ՏՏ ոլորտի խնդիրն է՝ մի քանի տարի հետո բանակում օգտագործվող զենքի առնվազն 80 տոկոսն արտադրել տեղում. Կարեն Վարդանյան
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը երկրում տեխնոլոգիական արդիականացման ուղի է առաջարկում: Միության 18-րդ համագումարի շրջանակում լրագրողների հետ ճեպազրույցում նա նշեց, որ այդ նպատակով անհրաժեշտ է վարչապետի ղեկավարությամբ գործող մարմին ստեղծել: «Իմ կարծիքով՝ երկրի մոդեռնիզացիայի տեսանկյունից շարժիչ ուժ կլինի մի մարմնի ստեղծումը, որը բաղկացած կլինի տեխնոլոգիական բիզնեսի, կրթության, ռազմարդյունաբերության ոլորտի պատասխանատուներից, և կգործի անմիջապես վարչապետի ղեկավարությամբ»,- ասաց Կարեն Վարդանյանը՝ շեշտելով, ձևավորվելիք մարմնում բոլորը պետք է աշխատեն որպես թիմակիցներ և ոչ մրցակիցներ:
Որպես ոլորտի առաջնահերթություն՝ ԻՏՁՄ տնօրենը կրկին անդրադարձավ կրթության խնդրին՝ նշելով, որ Եվրոպայում և Ամերիկայում տեխնոլոգիական ոլորտի 3 միլիոն թափուր աշխատատեղերը հայերը ևս կարող են լրացնել որակյալ մասնագետների պարագայում: «Միջազգային շուկայում տեխնոլոգիական ուղղվածության 3 միլիոն թափուր աշխատատեղ կա: Եթե մենք գրագետ ու լավ ինժեներներ պատրաստենք, կարող ենք այդ երեք միլիոնի մեջ տեղ ունենալ, պատվեր բերել Հայաստան, բայց դա հնարավոր է կրթության միջոցով: Այդպիսով մենք էլ կմասնակցենք միջազգային աշխատանքի բաժանմանը»,-հավելեց Վարդանյանը:
Նրա խոսքով՝ միությունը ռազմավարական նշաձող է սահմանել նաև ռազմարդյունաբերության զարգացման առումով: «Այսօր մեր ամենակարևոր խնդիրն այն է, որ մի քանի տարի հետո Հայոց բանակի կողմից օգտագործվող զենքի առնվազն 80 տոկոսը լինի տեղում արտադրվող, որ վստահ լինենք՝ցանկացած ուղղությամբ, ոչ միայն Ադրբեջանի հետ հակամարտության առումով, կարող ենք դիմակայել ու հաղթել»-նշեց ԻՏՁՄ գործադիր տնօրենը: