Ո՞վ է կրելու Փաշինյանի կառավարության պատասխանատվությունը

Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ եթե կառավարությունը ձևավորած 3 խմբակցությունների միջև ստորագրվի հուշագիր, դրանք կկոչեն կառավարող կուսակցություններ, իսկ ով դուրս կմնա, կլինի ընդդիմադիր:

«Ես այս պահին չեմ կարող հերքել, որ կլինի հուշագիր կամ չի լինի: Վարչապետը հրավիրել է աշխատելու համերաշխության կառավարությունում, խմբակցությունների կողմից մասնագետներ են նշանակվել և պրոցեսը գնում է առաջ»,- ասաց Է.Մարուքյանը:

Հարցին, թե ո՞վ է կրելու Փաշինյանի կառավարության ձախողման պատասխանատվությունը, Է.Մարուքյանը պատասխանեց, որ բնականաբար բոլորը պատասխանատու են իրենց ներկայացրած թեկնածուների համար, երկրորդ՝ կառավարության ծրագրի համար, որովհետև երբ ծրագիրը գա ԱԺ, հաստատելու են:

Սակայն նա խորհուրդ տվեց, ոչ թե սպասել, թե երբ է ձախողելու կառավարությունը, այլ աջակցել, որ չձախողի. «Նախ՝ վստահեցնում եմ, որ ձախողում չի լինելու, երկրորդ՝ եթե հիպոտեթիկ ձախողի, դա կլինի ՀՀ ձախողում: Եթե հուշագիր ստորագրվի, այդ դեպքում պատասխանատվության բեռն ավելի կմեծանա»:

Է.Մարուքյանը հորդորեց սպասել կառավարության ծրագրի հաստատմանը, երբ ավելի պարզ կլինի՝ կլինի՞ հուշագիր, թե՞ ոչ: ՀՀԿ-ի կողմից հնչող հայտարարությունները, որ արտահերթ ընտրություններ պետք չեն, Է.Մարուքյանը նորմալ է համարում:

Ըստ նրա՝ պետք չէ զարմանալ, որ ՀՀԿ-ն չի ուզում արտահերթ ընտրություններ, որովհետև եթե հիմա 58 մանդատ ունի, պարզ չի՝ ընտրություներից հետո կունենա՞ն այդքան:

Տեսանյութեր

Լրահոս