Թալիբները մերժել են ընտրություններին մասնակցելու Աֆղանստանի նախագահի առաջարկությունը
«Թալիբան» շարժումը ապրիլի 16-ին մերժումով է պատասխանել Աֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանիի՝ այս տարվա հոկտեմբերին այս երկրում կայանալիք խորհրդարանական եւ տեղական ընտրություններին մասնակցելու վերջերս արած կոչը: Ավելի վաղ Ղանին թալիբներին առաջարկել էր մասնակցել ընտրություններին՝ դա դիտարկելով որպես Աֆղանստանում խաղաղ գործընթացը կարգավորելու հնարավորություն։
«Թալիբան» շարժումն ապրիլի 16-ին հայտարարել է, որ իր համար գերակա է մնում պայքարը երկրում օտարերկրյա ռազմական ներկայության դեմ: «Ներկայում,- պնդում է «Թալիբանը»,-բոլոր քաղաքական եւ ռազմական որոշումներն Աֆղանստանում ընդունվում են օտարերկրացիների կողմից: Իշխանական մարմիններում ընտրվելու հնարավորություն ունեն միայն նրանք, որոնց արդեն ընտրել են Սպիտակ տունը եւ Պենտագոնը»: Շարժումն առաջիկա ընտրությունները բնութագրել է որպես «բեմադրված միջոցառում» եւ աֆղան ժողովրդին կոչ է արել ձեռնպահ մնալ դրանց մասնակցելուց:
Անցած շաբաթ օրը Ղանին պաշտոնապես հայտարարել էր ընթացիկ տարվա հոկտեմբերին պլանավորված խորհրդարանական եւ տեղական ընտրություններին մասնակցելու համար Աֆղանստանի քաղաքացիների գրանցման սկսվելու մասին: Դրա հետ մեկտեղ նա կոչ էր արել թալիբներին՝ օգտվել այդ հնարավորությունից եւ մասնակցել ընտրություններին: Նրա խոսքով՝ շարժումը պետք է դառնա քաղաքական ուժ եւ օգտվի խաղաղ գործընթաց սկսելու՝ ավելի վաղ կառավարության կողմից արված առաջարկությունից, հաղորդել է ՏԱՍՍ-ը: