«Կարծում եմ`քննարկման թեմա կդառնան Փաշինյանի դիտարկումները նախորդ պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ». Դուբնով
«Եթե կողմերը պատրաստ չեն կարգավորման, այդ հանդիպումները լինելու են պարզապես հանդիպումներ»,- 168.am-ի հետ զրույցում ասաց ռուս քաղաքագետ Վադիմ Դուբնովը՝ անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ համանախագահների Հայաստան կատարելիք այցի օրակարգին:
Հիշեցնենք, որ ինչպես տեղեկացրել էր ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը՝ հունիսի 13-ին Երևան կժամանեն Մինսկի խմբի համանախագահները, որը կլինի նրանց առաջին հանդիպումը Հայաստանի նոր իշխանության հետ:
Վադիմ Դուբնովն ասաց, որ այցի օրակարգում կարող են մի քանի թեմաներ լինել: Նրա խոսքով, բնականաբար, առաջինը համանախագահների առաջին շփումն է ՀՀ նոր իշխանությունների հետ, Ղարաբաղյան հարցում նրանց բոլոր մոտեցումների շուրջ խոսակցությունները, բանակցությունները: Երկրորդը, ըստ Դուբնովի՝ կլինի ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացն ակտիվ փուլ մտցնելու հարցը, ինչի առաջնայնության մասին հայտարարել է նաև ՀՀ նորանշանակ ԱԳ նախարար Մնացականյանը, քանի որ խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շարունակականությունը վերջին ամիսներին խախտված է ներքաղաքական զարգացումների հետևանքով:
«Կարծում եմ` համանախագահներին հետաքրքրելու է, թե ինչն է փոխվել ԼՂ հակամարտության հարցում հայկական կողմի մոտեցումներում: Իհարկե, Փաշինյանի ու Մնացականյանի հայտարարությունները համանախագահներն ուսումնասիրել են, բայց առաջին ձեռքից տեղեկատվություն ստանալու, դեմ առ դեմ հանդիպումների արդյունավետությունը որևէ մեկը չի կարող կասկածի տակ դնել:
Կարծում եմ` հատկապես քննարկման թեմա կդառնան Փաշինյանի դիտարկումները նախորդ պայմանավորվածությունների կատարման վերաբերյալ. ՀՀ վարչապետը չի մեկնաբանել, թե իր կարծիքով որոնք են նախորդ պայմանավորվածությունները: Ամենայն հավանականությամբ, խոսքը հենց երկու տարի առաջ Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածությունների մասին է, բայց այդ հարցում հստակեցումների կարիք կա:
Երկրորդն հարցն էլ կվերաբերի բանակցություններում Արցախի մասնակցության հարցին, և, թե Հայաստանն ինչպես է պատկերացնում Արցախի ներգրավումը, ինչ ժամկետներում, ու այլ մանրամասներ:
Կքննարկվի առաջիկա բանակցությունների հնարավորությունը նախարարների և ղեկավարների մակարդակով, քանի որ ՀՀ վարչապետը պատրաստակամություն է հայտնել հանդիպել, ինչպես նաև ԵԱՀԿ համանախագահ երկրի ղեկավարի մակարդակով հույս է հայտնվել, որ առաջիկայում հնարավորություն կստեղծվի կառուցողական բանակցությունների և կարգավորման համար: Չեմ կարող ասել, թե երբ բարձր մակարդակով հանդիպում կարող է կազմակերպվել, բայց այս մոտ ապագայում դա հնարավոր է տեսականորեն:
Եթե Թրամփը նման հույս հայտնեց, ապա կարելի է ակնկալել, որ կա մտադրություն՝ կազմակերպել որոշակի շփումներ հակամարտող կողմերի միջև»,- նման տեսակետ հայտնեց Վադիմ Դուբնովը՝ ամփոփելով, որ օրակարգում լինելու է ծանոթություն և բանակցային գործընթացի ակտիվացում:
Հարցին, թե ի՞նչ արդյունքներ կարող են ակնկալվել ղեկավարների մակարդակով հանդիպումից, եթե նման հանդիպում կազմակերպվի, Վադիմ Դուբնովը պատասխանեց, որ էական չէ, թե որ միջնորդն ու ինչ փաթեթի համաձայն է կազմակերպում հանդիպում: Ըստ նրա՝ եթե կողմերը պատրաստ չեն կարգավորման, այդ հանդիպումները լինելու են պարզապես հանդիպումներ և աշխարհաքաղաքական առավելություն ստանալու փորձեր:
«Եթե ամերիկյան կողմը նախաձեռնի, ապա կփորձի առաջ մղել Վիեննայի պայմանավորվածությունները, քանի որ դա արևմտյան առաջարկ էր, ինչպես երևում է՝ այդ առաջարկից դեռ չեն հրաժարվել, այն ուժի մեջ է: Կարծում եմ` կփորձեն սկսել այդ պայմանավորվածություններից»,- ասաց նա:
Նշենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական ուղերձ էր հղել Իլհամ Ալիևին՝ Ադրբեջանի Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ: Իր ուղերձում Թրամփն անդրադարձել էր նաև Արցախյան հակամարտության կարգավորմանը:
«Առաջիկա ամիսներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար նոր հնարավորություններ կբացվեն, ինչը կնպաստի ավելի լավ պայմանների ստեղծմանը՝ ամերիկաադրբեջանական համագործակցության ընդլայնման համար»,- նշել էր Թրամփը: