Արաբական պետությունների լիգան արտահերթ նիստ է գումարում Գազայի հատվածում բախումների շուրջ
Արաբական պետությունների լիգան ապրիլի 3-ին Կահիրեում կազմակերպության մշտական ներկայացուցիչների մակարդակով արտահերթ նիստ կանցկացնի Գազայի հատվածի իրադրությունը քննարկելու համար, որի սահմանին բախումներ են տեղի ունեցել պաղեստինցի ցուցարարների ու իսրայելցի զինվորականների միջեւ:
Այդ մասին հայտնել է MENA եգիպտական գործակալությունը: Ինչպես գործակալությանը հայտնել է տարածաշրջանային կազմակերպության գլխավոր քարտուղարի՝ Պաղեստինի հարցերով տեղակալ Սայիդ Աբու Ալին, հանդիպման ընթացքում ԱՊԼ-ն կքննարկի «Իսրայելի հանցագործությունները պաղեստինցի ցուցարարների դեմ»: Արտահերթ հանդիպում անցացնելու կոչով դիմել է Պաղեստինը: Նրան պաշտպանել են Եգիպտոսը, Քուվեյթը եւ Հորդանանը:
Մարտի 30-ին հազարավոր պաղեստինցիներ են մասնակցել բողոքի այն ակցիաներին, որոնք նվիրված էին այդ օրը նշվող Հողի օրվան: Գազայի հատվածի եւ Իսրայելի սահմանին հավաքված ցուցարարները պահանջում էին պաղեստինցի փախստականներին վերադարձնել իրենց հայրենի օջախներ: Շատ շրջաններում ժողովրդական ելույթները վերածվել են իսրայելական զորքերի ու ոստիկանության հետ բախումների, ինչի հետեւանքով զոհվել են 16 պաղեստինցիներ, վիրավորվել է շուրջ մեկուկես հազար մարդ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: