«Վստահ եմ, որ մենք այդ օրն ունենալու ենք լեփ-լեցուն հրապարակ». Արայիկ Հարությունյան

«Դեռ չենք քննարկել հրապարակում տարբեր ուժերի միաժամանակ գտնվելու հարցը և հստակ տեղեկություն չունենք` ովքեր և որ օրերին են հայտ ներկայացրել։ Սովորաբար, երբ մի քանի ուժեր հայտ են ներկայացնում, քաղաքապետարանը բավարարում է դրանք, և քաղաքական ուժերն իրենք պետք է համակարգեն իրենց գործողությունները տեղում։ Երբ ունենանք ցանկը, թե որ ուժերն են այդ օրերի համար հայտ ներկայացրել, կքննարկենք և արդեն կունենանք պատասխանը, թե ոնց ենք գործելու։ Իհարկե, որոշ բանակցություններ պետք է վարենք, որ ամեն ինչ կարգին անցնի։

Մենք էլ բավականին շատ տարբեր օրերի համար հայտեր ենք ներկայացրել, բայց միջոցառումներ կանցկացնենք այն օրերին, երբ մեզ հարմար է։ Գուցե մյուս ուժերն էլ նման տակտիկայով են վարվում։ Ամեն դեպքում, կբանակցենք, կարծում եմ, որ խնդիր չպետք է առաջանա»,- 168.am-ի հետ զրույցում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Արայիկ Հարությունյանը՝ մեկնաբանելով գրեթե նույն օրերին Ազատության հրապարակում նախատեսվող միջոցառումների անցկացումը 3 տարբեր ուժերի կողմից։

Սերժ Սարգսյանի՝ երկրի ղեկավարման երրորդ ժամկետի դեմ պայքարելու նպատակով, հիշեցնենք, միանգամից 3 տարբեր ուժեր նախատեսում են հաջորդ շաբաթվանից գրեթե նույն օրերին Ազատության հրապարակում միջոցառումներ իրականացնել: Երևանի քաղաքապետարանն ի գիտություն է ընդունել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ծանուցումը՝ Ազատության հրապարակում ապրիլի 13-17-ն անընդմեջ, «Երկիր Ծիրանի» կուսակցության ծանուցումը՝ ապրիլի 9-11-ին ու 17-21-ը, և «Հանուն Հայաստան պետության ճակատի» հայտը՝ ապրիլի 2-20-ը հանրահավաքներ և երթեր իրականացնելու մասին։

Հարցին, թե հաշվի առնելով, որ ըստ էության նույն նպատակի համար է պայքարը, հնարավո՞ր է ուժերը միատեղել, Ա.Հարությունյանը պատասխանեց. «Չեմ կարող ասել, ամեն ուժ իր նախապայմանն է առաջ քաշում, դա միայն բանակցություններով կարող է լուծվել կամ չլուծվել։ Այդ հարցը չենք քննարկել, որ կարողանամ պաշտոնական դիրքորոշում հայտնել»։

Նա նշեց, որ ապրիլի 13-ին ՔՊ-ն հանրահավաք կանցկացնի, և որքան մարդ հավաքվի այդ օրը, ըստ այդմ` գործողություններ կիրականացնեն. «Մենք գործողությունների պլաններ ունենք մարդկանց ցանկացած քանակի հանահավաքի համար, բայց ես վստահ եմ, որ մենք այդ օրն ունենալու ենք լեփ-լեցուն հրապարակ»։

Այս օրերին ՔՊ-ի քայլերթը, ըստ նրա, ունի 2 նպատակ՝ մարդանց տեղեկացնել այս իրադարձության մասին, և քաղաքական օրակարգում այս հարցը հիմնական դնել։ «Կարծում եմ՝ մենք կարողացել ենք այս խնդիրները լուծել։ Դեռ ունենք 7 օր, և էլեկտրոնային մամուլի էջերում սա թիվ 1 օրակարգային հարցն է, իշխանության վերահսկողության տակ գտնվող հեռուստաալիքներն ամբողջությամբ բլոկադայի են ենթարկել այս թեման առաջին օրերին, բայց հիմա արդեն սառույցը կոտրվել է, որովհետև որքան էլ ցանկանան, չեն կարող խուսափել այս հարցի քննարկումից։ 14 օրերի հիմնական նպատակը մարդկանց խնդիրը ներկայացնելն է, մարդկանց մտածել տալն է, ներգրավումն ապահովելն է և ամսի 13-ին 14+4-ի հաջորդ 4 օրերի ծրագրերի նախապատրաստումը»,- ասաց Ա.Հարությունյանը։

Տեսանյութեր

Լրահոս