
Ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում՝ հայտնաբերելու հավաքների ընթացքում իրավախախտումներ կատարածներին

ՀՀ ոստիկանությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ միջոցառումներ է ձեռնարկում նշված իրավախախտումները կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ:
«2018թ. ապրիլի 17-ին՝ ժամը 13-ին, Նիկոլ Փաշինյանի կոչով հավաքի որոշ մասնակիցներ Երևան քաղաքի Վազգեն Սարգսյան փողոցում կառավարական շենքեր, պետական մարմիններ և այլ գերատեսչություններ շրջափակելու և պահելու ընթացքում կտրող-ծակող գործիքներով վնասել են փողոցում կայանված քաղաքացիների և հանրային ծառայողների ավտոմեքենաների անվադողերը, վնասել ավտոմեքենաները, դրանց վրայից պոկել-հանել են պետհամարանիշները:
Նշված փաստը ակնհայտ վկայությունն է նաև նրա, որ հավաքի որոշ մասնակիցների մոտ առկա են կտրող-ծակող գործիքներ, ինչն ակնհայտորեն հակասում է հավաքի կազմակերպիչների այն հրապարակային հավաստիացումներին, թե հավաքը խաղաղ է և ընթանում է առանց բռնության և այլ իրավախախտումների: Ավելին, ձեռբերված օբյեկտիվ տվյալները վկայում են, որ այդ գործողությունները կատարվում են հավաքի կազմակերպիչների աչքի առաջ:
Եթե հավաքի կազմակերպիչների նշված հավաստիացումներն անկեղծ են, ապա նման իրավիճակը հստակ իրավական կարգավորում ունի և հավաքի կազմակերպիչը «Հավաքների ազատության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրավունք ուներ դիմելու ոստիկանության ծառայողներին՝ հավաքի անցկացման վայրից հեռացնելու այն անձանց, ովքեր կոպտորեն խախտում են հավաքի խաղաղ և բնականոն ընթացքը, մինչդեռ Ոստիկանությունը կազմակերպչից որևէ նման դիմում չի ստացել: ՀՀ ոստիկանությունը միջոցառումներ է ձեռնարկում նշված իրավախախտումները կատարած անձանց ինքնությունը պարզելու և հայտնաբերելու ուղղությամբ»,- ասված է հայտարարության մեջ: