«Այս պահի դրությամբ որևէ միջամտության կարիք չկա». Դավիթ Բաբայան
«Արցախում կատարյալ կայունություն է, նույնիսկ, եթե որևէ մեկը գա Ստեփանակերտ, չիջնի ավտոկայանի մոտ, որտեղ կանգնած են մի քանի տասնյակ մարդիկ, չի էլ պատկերացնի, որ ինչ-որ ցույցեր են։ Կատարյալ կայուն վիճակ է, որևէ ապակայունացում չկա, որևէ վտանգ չկա, կյանքը նորմալ շարունակվում է»,- 168.am-ի հետ զրույցում հավաստիացրեց Արցախի Հանրապետության նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը՝ խոսելով վերջին օրերին Արցախում տեղի ունեցող բողոքի զանգվածային ակցիաների մասին։
Ըստ նրա՝ ստեղծված իրավիճակի լուծումը պետք է դիտարկել մի քանի հարթությունում՝ իրավական, քաղաքական և բարոյական։
«Իրավական հարթությունում, իհարկե, միջադեպի բոլոր մեղավորները պետք է պատժվեն, օրենքի առջև հավասար լինեն։ Մենք չունենք արտոնյալներ, մենք չունենք ստրուկներ, մենք չունենք ստրկատերեր։ Սա այն հասարակությունը չի, որ որևէ մեկն ունենա արտոնություն, որովհետև Արցախի Հանրապետությունը ստեղծվել է ոչ միայն ազգային-ազատագրական պայքարի արդյունքում, այլև մարդու իրավունքների համար մղված պայքարի արդյունքում, հետևաբար՝ պետք է արդարությունը պահպանվի։ Երկրորդ՝ քաղաքական տեսանկյունից պետք է ամեն ինչ արվի, որպեսզի օրենքի գերիշխանությունն ապահովվի, և ամեն ինչ արվելու է այս ուղղությամբ։
Եթե դա չլինի, դա երկպառակտություն է, դա պատկերացնո՞ւմ եք՝ ինչի կարող է բերել, իսկ մենք, ունենալով այսպիսի հարևաններ-թշնամիներ՝ Թուրքիա, Ադրբեջան, որոնք նյութական առումով մեզնից շատ առավել են, ինչը մենք կարողանում ենք կոմպենսացնել միայն մեր հոգևոր արժեքներով՝ միասնականությամբ և այլն, իսկ դրա ամենամեծ վտանգն արդարության ոտնահարումն է, և, հետևաբար, արդարությունը միշտ պետք է պահպանվի ու պահպանվելու է։
Եվ վերջապես, բարոյական տեսանկյունից պետք է նաև ոչ միայն նայել իշխանությունների դերակատարությունը, այլ նաև հանրության, այնպես դաստիարակել մարդկանց, արժեքները սերմանել, որպեսզի հայը հայի դեմ այդպիսի արարք չգործի, իսկ սա գալիս է ընտանիքներից, դպրոցներից, մանկապարտեզներից»,- ասաց Դ.Բաբայանը։
Նրա խոսքով՝ միշտ պետք է ամեն ինչ արվի, որ օրենքը լինի գերիշխող, և հարցը միայն այս դեպքի մասին չէ, որպեսզի երկրում չլինեն արտոնյալներ և ոչ արտոնյալներ, թշվառներ և ընտրյալներ. «Այդպիսի բան չկա և չի էլ կարող լինել»։
Անդրադառնալով ԱԱԾ-ի և Ոստիկանության ղեկավարների հրաժարականի պահանջին՝ Դ.Բաբայանը նշեց, որ պահանջների կամ վերջնագրերի լեզվով խոսելը ճիշտ չէ.
«Այն, որ փոփոխությունները միշտ էլ անհրաժեշտ են ցանկացած համակարգի համար, խոսքը միայն ներկա դրության մասին չէ, սա միանշանակ է, բայց ամեն ինչ պետք է գնա էվոլյուցիոն ձևով, բայց ոչ պարտադրանքի, և այլն։ Առավել ևս, չեմ ընդունում, եթե գործարկվում է մի այնպիսի գաղափար, ինչպիսին է՝ «քավության նոխազներ»։ Եվ սա շատ հարմար գաղափար է, որպեսզի հարցերը չլուծվեն՝ բոլորը բարդել 1-2 հոգու վրա։ Իսկ դա թո՞ւյլ է տալիս կարգավորել հարցերը։ Կարծում եմ՝ ոչ։ Եթե կան մարդիկ, որոնք մեղավոր են, օրենքը խախտել են, նրանք պետք է պատժվեն և կրեն պատասխանատվություն, բայց դրանից հետո համակարգային մոտեցում է պետք, որպեսզի երևույթների դեմ պայքարենք, ոչ թե երևույթները բարդենք անձերի վրա և երևույթների դեմ չպայքարենք»։
Ի պատասխան հարցի՝ արդյոք անհրաժե՞շտ է ՀՀ միջամտությունը Արցախում, ինչի մասին խոսել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը, Դ.Բաբայանը կրկնեց, որ Արցախում և Ստեփանակերտում իրավիճակը շատ կայուն է.
«Մենք ճգնաժամում չենք, մենք քաղաքացիական պատերազմում չենք, որ ողջ հայությունը միջամտի։ Հասկանում ենք, որ կա հետաքրքրություն, և ողջունելի է, որ ողջ հայության ուշադրությունը սևեռված է Արցախի վրա, ոչ թե այս պահին, այլ ընդհանրապես, բայց այս պահի դրությամբ չկա որևէ նման միջամտության կարիք և ընդհանրապես կողմնակի միջամտությունը կարող է ինչ-որ հարցեր փակել, բայց դրա լուծումը պետք է լինի ներսում»։