#CultTalk. «Ես խառնվածքով բոհեմական մարդ եմ». Նարեկ Դուրյանը՝ սեփական թատրոնի, նոր ներկայացումների մասին
Դերասան, ռեժիսոր Նարեկ Դուրյանի ղեկավարած և հիմնադրած «Բոհեմ» թատրոնը վերջին շրջանում թատերասերների սիրելի վայրերից է դարձել: Դուրյանը փաստում է՝ մշտապես երազել է սեփական թատրոնն ունենալու մասին: Սա նաև այն հարթակն է, որտեղ արտիստը պատրաստում է նոր սերնդի դերասանների, բեմադրիչների, ռեժիսորների, սցենարիստների ու ոլորտի այլ մասնագետների: Գործընթացը սկսված է, երիտասարդ սերունդն էլ՝ ներգրավված:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Նարեկ Դուրյանը պատմում է «Բոհեմ» թատրոնի ստեղծման, նոր սերնդի հետ աշխատանքի, իր 60-ամյակին նվիրվելիք ներկայացման և մշակույթի ասպարեզում քայլեր կատարող իր երեխաների մասին:
«Բոհեմ»-ի ստեղծումը
Gepostet von Armenpress am Dienstag, 19. Juni 2018
Ինչ մեղքս թաքցնեմ. ամբողջ կյանքում երազել եմ իմ թատրոնն ունենալ: Վերջին 5-6 տարին անընդհատ մտածում էի, թե ինչպես կարող եմ անել դա: Դերասան մարդ ենք, հնարավորություն չունենք, որ շենք գնենք: Ընդ որում՝ միշտ ցանկացել եմ ունենալ թատրոն, որը պետական չլինի: Պետական թատրոններում ամեն ինչ այլ է…
Շատ ուրախ եմ, որ այդ գաղափարն ունեցա: Ուզում էի, որ թատրոնը լիներ քաղաքի կենտրոնում: Երբ տեսա այս դահլիճը (գրողների միության -հեղ. ), որտեղ, ի դեպ, ես դեռ ուսանող ժամանակ առաջին անգամ բեմ եմ բարձրացել, որոշեցի վարձով վերցնել այն, աշխատել: Գրողների միության հետ խոսեցինք, համաձայնության եկանք: Իհարկե, մասնավոր թատրոնն իր խնդիրները, դժվարություններն ունի, ոչ մի աջակցություն կառավարությունից չես ստանում, բայց դա ինձ չի նեղում: Վերանորոգեցինք ինչպես կարողացանք, շատ կուզեինք ուրիշ բաներ էլ անել, բայց ֆինանսներս չհերիքեցին: Չարածն էլ կանենք, 10 տարով ենք վարձակալել: Կարևորը, որ հանդիսատեսը գա: Իսկ հանդիսատեսն, իսկապես, սիրում է այս թատրոնը:
Երբ շատ երիտասարդ էի, նոր էի մեկնել Ֆրանսիա, միություն բացեցի՝ «Բոհեմ» թատրոնի միություն: Թատրոն չունեի, բայց ունեի թատերախումբ, և այն անվանեցի «Բոհեմ»:
Ես, այնուամենայնիվ, խառնվածքով բոհեմական մարդ եմ, ինչքան էլ 60 տարիս թույլ է տալիս ինձ այդպիսին լինել:
Սեփական բեմն ունենալու առավելությունները
Նախկինում Տիկնիկային թատրոնում էի ներկայացումներ խաղում: Ես ու Ռուբեն Բաբայանը հրաշալի ընկերներ ենք, նա հրաշալի մարդ է, բայց պետք է ասեմ, որ Տիկնիկային թատրոնը պետական է, ունի իր պլանները, իր ներկայացումները, իր փորձերի ժամերը: Ինչքան էլ լավ հարաբերություններ ունենանք պարոն Բաբայանի հետ, միայն Նարեկ Դուրյանին չի կարող հատկացնել ամբողջ ժամանակը: Ուրիշներն էլ են ցանկանում վարձել տարածքը, փորձել, խաղալ: Սեղմված ես քո հնարավորություններում, այնինչ այստեղ «Բոհեմ» թատրոնն առավոտից երեկո իմն է: Վերջերս մեր ընկերներն էլ ներկայացում խաղացին այստեղ: Ես ուզում եմ, որ իմ թատրոնում միայն իմ ներկայացումները չլինեն: Ցանկանում եմ, որ լավ այլ ներկայացումներ էլ ցուցադրվեն:
