Խախտումներ սոցիալական ծառայություններ տրամադրող կենտրոններում. դատախազությունը նյութերն ուղարկել է ոստիկանություն
ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում շարունակվում են ՀՀ վերահսկիչ (Հաշվեքննիչ) պալատի հաշվետվությունների մանրազնին ուսումնասիրությունները: Մասնավորապես, այս տարվա մարտի 19-ին հաստատված ընթացիկ հաշվետվության ուսումնասիրությամբ պարզվել է, որ խախտումներ են արձանագրվել սոցիալական ծառայություններ տրամադրող տարածքային կենտրոնների գործունեության ոլորտում:
Արարատի և Արմավիրի մարզերի թվով 7 սոցիալական աջակցության տարածքային մարմինների գործունեությանն նկատմամբ վերահսկողության արդյունքում հայտնաբերվել են 178 դեպքով՝ 33 մլն. 268 հազ. դրամ գումարի չափով տարբեր բնույթի խախտումներ. նպաստներ են վճարվել անձանց, որոնք տվյալ պահի դրությամբ նպաստառու չեն հանդիսացել:
Մի շարք խախտումներ և բացթողումներ արձանագրվել են սոցիալական աջակցության խորհուրդների անդամների գործունեության վերաբերյալ, ինչի արդյունքում ևս առաջացել են վնասներ:
Վերոնշյալ դեպքերի ու խախտումների վերաբերյալ նյութերը ՀՀ դատախազությունից ուղարկվել են ՀՀ ոստիկանություն՝ քրեական գործ հարուցելու հիմքերի առկայությունը, արձանագրված խախտումների հանգամանքները, այդ թվում հնարավոր հափշտակության դեպքերը պարզելու, իրենց պարտականությունների մեջ հնարավոր թերացում կամ չարաշահում թույլ տված պաշտոնատար անձանց շրջանակը որոշելու, նրանց արարքներին իրավական գնահատական տալու համար միջոցներ ձեռնարկելու նպատակով: