Բաժիններ՝

«Կառավարման ակադեմիայում, ԲՈՀ-ում, Մանկավարժական համալսարանում, Գիտության պետական կոմիտեում կան գրագողեր». Սամվել Խուդոյան

«Գրագողությունն այսօր Հայաստանում խրախուսվում է գրեթե բոլոր գիտական կառույցների կողմից, դրանք են՝ բուհերը, ԲՈՀ-ը, Գիտության պետական կոմիտեն և ԳԱԱ-ն»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց հոգեբան Սամվել Խուդոյանը։

Նա նշեց, որ Կառավարման ակադեմիայում տպագրվող բոլոր գրքերն արտագրված են.

«Երբ ես ռեկտորին ուղարկեցի գրագողությունների մի ամբողջ փաթեթ՝ նա ուղղակի լայնորեն ժպտաց։ ԵՊՀ-ում ամբիոնի վարիչներ են հեռացվել, բայց կոնկրետ հոգեբանության ոլորտում, արդեն 15 տարուց ավելի է՝ խրախուսում են Հրանտ Ավանեսյանին, որը խրոնիկական գրագող է։

Նա հայտարարում է, թե ես նախանձ, հոգեկան հիվանդ մարդ եմ, ով, չգիտես ինչու՝ իր գրագողությունները բռնում է։ Տնտեսագիտական համալսարանում նույնպես ծաղկում է գրագողությունը։ Մանկավարժական համալսարանը նույնպես ունի գրագող ամբիոնի վարիչներ, դեկաններ, բայց այնտեղի գրագողության դեմ պայքարի բլոկի ղեկավարը ռեկտորն է, ով պատմության մեջ առաջին անգամ մտցրել է մի որոշում, որ պետք է ստուգվեն բոլոր ընտրվողների աշխատանքները։ Ես խորհուրդ կտամ՝ բոլոր բուհերն այդպես անեն»։

Կարդացեք նաև

Գիտության պետական կոմիտեն, ըստ նրա՝ մոտ 18 գրանտ է տվել իրեն հայտնի գրագողերին.

«18 գրանտն ամսական 150 հազար դրամ գումար է, այդքանը բազմապատկեք տասը տարով և պատկերացրեք, թե գրագողերն ինչքան փող են ստանում։ Ավանեսյանը հայտարարել է, որ դատի է տալու ինձ և Դանիել Իոաննիսյանին, դրա համար հիմա հաղորդում եմ անում հանցագործության մասին. 2013թ. Գիտության պետական  կոմիտեում հուլիսի 22-ին փաստաթուղթ է հրապարակվել թեմաների և անունների վերաբերյալ, որը փոխվել է օգոստոս ամսին մեկ այլ փաստաթղթով, որտեղ փոխվել է գիտական թեմայի անունը։ Պատճառն այն էր, որ նրանք չէին էլ հասկացել, որ պետք է ֆինանսավորեն գիտության ճյուղ, ոչ թե գիտական թեմա՝ բժշկական հոգեբանություն»։

ԲՈՀ-ի պաշտպանական կոմիտեում էլ, հոգեբանի խոսքով՝ կան գրագողեր. «Նրանք գրագողությամբ են զբաղված, և ինձ կոնկրետ Հրանտ Ավանեսյանի հայցորդը սպառնում էր, որ, եթե իր գրագողությամբ աշխատանքը մերժեմ, հաշվեհարդար կտեսնի ինձ հետ։ Դրա համար հայտարարում եմ, որ դուրս եմ գալիս 064 խորհրդի կազմից, քանի որ այդտեղ աշխատում է առնվազն 3 գրագող»։

168.am-ը հետաքրքրվեց, թե ԲՈՀ-ի նոր ղեկավարից ինչ-որ սպասելիքներ ունի՞։ Ի պատասխան՝ հոգեբանն ասաց. «Համակրելի տղա է, բայց չեմ ճանաչում. Լիլիթ Արզումանյանը հոյակապ ղեկավար էր, շատ բան փոխեց»։

Ասուլիսի մյուս բանախոսը՝ իրավաբան Ալեքսանդր Ամարյանն էլ նշեց, որ կաջակցի հոգեբանին՝ գրագողության դեմ պայքարը շարունակելու հարցում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս