Հայկական ընտանիքի դերը երեք Հանրապետություններից առաջ, դրանց ժամանակ և այսօր

«Թավշյա հեղափոխություն» անվանված վերջին օրերի իրադարձությունները հուշում են վերոնշյալ թեմայի արդիականության մասին։ Եթե չհասկանաս այս թեմայի ողջ խորությունը, ապա անհնար կլինի փոխհարաբերությունների այս համակարգի առավելություններն ու թերությունները բացահայտելը։ Այս համակարգը ծնվել է ժողովրդի կողմից, այն հանգամանքների կողմից, որոնք ձևավորել են հայ ընտանիքը։

Հայաստանի ողջ պատմության ընթացքում հայ ընտանիքը ներկայանում է՝ որպես միաժամանակ ազգի և պետության ինքնագիտակցության ու իմունիտետի կարևոր բաղկացուցիչներից մեկը։ Անհրաժեշտ է հասկանալ, թե ընտանիքի որ տեսակն են ստեղծում միջին վիճակագրական հայն ու հայուհին, որը կարողանում է գոյատևել անգամ պետականության բացակայության ծանրագույն պայմաններում։

Հայ ընտանիքի փոխակերպումները սկսվել են անհիշելի ժամանակներից։ Ընտանիքի լավագույն մոդելի փնտրտուքներն ուժեղացան՝ պետականության թուլացման, իսկ հետո նաև՝ դրա կորստի հետ։ Գոյատևման ընտանեկան մոդելի տենդագին փնտրտուքը կապված է հայ էթնոսի կեցության տարածաշրջանում մահմեդականության ամրապնդման հետ։

20-րդ դարում ազգը հանդես էր գալիս սոսկ ընտանիքներով։ Ցեղասպանությունն ընտանիքի համար ևս մեկ հրեշավոր փորձություն դարձավ։ Արևմտյան Հայաստանն ամբողջովին մաքրվեց բնիկ էթնոսից՝ հայ ժողովրդից։ Հենց այդ շրջանում սկսեցին խոսել հայկական ընտանիքի ապշեցնող դիմացկունության ու ունիվերսալության մասին։ Միևնույն ժամանակ՝ ի հայտ բերվեցին նաև նրա թույլ կողմերը՝ հասարակության մեջ չմիավորվելու ցանկությունն անգամ մահվան սպառնալիքի պայմաններում։

Ինչպիսի՞ն էր ընտանիքի այդ միջին վիճակագրական մոդելը, որը ձևավորվել էր 18-րդ դարի վերջին ու 20-րդ դարի սկզբին, և արդեն խմբագրվել՝ ռուսական ներկայությամբ։

Ավագների գլխավորություն ու գերակայություն, կանանց լիակատար ենթարկելիություն, երիտասարդների հնազանդություն, ընտանիքի յուրաքանչյուր անդամի ֆունկցիոնալություն և ընտանիքի յուրաքանչյուր անդամի ունեցած խստագույն պարտականություն, ուժեղ տոհմական ու բարեկամական, ինչպես նաև՝ մասնագիտական կապեր, հատկապես՝ արհեստավորների շրջանում։ Որոշ դեպքերում ուժեղ են քաղաքացիական կապերը, իսկ 20-րդ դարի սկզբին՝ նաև կուսակցական կապերը։ Իրապես հայկական ընտանիքը հենց իր՝ Հայաստանի փոքր մոդելն է։ Եղել են դարեր, երբ ընտանիքը նաև հանրակրթական դպրոց է եղել՝ հատկապես փոքր գաղթօջախներում։

Դա ընտանիքի այն մոդելն է, ով վերապրել է Առաջին համաշխարհային պատերազմ, Ցեղասպանություն, Հոկտեմբերյան հեղափոխություն, մի կողմից՝ ստեղծել է Սփյուռք, իսկ մյուս կողմից՝ Առաջին Հանրապետությունը։ Պետք է ասել, որ հենց իրենց սեփական տարածքներից հայերի արտաքսումը Արևելյան Հայաստանում ընտանիքի նոր մոդելի ստեղծման համար պայմաններ ստեղծեց։

