իրոք, Արցախի Հանրապետության դրոշները ծածանվելու են Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվի բոլոր շենքերի վրա, որովհետև Ադրբեջանը պետք է կապիտուլյացիայի ենթարկվի, և եթե Ալիևը ողջ լինի, այդ շքերթին մասնակցելու է գերու կարգավիճակով, ինչպես դա եղել է բազմաթիվ ֆաշիստների հետ տարբեր երկրներում։ Սա թող ինքը լավ իմանա։

– Վոլոդինի կողմից հերքում դեռևս չի եղել, թեև նախկինում ռուս բարձրաստիճան պաշտոնյաները նման տեսակետներ կարծես չեն հայտնել։

– Գիտեք, բազմաթիվ են Ռուսաստանի նախագահի, արտգործնախարարի, Ֆրանսիայի ու ԱՄՆ-ի ղեկավարության կողմից հայտարարությունները և կոչերը խաղաղ կարգավորման մասին, անթույլատրելի են համարում լուծման ուժային տարբերակները։ Սա, կարծում եմ, լավագույն բացատրությունն է։ Չեմ կարծում, որ մենք այստեղ ինչ-որ շահարկումներ պետք է փնտրենք, որևէ ողջամիտ մարդ չի կարող Ալիևի նման հայտարարությունները գնահատել՝ որպես կառուցողական։ Համոզված եմ, որ հատկապես մենք՝ հայկական լրատվամիջոցները և քաղաքական վերլուծական շրջանակները, չպետք է լուրջ վերաբերվենք ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկություններին, որոնց 99.9 տոկոսը սուտ է, մնացածը՝ կասկածելի։

– Հնարավո՞ր է՝ նման հայտարարությունը կապված լինի Հայաստանի նոր ղեկավարության հետ։

– Չեմ կարծում։ Կրկնում եմ՝ ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկությունը չի կարող հիմք լինել։ Ադրբեջանի և Թուրքիայի կարևորագույն թիրախներից և նպատակներից մեկը հայ-ռուսական ռազմավարական դաշինքը խարխլելն է։

– ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատասխանելով քաղաքացիների հարցերին՝ հայտարարեց, որ կրակոցները սահմանին պակասել են, ընդհուպ՝ 2000-ականների մակարդակի, թեև առաջնագծում ադրբեջանական զորքերի կուտակումներ և շարժ կա։ Մինչդեռ պաշտպանության բանակի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ կարծես հակառակ պատկերն է դիտարկվել։

– Իսկ սահմանի ո՞ր հատվածին են պակասել։ Դա պետք է ճշտել։ Խնդիրն այն է, որ հակառակորդը շարունակում է իր ապակառուցողական քայլերը։ Միգուցե որոշ հատվածներում պակասում է, միգուցե ընդհանուր առմամբ կրակոցները մի քանի օրվա ընթացքում պակասել են, բայց այն, որ հակառակորդը սահմանների մոտակայքում իրականացնում է լայնամասշտաբ զորավարժություններ, որ պետության խորքից սահմանամերձ հատվածներ տեղափոխել են ստորաբաժանումներ և առ այսօր դրանք դուրս չեն բերել, սա փաստ է։

– Վերջին օրերին այդ միտումները նո՞ւյնպես շարունակվում են։

– Այո, դժբախտաբար շարունակվում են, դրան հավելած՝ նաև Ադրբեջանի ղեկավարության՝ Ալիևի, Հասանովի ռազմատենչ հայտարարությունները՝ ահաբեկչական կոչերի հետ միասին։

Տեսանյութեր

Լրահոս