Օպերային երգչուհի Անի Պիվազյանը Նիկոլ Փաշինյանին խնդրեց վերահսկողություն հաստատել օպերային դաշտում
Երիտասարդ օպերային երգչուհի Անի Պիվազյանը մայիսի 25-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մշակութային գործիչների հետ հանդիպմանը վարչապետին հայտնեց, որ Հայաստանում երկար տարիներ մեներգիչների և մեներգչուհիների մենաշնորհ է եղել, և շատերը հնարավորություն չեն ունեցել ներկայանալ արվեստասեր հասարակության լայն շրջանակին:
«Ես Եվրոպայում միջազգային մրցույթի դափնեկիր եմ դարձել, այսօր մեր թատրոնում բեմադրվում է նույն ներկայացումը։ Ավստրիայում 230 հոգուց ես եմ ընտրվել, երգել եմ գլխավոր դերում, այստեղ մասնակցեցի մրցույթի, բարձր գնահատականի արժանացա Օրբելյանի կողմից: Հենց ուզեցի արդեն գնալ ներկայացման փորձերին, պարզվեց՝ իմ անունն ընդհանրապես չկա ցուցակում»,- նշեց երգչուհին:
Պիվազյանը շեշտեց՝ իր համար զարմանալի է, որ Ավստրիայում 230 հոգուց իրեն են այդ պատվին արժանացրել, հորդորեց վերահսկել այդ ոլորտը, որ այնտեղ էլ մրցակցություն լինի։
Փաշինյանը երգչուհուն ուշադիր լսելուց հետո խնդրեց նրան մի գործ կատարել: Պիվազյանը երգեց՝ բուռն ծափահարությունների արժանանալով:
Վարչապետը հետաքրքրվեց, թե ումից է կախված այս հարցի լուծումը, լսելով, որ որոշողը Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար, դիրիժոր Կոնստանտին Օրբելյանն է, նա պատասխանեց. «Ես շատ հարգում եմ պարոն Օրբեկյանին, կարծում եմ՝ նա կկայացնի մաքսիմալ արդար որոշումներ»։