Երկրորդ Հանրապետությունն ավելի շատ մոդեռնացրեց ազգային կյանքը՝ հավասարեցնելով ամուսնու և կնոջ դերերը՝ տոհմի ավագների գերակայությունը դարձնելով ոչ պարտադիր։

20-րդ դարի 20-30-ական թթ. հայուհին ծննդաբերում էր մինչև հնարավորի սահմանագիծը՝ ազգին փրկելով իրենց տարածքներից անհետանալուց։ Դա Ցեղասպանության նկատմամբ ազգային արձագանքի արտահայտություն էր։ Այստեղից էլ գալիս է ազգի ներսում հայ մոր բանաստեղծական խորհրդանիշի և հոգևոր հեղինակության առկայությունը։ Դրա վառ օրինակն է Հովհաննես Շիրազի ստեղծագործությունը։

Երկրորդ Հանրապետությունը ևս 2 անգամ մոդեռնացրեց ընտանիքը՝ կապված 1946-47թթ. Ներգաղթի, և հետո՝ 70-80-ական թթ., երբ հայ երիտասարդությունը սկսեց զանգվածաբար մեկնել Մոսկվա, Լենինգրադ, ԽՍՀՄ այլ քաղաքներ ու հանրապետություններ։ 80-ականների վերջին հայ ընտանիքն ուներ նոր մոդելի բոլոր նշանները։ Երիտասարդ երևանցու կերպարը երիտասարդ գիտնականն էր։ Հենց հայի այդ տիպը, ինքնակազմակերպվելով, մեկնեց պայքարելու հայրենի հողի համար ու հաղթեց այդ պատերազմում։

Երրորդ Հանրապետությունը թեպետև հաղթեց Արցախյան պատերազմում, բայց իր աշխարհայացքի մեջ երկիրը հետքայլ կատարեց՝ շնորհիվ 3 նախագահների, որոնց համար ընտանեկան և բարեկամական կապերը կարևորագույն արժեքներն էին հանդիսանում։ Երկիրն ու այլ էթնիկ տարածքներ հազարավոր հայկական ընտանիքներ լքեցին։ Առաջին անգամ մենք դարձանք Սփյուռքի ազգ։ Հայ գաղթականների հզոր հոսքը ցույց տվեց, որ հայերը չեն ցանկանում ապրել տոհմական և ընտանեկան կլանների հասարակության մեջ։

Եվ դա, չնայած այն բանին, որ հայ ժողովրդի մեկնող հատվածի ներսում սկսեցին կործանվել ընտանեկան և բարեկամական կապերը։ Նույն այդ գործընթացներն աստիճանաբար սկսեցին տեղի ունենալ նաև հենց Հայաստանում հասարակ քաղաքացիների հետ։

Միևնույն ժամանակ՝ իշխանություններն ամրապնդում ու ընդլայնում էին կլանային բիզնեսը, որը կարող էր անուղղեղի վնաս հասցնել ազգային ինքնագիտակցությանը՝ ոչնչացնելով ազատասիրությունն ու արժանապատվությունը։ Նրանց ողջ պրոպագանդան մատնանշում է վերադարձ հին ավանդույթներին, որոնք էլ հենց մեզ աղետի դեմ կանգնեցրին…

Սակայն հասարակ ժողովուրդը, հատկապես՝ սովորող երիտասարդությունը, իշխանությունից խելոք դուրս եկավ. նրանք ցանկանում են ապրել սոցիալապես պաշտպանված պետության մեջ։ Ներկայիս պայմաններում միայն դա է արդար։ Չէ՞ որ երկիրը գտնվում է պատերազմի և շրջափակման մեջ, և նրա համար յուրաքանչյուր քաղաքացին գտնվում է առաջնագծում։ Նույն այդ ժամանակ ահագնացող դեմագոգիան, ծաղրն ու անարդարությունն ամբողջովին դեֆորմացրին իշխանության էությունը, որն ամենուր փորձում է ներդնել իր ձեռքի տակ եղած խուլիգաններին։

Ընտանիքի մոդելն անհրաժեշտ է խիստ փոխել.  սեփական պետության մեջ պետք է թուլացնել ներտոհմային, ընտանեկան կապերն ու առաջին պլան մղել օրենքները, պետք է ստեղծել համակարգ, որի պայմաններում Հայաստանի քաղաքացիները կսկսեն հարգել այդ օրենքները, որպեսզի դրանք գործեն ամբողջ ուժով։ Եթե ստեղծվի այդ տիպի իրավական պետություն, երբ բոլորն օրենքի առջև հավասար կլինեն, այն ժամանակ սփյուռքահայերը կրկին կսկսեն վերադառնալ իրենց պատմական հայրենիք։ Միայն այդ ժամանակ հայկական կյանքն արժանապատիվ գին կունենա այն դեպքում, երբ այսօր այն ոչինչ չարժե։ Ահա սեփական ականավոր քաղաքացիների նկատմամբ այդպիսի վերաբերմունքի վառ օրինակներ՝ Կ. Դեմիրճյան կամ Լ. Հայրապետյան։ Էլ ի՞նչ ասես հասարակ քաղաքացիների մասին։

Գեոքաղաքական Հայաստանը՝ որպես պետություն, պատշաճ հետաքրքրություն չի ներկայացնում, իսկ ահա հայ ժողովուրդը բոլորովին այլ, լուրջ թեմա է։ Հայ ժողովրդին հնարավոր չէ անտեսել, և այդ պատճառով երկիրը պետք է հոգատար վերաբերմունք ցուցաբերի յուրաքանչյուր քաղաքացու նկատմամբ, իսկ վերջինս էլ, իր հերթին, պետք է հասկանա, որ իսկական պաշտպանություն իր համար ապահովում է միայն Հայրենիքը, որտեղ էլ որ նա ապրի։

Պետությունը ստեղծում է հարաբերությունների 3 համակարգ՝ հասարակությունը կամ ժողովուրդը, պետությունը և ընտանիքը։

Այժմ տեսնենք, թե դրանք ինչպես են աշխատում մեզ քաջ հայտնի երկրներում։

1. Ռուսաստանի մոդելը՝

Ընտանիքը թույլ է ժողովրդից, ժողովուրդը թույլ է պետությունից։ Ուժեղագույն բաղկացուցիչը պետությունն է։

2. Բարձր զարգացածություն ունեցող եվրոպական երկրի մոդելը՝

Ընտանիքը հավասար է հասարակությանը, հասարակությունը հավասար է պետությանը։ Այստեղ ամեն ինչ պարզ է։

3. Իսրայելի մոդելը՝

Ընտանիքը թույլ է ժողովրդից, ժողովուրդն ուժեղ է պետությունից։ Այստեղ ժողովուրդն ամենաուժեղ օղակն է։

4. Հայաստանի մոդելը՝

Ընտանիքն ուժեղ է ժողովրդից, ժողովուրդն ուժեղ է պետությունից։ Ամենաուժեղ օղակն ընտանիքն է, ամենաթույլը՝պետությունը։

Հարաբերությունների այսպիսի համակարգով մի՞թե մենք կարող ենք մեր առջև կանգնած դժվարությունները հաղթահարել։ Երկրի յուրաքանչյուր քաղաքացի պետք է իր սեփական ընտանիքի  ներսում զգա այդ ահազանգերը։

Ռուբեն Անգալադյան

Լոս-Անջելես, 2018թ. մայիսի 9, ԱՄՆ։

 

Տեսանյութեր

Լրահոս