Բաժիններ՝

«Չեք գտնի մի եվրոպական երկիր, որտեղ սեզոնով պայմանավորված՝ պտուղ-բանջարեղենի գինը տասն անգամ տարբերություն ունենա, ինչպես, օրինակ, լոլիկը՝ Հայաստանում»

ՀՀ ԳԱԱ էկոկենտրոնի սննդի շղթայի ռիսկերի գնահատման կենտրոնի ղեկավար, սննդագիտության դոկտոր Դավիթ Պիպոյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսեց սննդամթերքի անվտանգության ռիսկերի, սպառման շուկայում առկա խնդիրների մասին։ Նա նախ նշեց, որ հասարակության մեջ իրազեկման ցածր մակարդակն է բացասական ազդեցություն թողնում և խնդիրներ առաջացնում:

«Վերջին երկու տարիների ընթացքում մեր հետազոտությունները փաստեցին, որ Երևանում մթերքի ձեռքբերման հիմնական չափորոշիչը գինն է, սննդակարգի ձևավորման հարցում մեծ դեր ունի հենց գինը: Երևանի բնակիչների սննդակարգը տարվա ընթացքում մի քանի անգամ թռիչքային փոփոխություների է ենթարկվում։ Մասնավորապես, ամռան ամիսներին բանջարեղնը մատչելի է, իսկ ձմռան ամիսներին՝ մի քանի անգամ թանկ, ինչի հետևանքով ամռանը բանջարեղենի սպառումն ավելի մեծ է լինում, քան ձմռանը, ինչը խնդրահարույց է»,- ասաց նա՝ նկատելով, որ, եթե ամռանը մեզ մոտ լոլիկի գինը 180 դրամ է, ապա ձմռանն այն դառնում է 1800 դրամ, ինչը լուրջ խնդիր է։

Պիպոյանը նկատեց՝ շատերը դա պայմանավորում են նրանով, որ երևանցիները չեն սիրում ոչ սեզոնային լոլիկ օգտագործել, բայց դա, ըստ նրա՝ կեղծ կոնցեպտ է. «Նախորդ տարի, երբ հունվար, փետրվար, մարտ ամիսների ընթացքում շուկայում վաճառվում էր թուրքական լոլիկ, որը բավականին մատչելի էր, Երևանում այդ լոլիկից մեկ գրամ չի թափվել, մարդիկ ձեռք են բերել և օգտագործել։ Չեք գտնի մի եվրոպական երկիր, որտեղ սեզոնով պայմանավորված որևէ պտուղ-բանջարեղենի գինը տասն անգամ տարբերություն ունենա, ինչպես, օրինակ, լոլիկը՝ Հայաստանում, և մասնավորապես, Իտալիայում գյուղատնտեսական մթերք կա, որ երկու անգամ էժան է, քան Հայաստանում»։

Դավիթ Պիպոյանն ընդգծեց՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ 2015, 2016, 2017 թվականներին երևանցիները սիրում էին ավելի շատ կարմիր միս օգտագործել, քան սպիտակ միս (հավի միս), սակայն թանկացումներից հետո դինամիկան փոխվել է, և 250 տոկոսով ավելացել է թռչնամսի սպառումը. «Սննդի ռիսկերն առաջանում են, երբ սպառողը մեկ սննդամթերքն օգտագործում է  երկար ժամանակ և մեծ քանակությամբ»։

Նա նկատեց՝ երբ Երևան քաղաքի սննդակարգը համեմատում ենք տարբեր երկրների սննդակարգի հետ՝ տեսնում ենք, որ մեզ մոտ թարմ պտուղ-բանջարեղենի սպառումը կազմում է բարձր տոկոս հատկապես ամռան ամիսներին, ինչն ըստ նրա՝ լուրջ խնդիր է, քանի որ մեծ քանակի պտուղ-բանջարեղենը նաև մեծ քանակի թունաքիմիկատներ է պարունակում։

Այս համատեքստում նա անդրադարձավ գյուղացիների՝ բակից բակ շրջելուն և գյուղացիական ապրանքը վաճառելուն, և նշեց, որ այդտեղ չկա պետական վերահսկողություն, ոչ ոք չի կարող երաշխավորել, թե ինչ թունաքիմիկատներ են պարունակում այդ մթերքները: Մյուս կողմից՝ նա նկատեց, որ այդպիսի վաճառքի արգելանքը կառաջացնի գյուղացիական տնտեսությունների  բողոքը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս