«Ղարաբաղի պաշտպանական համակարգի կառուցվածքն Ադրբեջանին թույլ չի տալիս իրականացնել բլից-կրիգ». Կորոտչենկո

«ՀՀ ՊՆ-ն և ՌԴ ՊՆ-ն լրջորեն կվերլուծեն, թե ինչպես պահպանեն Հայաստանի և Ադրբեջանի միջև առկա ռազմաքաղաքական և ռազմավարական պարիտետն Ադրբեջանի կողմից բելառուսական «Պոլոնեզի» ձեռքբերումից հետո»,- այս մասին Մոսկվա-Երևան տեսակամուրջի ընթացքում ասաց Զենքի համաշխարհային վաճառքի վերլուծության կենտրոնի տնօրեն, «Ազգային պաշտպանություն» ամսագրի գլխավոր խմբագիր, գնդապետ Իգոր Կորոտչենկոն՝ անդրադառնալով ռուսական հեղինակավոր «Կոմերսանտ» պարբերականում հայտնված տեղեկությանը, թե Բելառուսը պատրաստվում է Ադրբեջանին վաճառել «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր:

Հիշեցնենք, որ ավելի վաղ «Комсомольская правда Беларусь»-ը հայտնել էր, որ Հայաստանը թույլ չի տվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ Բելառուսին «Պոլոնեզ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր վաճառել Ադրբեջանին: Մամուլում «Պոլոնեզը» դիտարկվում է ռուսական «Իսկանդերի» հետ միևնույն հարթության վրա: «Մենք ցանկանում էինք Ադրբեջանին վաճառել «Պոլոնեզներ»: Սակայն Հայաստանը՝ ՀԱՊԿ-ում մեր գործընկերը, դեմ էր դրան: Գործարքը չկայացավ»,- հայտնել էր բելառուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Ալեսինը:

Չնայած փետրվար ամսին բելառուսական մամուլում հայտնված տեղեկությանը, Իգոր Կորոտչենկոն նշեց, որ ռուսական հեղինակավոր «Կոմերսանտի» հայտնած տեղեկությունն արժանահավատ է:

«Եթե այդ պայմանագիրը կնքվի, և Բաքուն ստանա նման համակարգ, մի շարք փորձագետներ ասում են, որ դա որոշակի իմաստով, իհարկե, թեև չի փոխի տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը, սակայն դա հնարավորություն է տալիս Ղարաբաղի շուրջ հակամարտության թեժացման դեպքում հստակ թիրախների հարվածներ հասցնել:

Եթե այդ պայմանագիրը կնքվի, եթե Ալեքսանդր Լուկաշենկոն տա իր համաձայնությունը, իսկ դա կարող է պատահել, որոշակի իմաստով ստեղծում է նոր իրականություն այն տեսանկյունից, որ պետք է փնտրել հնարավոր միջոցներ Հայաստանի կողմից առկա ռազմաքաղաքական, ռազմավարական պարիտետի պահպանման ուղղությամբ: Եվս մեկ անգամ ուզում եմ իմ կարծիքը հայտնել: Մենք հանձնառու ենք բացառապես խաղաղ և քաղաքական եղանակներով ԼՂ հակամարտության կարգավորմանը, ռազմական գործողությունների ցանկացած վերսկսում կհանգեցնի մեծ զոհերի, կորուստների:

Ավելին՝ ինքնին Ղարաբաղի պաշտպանական համակարգն այս տարիների ընթացքում կառուցված է այնպես, որ նույնիսկ ճակատային հարվածը թույլ չի տա Ադրբեջանին ԶՈւ-ին հասնել բլից-կրիգի, չեն լինի արագ ռազմական հաջողություններ, պետք է ամեն բան գնահատել համակարգային: Բայց պարիտետի վերականգնման հարցը կմտնի օրակարգ, թե ինչ է պետք անել այդ դեպքում»,- ասաց Իգոր Կորոտչենկոն, հավելելով, որ ամենայն հավանականությամբ այս հարցը լուրջ վերլուծության առարկա կդառնա ՀՀ ՊՆ-ում և ՌԴ ՊՆ-ում:

Տեսանյութեր

Լրահոս