Երբ գալիս են, ներկայացում խաղալու ցանկություն են հայտնում, ասում եմ՝ պիեսը պետք է կարդամ կամ գոնե ներկայացումը պետք է տեսնեմ: Եթե ես չընկալեցի, չեմ թույլատրում, որ ցուցադրվի:
Ամենավերջին ներկայացումը՝ «Օրագիր»-ը
Gepostet von Armenpress am Dienstag, 19. Juni 2018
«Օրագիր»-ն ինձ համար շատ հարազատ ներկայացում է: Այն ներկայացումներից է, որ իսկապես անում ես հոգուդ հանգստության համար: Սումգայիթ, ղարաբաղյան շարժում. այն ընդգրկում է մի ամբողջ դարաշրջան: Գաղափարն ունեցա, երբ հերոսուհին ինձ 15 տարի առաջ բերեց իր օրագիրը, որ գրվել է Սումգայիթի և Բաքվի ջարդերի ժամանակ: Բայց ես չէի ուզում, որ ներկայացումը միայն Սումգայիթի մասին լիներ, չէի ուզում, որ միայն պատերազմի, երկրաշարժի մասին լիներ: Ուզում էի, որ ներկայացումը լիներ մեր հերոսական 30 տարվա մասին:
Դժվար է այսպիսի ներկայացման մարդկանց բերելը, որովհետև կյանքը դժվարացել է, մարդիկ դժվար են գնում այնպիսի ներկայացում դիտելու, որի ընթացքում չպետք է ծիծաղեն:
Նոր սերունդն ու թատրոնը
#CultTalk. Ես խառնվածքով բոհեմյան մարդ եմ. Նարեկ Դուրյանը՝ սեփական թատրոնի, նոր ներկայացումների մասին
Gepostet von Armenpress am Dienstag, 19. Juni 2018
Ես հինգ տարի առաջ որոշեցի թատերական ինստիտուտում դասավանդել: Ամբողջ նպատակս այն էր, որ պատրաստեմ երիտասարդների, ովքեր իմ ճանապարհը կբռնեն: 5-6 հոգի այդ կուրսից մնացին ինձ հետ, խաղում են մեր բոլոր ներկայացումներում: Իմ երազանքն է, որ նրանք ներկայացում խաղան առանց ինձ: Ես կկարողանամ ասել, որ իզուր չեմ ապրել: Հիմա նրանք մի ներկայացման վրա են աշխատում, իրենք են գրում, ես իրենց խոստացել եմ, որ կխաղամ իրենց ներկայացման մեջ, բայց դա կլինի առաջին և վերջին անգամ՝ պայմանով, որ լավ ներկայացում լինի: Եթե եղավ, շատ ուրախ կլինեմ… Տեսնենք, գրում են:
Գրելը մեծ խնդիր է: Այնքա՜ն ենք սերիալներից բողոքում: Բայց եթե տեքստը լավը եղավ, դերասաններն էլ լավ կխաղան: Բայց երբ տեքստը տեքստ չէ, ուզում է Բելմոնդոյին էլ բերեք, ի՞նչ խաղա: Տեքստ գրող չկա, ոսկու գին են ունենալու լավ տեքստ գրողները…
Երեխաների մասին
Երեքն էլ սկզբում հեռու էին մշակույթից: Փոքր տղաս դպրոցը գերազանց ավարտեց, հետո զանգեց՝ պապ որոշել եմ ռեփ երգել: Մայրն, իհարկե, ինֆարկտ ստացավ: Տղաս հիմա Կանադայում է, գործընկեր է գտել: Վերջինս կիսով չափ հայ է, հիմա Կանադայում ռեփ տեսանյութ են նկարում: Դեռ չի ուղարկել, որ տեսնեմ, սիրտս կանգնի:
Միջնեկս փայլուն մաթեմատիկա գիտեր, օդաչու էր ուզում դառնալ, քնեց արթնացավ՝ ասաց՝ ջազ եմ ուզում նվագել: Հիմա Փարիզի լավագույն հյուրանոցում ամեն օր երեք ժամ նվագում է: Հուսամ՝ միշտ այնտեղ չի մնա: Լուր չկա՝ չի զանգում: Ֆրանսիացիներն ասում են՝ եթե լուր չունես, ամեն ինչ շատ լավ է: Աղջիկս շատ թե քիչ կապ ունի արվեստի հետ, աճուրդներ է կազմակերպում:
60-ամյակին՝ նոր ներկայացում
Ես միշտ իմ ծննդյան օրս ներկայացում եմ խաղում: Հաջորդ տարվա համար ուզում եմ մեծ բան անել: Նիցշե, Կանտ եմ կարդում: Ուզում եմ փիլիսոփայական ինչ-որ բան բեմադրել՝ 60-ամյակիս համար…
Նախագծի հեղինակ՝ Ռոզա Գրիգորյան
Լուսանկարները՝ Տաթև Դուրյանի