Եթե չես փաստարկում, ուրեմն պարտվել ես

Գիտնականներից բացի բրիտանացիներն ունեն նաև փայլուն հռետորներ և հրապարակային քննարկումների ձևաչափեր, որոնք հայտնի են ամբողջ աշխարհում:

Նրանք, ովքեր երբևէ լսել են «Բրիտանական խորհրդարանական ձևաչափ» (ԲԽՁ) տերմինը, շատ արագ հասկացան՝ ինչի մասին է խոսքը: Սա բանավիճելու ձև է, մշակույթ, որի արդյունքում մի կողմը հաղթող է, մյուսը՝ պարտվող: Այո՛, սա սկզբունք է: Չկան լավ ու վատ կարծիքներ, բայց կա լավ ու վատ բանավեճ:

Այսօր օնլայն և օֆլայն տիրույթներում բուռն քննարկումներ են ընթանում ներքաղաքական տարբեր իրադարձությունների, անձերի և երևույթների շուրջ: Դրանց այն մասը, որը կառուցողական է և հավասարակշիռ, հենց բանավեճ էլ հիշեցնում է՝ հեռակա, երբեմն անգամ չհատվող: Այստեղ ևս կան չգրանցված հաղթանակներ և պարտություններ, որոնց հիմքում վիճահարույց թեմաների այս կամ այն կերպ հերքումն է կամ հաստատումը: Այս նյութում կխոսեմ դրանցից մեկի մասին:

Նորանշանակ 17 նախարարներից 1-ի անձի շուրջ չափազանց բուռն քննարկումներ են ընթանում, և տարաբնույթ արձագանքներ են հնչում: Մի կողմ թողնելով խնդրի հուզական մասը՝ անդրադառնանք կառուցողականին:

Մինչ Առողջապահության նախարար նշանակվելն Արսեն Թորոսյանն աչքի է ընկել հանրային հնչեղության որոշ հարցերի վերաբերյալ բավականին սուր գնահատականներով, որոնք հասարակության որոշակի հատվածի համար գուցե ընդունելի են և ոչ վիճահարույց, սակայն մեկ այլ հատվածի համար քննադատության նյութ են դարձել:

Որպես «բանավեճի դատավոր (ԲԽՁ-ում ելույթները դատող անձն է)՝ դիտարկելով հարցը՝ կարծում եմ, որ «կողմ» արտահայտվողներն այս բանավեճում պարտվում են: Ահա, թե ինչու:

ԲԽՁ և ընդհանրապես գրագետ հռետորիկայի գլխավոր սկզբունքներից են (բայց ոչ միակները) խոսքի փաստարկված լինելն ու ապացուցելիությունը: Այս երկուսը «կողմ» կամ «դեմ» թիմերին բանավեճի ընթացքում բերում են միավորներ, որոնք էլ որոշում են «խաղի» ելքը: 

Փաստարկում

Փաստարկումը փաստերի մեկնաբանությունն է: Այլ կերպ ասած՝ սա իրականության մեկնաբանությունն է սեփական դիտանկյունից: Եթե մրցակից կողմերը կարողանում են մեկնաբանել առկա իրողությունն ու փաստերն այնպես, որ դրանք հավատ և վստահություն ներշնչեն, կուտակում են միավորներ ու հավակնում հաղթանակի:

Մեր քննարկման համատեքստում առկա փաստերը, որոնց վրա կարող է հիմնվել լայն հասարակությունը, հանրային տիրույթում (տվյալ դեպքում՝ սոցիալական ցանցերում) արտահայտված կարծիքներն են այս կամ հարցի շուրջ: Ինչո՞ւ նորանշանակ նախարարի մասնագիտական կարողություններն ու գիտելիքները փաստ չեն, որովհետև քննարկման նյութը նրա անձնային հատկանիշներն են՝ որպես առողջապահության ոլորտի առաջին դեմք, այլ ոչ թե մասնագիտական կարողությունները՝ որպես առանձին հիվանդին սպասարկող բժիշկ:

Հետևապես, եթե մենք սկսում ենք խոսել նրա մասնագիտական հատկանիշների մասին, արդյունավետ չենք փաստարկում, շեղվում ենք թեմայից, ապա դա մեզ ոչ միայն չի տալիս միավորներ, այլև կարող է խլել դրանք: Արդյունավետ փաստարկը պետք է հիմնված լինի վերոնշյալ փաստերի վրա՝ դրանք մեկնաբանելով կարծիքին օգուտ բերող դիտանկյունից, ինչը չի արվում:

Ինչո՞ւ է դեմ արտահայտվողների նշանակալի մասը ստանում առավելություն, որովհետև մեկնաբանում է հենց փաստը՝ չշեղվելով թեմայից: Անկախ նրանից՝ համաձայն ենք այդ կարծիքին, թե ոչ, ստիպված ենք ընդունել, որ փաստարկը բխում է համապատասխան փաստից:

Ապացուցելիությունը

Պրոֆեսիոնալ բանավեճերում, եթե կողմերից մեկի հնչեցված մտքերի, կարծիքների ճշմարտացիությունը հնարավոր է պարզել, ապացուցել, հիմնավորել վիճակագրությամբ, տեսանյութերով և/կամ այլ մեթոդներով, ապա տվյալ կողմը շահող է, կունենա լրացուցիչ միավորներ: Ընդ որում, ապացուցելիությունը պետք է հնարավոր լինի իրական ժամանակում:

Տվյալ դեպքում քննարկման խնդրի շուրջ արտահայտվող այն խումբը, որը նախարարի անձնային հատկությունների մասին դատողություններ է անում՝ հիմնվելով սեփական փորձի ու կարծիքի վրա, տուժում է ու թույլ է: Նրանց ունեցած փորձն ապացուցելի չէ, քանի որ սուբյեկտիվ է: Ինչո՞ւ են նորից «միավոր ստանում» դեմ արտահայտվողները, որովհետև նրանց կարծիքի հիմքում կոնկրետ դեպքեր են և իրողություններ, որոնք հեշտ ապացուցելի են: Եվ ինչո՞ւ է «մի քիչ սպասենք, հետո խոսենք»-ի մոտեցումը թույլ, որովհետև դա ևս իրական ժամանակում ապացուցելի չէ և շեղվում է քննարկման նյութից, այն է՝ պաշտոնյայի անձը, և ոչ թե աշխատանքը:

Ամփոփելով այս վիրտուալ բանավեճը և հենվելով վերոնշյալ երկու հիմնական չափորոշիչների վրա՝ պետք է արձանագրենք, որ այս «խաղում» «կողմ» թիմը պարտված է՝ միավորների ոչ բավարար քանակի պատճառով:

Հ. Գ. Բանավեճերի այլ ձևաչափերում կա մինչև 3 րոպե տևողությամբ թայմ-աութի հնարավորություն՝ մտածելու, քննարկելու և ուժերը վերադասավորելու համար:

Ըստ այդմ, եկեք համարենք, որ այս բանավեճում կողմերը մրցում էին այլ ձևաչափով:

Դատավոր.

  • Դուք «3 րոպե» ունեք:

Լուսինե Մանուկյան

PR մասնագետ, Բանավեճերի վերապատրաստող, ՄԱՀՀԻ գործընկեր

«Անվտանգություն, ժողովրդավարություն և արտաքին քաղաքականություն» ծրագիր (NED)

Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտ (ՄԱՀՀԻ)

Տեսանյութեր

Լրահոս