Դավիթ Յանը գործարկում է նոր նախագիծ արհեստական ինտելեկտի ոլորտում
ABBYY-ի հիմնադիր Դավիթ Յանը գործարկում է նոր նախագիծ, որը գործելու է արհեստական ինտելեկտի ոլորտում: Նոր նախագիծը՝ Yva-ն, բիզնեսի արդյունավետության առավարման համակարգ է:
Yva-ի գործարկումը հիմնված է Դավիթ Յանի մեկ այլ նախագծի՝ Findo-ի վրա: Findo.com-ը խելացի որոնողական համակարգ է: Այս համակարգի միջոցով հնարավոր է գտնել փաստաթղթերն ու անձնական տվյալները: Համակարգը կօգնի գտնել անձնական նամակները, ինչպես նաև այնպիսի փաստաթղթեր, որոնց անունը չեք հիշում:
Findo-ն իր տեսակով բացառիկ համակարգ է, քանի որ հասկանում է մարդկային լեզուն: Համակարգի միջոցով հնարավոր է ամպային պահոցներում գտնել տարբեր փաստաթղթեր:
Yva-ը արդեն իսկ փորձնականորեն գործարկվել է ԱՄՆ-ում և շուտով հասանելի կլինի նաև Ռուսաստանում: Այժմ համակարգը գործում է անգլերեն և ռուսերեն լեզուներով, բայց մոտ ժամանակներում կգործի նաև ճապոներեն, չինարեն և գերմաներեն լեզուներով:
Yva-ն միանում է կորպորատիվ փոստին, մեսինջերներին, հարցումներ է իրականացնում աշխատակիցների շրջանում և վերլուծում է տվյալները: Արդյունքում՝ համակարգը բոլոր աշխատակիցներին և ղեկավարներին տալիս է խորհուրդներ կամ նախազգուշացումներ անում, ինչը կարող է մեծացնել վաճառքի քանակը, զգուշացնել հիմնական աշխատակիցների հեռացման մասին և հայտնաբերել այլ ռիսկեր:
«Հեռացման մասին ավելի վաղ տեղեկացնելն ու հիմնական աշխատակիցներին պահելը Ռուսաստանում կխնայի միլիոնավոր ռուբլիներ, իսկ ԱՄՆ-ում այդ թիվը կազմում է 100 հազար դոլար և ավելին»,- նշել է Դավիթ Յանը:
Բացի այդ, համակարգը բացահայտում է այն աշխատակիցներին, ովքեր կորցրել են հետաքրքրությունն աշխատանքի նկատմամբ, օգնում է հարթել կոնֆլիկտն աշխատակիցների և հաճախորդների միջև:
Այժմ համակարգն աշխատում է փորձնական, բայց դրա հետ համատեղելի են արդեն Office 365, G-Suit, Slack և Github հարթակները, իսկ 2018 թվականի ավարտին հարթակների թիվը կլինի 30+, այդ թվում՝ Jira, Asana, Dynamics, Salesforce, Amo CRM, «Битрикс 24» աղբյուրները:
Սիրարփի Աղաբաբյան