Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանն անթույլատրելի է համարում ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի անվան շահարկումը
ՀՀ պաշտպանության նախարարության Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը հայտարարություն է տարածել պրանկերների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հետ ունեցած հորինված հեռախոսազրույցի ձայնագրության առնչությամբ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանից:
Հաղորդագրության մեջ նշված է. «Մայիսի 24-ին համացանցում տարածվել է պրանկերների՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի անունից Մեծ Բրիտանիայի արտգործնախարար Բորիս Ջոնսոնի հետ ունեցած հորինված հեռախոսազրույցի ձայնագրությունը: ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը գնահատում է ժամանակակից թվային տեխնոլոգիաների կիրառմամբ խոսքի ազատության և տեղեկույթի տարածման իրավունքի կարևորությունը ժողովրդավարության զարգացման գործում: Միևնույն ժամանակ, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանը բացարձակ անթույլատրելի է համարում տարատեսակ մանիպուլյացիաների նպատակով ՀՀ գործադիր իշխանության ղեկավարի անվան շահարկումը: Նմանատիպ արարքները վնաս են հասցնում միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը»: