Շարմազանովը կեղծ օրակարգ է համարում ՀՀ-ում կառավարության ձևավորման գործընթացն իշխանափոխության օրակարգ ներկայացնելը

Ազգային ժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը կեղծ օրակարգ է որակում ապրիլին ՀՀ-ում կառավարության ձևավորման գործընթացը որպես իշխանափոխության օրակարգ ներկայացնելը: ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ հանդիպմանը Շարմազանովն ընդգծեց, որ 2017թ. ապրիլի 2-ի ընտրությունները ցույց տվեցին, որ Հայաստանում հետընտրական զարգացման և որևէ դժգոհության կարիք չկա: «Դրա վառ ապացույցն այսօրվա իրավիճակն է: Իսկ այն, որ մի քանի ուժեր կարող են հավաքվել և իրենց դժգոհությունը հայտնել, դա Սահմանադրությամբ նրանց տրված լիազորությունն է, կարող են ցույցեր անել, սակայն դա կեղծ քաղաքական օրակարգ է: Ըստ Սահմանադրության՝Հայաստանի քաղաքացին է ընտրությունների միջոցով ձևավորում իշխանություն և ընդդիմություն, ինչն էլ Հայաստանի քաղաքացին արել ե, իսկ մեր պարտքն է հարգել Հայաստանի քաղաքացիների կարծիքը: Ապրիլին կառավարության ձևավորումը փորձել ներկայացնել իշխանափոխության կամ նոր իշխանության ձևավորման օրակարգ, կեղծ օրակարգ է, որովհետև ապրիլին կայացած ընտրությունների միջոցով մեր քաղաքացին իշխանությունն արդեն ձևավորել է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նշեց Շարմազանովը՝

Նրա խոսքով՝ ընտրությունների միջոցով Հայաստանում իշխանությունն ու ընդդիմությունը մինչև 2022թ. ձևավորված են: «Վաղը ես նույն կարծիքին կլինեմ, եթե 2022թ. Հայաստանի քաղաքացին իր ձայնը տա ոչ թե Հանրապետականին, այլ մեկ ուրիշ կուսակցության: Մենք կարողացել ենք կազմակերպել շատ դրական ընտրություններ, որոնք բոլոր միջազգային կառույցները բարձր գնահատականի են արժանացրել: Որևէ մեկի մոտ խորհրդարանական ընտրությունները կասկած չեն առաջացրել, իսկ հիմնական ընդդիմադիր խաղացողներն այսօր խորհրդարանում են: Խոսքը «Ծառուկյան» դաշինքի և «Ելք» դաշինքի մասին է»,- ասաց Էդուարդ Շարմազանովը:

Տեսանյութեր

Լրահոս