Օսիպյանի նշանակումից հետո ոստիկանությունում փոխվել են խաղի կանոնները. համակարգը կհայտնվի խնդիրների առաջ. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթի տեղեկություններով՝ ՀՀ ոստիկանապետի պաշտոնում Վալերիյ Օսիպյանի նշանակումից հետո ոստիկանությունում, մասնավորապես՝ ոստիկանության ներքին զորքերում, փոխվել են խաղի կանոնները:
«Նախկինում ոստիկանության զորքերի աշխատակիցներն աշխատել են «թեթև ռեժիմով», կարողացել են աշխատանքին զուգահեռ երբեմն-երբեմն նաև տաքսի վարել «Ջիջի» և «Յանդեքս» համակարգերի միջոցով: Սակայն Օսիպյանի՝ ոստիկանապետ դառնալուց հետո խստացվել է աշխատանքային ռեժիմը, և հիմա ներքին զորքերի աշխատակիցներից պահանջում են աշխատանքային օրվա ընթացքում լինել տեղում:
Ըստ մեզ հասած լուրերի՝ ոստիկանության զորքերում աշխատավարձը կազմում է 110 հազար դրամ, իսկ այդքան քիչ աշխատավարձով հնարավոր չէ ընտանիք պահել, և հիմա դժգոհություններ են հասունացել: Ոմանք նույնիսկ աշխատանքից ազատման դիմումներ են ներկայացրել:
Ու եթե նոր իշխանությունը միջոցներ չձեռնարկի աշխատավարձերի բարձրացման ուղղությամբ, ապա համակարգը խնդիրների առաջ կհայտնվի, թեև ոստիկանությունից մեզ հետ զրույցում հերքել են այս լուրերը»: