«Բրյուսելյան պաշտոնյաները միշտ շատ բարի աչքերով են նայելու ամենին, ինչ կատարվում է Հայաստանում»

Հարցազրույց Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային համակարգող Բորիս Նավասարդյանի հետ

– Պարոն Նավասարդյան, Հայաստան-ԵՄ համագործակցության խորհրդի համանախագահներ Էդվարդ Նալբանդյանն ու Ֆեդերիկա Մոգերինին ստորագրել են ՀՀ-ԵՄ գործընկերության առաջահերթությունների իրագործման մասին փաստաթուղթ։ Ի՞նչ առաջնահերթությունների մասին է խոսքը:

– Դա այն ուղղություններով աշխատանքն է գործընկեր երկրների հետ, որոնք նախատեսվել են մինչև 2020 թվականը Եվրամիության կողմից ու համաձայնեցվել են, և համապատասխանաբար՝ այդ առաջնայնություններն ընդունելու առումով այդպիսի երկկողմանի համաձայնագրերը գործընկեր երկրների հետ անհրաժեշտ են, նաև այդ ստորագրումը հաստատում է, որ Հայաստանը պատրաստ է համապատասխան ուղղություններով աշխատել, իսկ Եվրամիությունը պատրաստ է համապատասխան ֆինանսական աջակցություն տրամադրել:

– Հայտարարվել է, որ Հայաստանը վավերացման գործընթացը կավարտի ապրիլ ամսին: Այս ժամկետը կապ ունի՞ մեր երկրում կառավարման համակարգի փոփոխության հետ:

– Կարծում եմ` մեզ մոտ ամեն ինչ է կապված կառավարման համակարգի փոփոխման հետ, որովհետև դա այս պահին մեր իշխանությունների համար հիմնական խնդիրն ու հիմնական նպատակն է, և ցանկացած ուղղությամբ մնացած բոլոր քայլերը կարծես թե կարելի է ակնկալել միայն այդ փոփոխությունն իրականություն դարձնելուց հետո:

Թեև վավերացման գործընթացի ժամկետներն ինքնին այդքան կարևոր չեն այս պահին, որովհետև այն հիմնական քայլերը, որոնք կարելի է իրականացնել երկկողմանի համաձայնագրի ապահովման առումով, դրանք կարելի է սկսել նաև հիմա:

Հայաստանի կողմից վավերացման ժամկետը հիմնականում այն քաղաքական նշանակությունն ունի, որ կարող է նաև արագացնել ԵՄ անդամ երկրների կողմից վավերացման գործընթացը, որովհետև պարզ է, որ շատ երկրներ կցանկանան ամեն դեպքում ունենալ Հայաստանի կողմից վավերացված համաձայնագիր` ի տարբերություն Էստոնիայի, որը չսպասեց ՀՀ-ի կողմից վավերացմանը` ելնելով նրանից, որ Էստոնիան նախորդ կես տարվա ընթացքում նախագահում էր Եվրամիությունում և պետք է պրոակտիվ գործեր այդ դաշտում, բայց այլ երկրների համար Հայաստանի կողմից արագ վավերացումը կարող է որոշակի նշանակություն ունենալ և կարող ենք սպասել, որ անմիջապես Հայաստանի կողմից վավերացումից հետո կսկսվի նաև ավելի արագ տեմպով վավերացումը ԵՄ անդամ երկրների կողմից:

– Խնդիր չե՞ք տեսնում այդ հարցում:

– Խնդիրներ կարող են առաջանալ, իհարկե, բայց ՀՀ-ի կողմից վավերացման մեջ ես, բնականաբար, խնդիր չեմ տեսնում, կարծում եմ՝ այն կվավերացվի, իսկ այլ կոնկրետ երկրների հետ կապված ապագան ցույց կտա, թեև արդեն այն հանգամանքը, որ համաձայնագրի ստորագրման առումով ակնկալվող բոլոր խոչընդոտները, փաստորեն, իրականություն չդարձան, դա նշանակում է, որ վավերացման գործընթացում էլ դժվար թե մենք ունենանք որևէ խնդիր:

Միակ խնդիրը կարող է առաջանալ, եթե Հայաստանի կողմից չնկատվի հնարավոր շահագրգռվածություն՝ համաձայնագիրն իրականացնելու առումով, իսկ դա կերևա մոտակա ամիսների ընթացքում: Ինչպես մենք լսել ենք ԱԳ նախարար Նալբանդյանի կողմից, լուրջ աշխատանքը համաձայնագրի առումով կսկսվի մայիս-հունիս ամիսներին: Եվ դրանից հետո պարզ կլինի` արդյո՞ք Հայաստանի մտադրությունը լուրջ է այդ առումով:

– Այսինքն` կասկածներ ունեք, որ այդքան էլ լոււրջ չէ, ի՞նչը կարող է խանգարել:

– Համաձայնագիրը ենթադրում է բավականին լուրջ բարեփոխումներ տարբեր ոլորտներում, և արդյոք Հայաստանը պատրա՞ստ է և կարո՞ղ է այդ բարեփոխումներն ապահովել, դժվար է ասել: Թեև մենք նկատում ենք, որ բավականին հանդուրժող է այդ  առումով ԵՄ-ն` որպես բյուսելյան ինստիտուտներ, բայց կարող են լինել առանձին պետություններ, որոնք կուզենան Հայաստանի կողմից ավելի հետևողական գործունեություն բարեփոխումների առումով, դա ամեն դեպքում չի կարելի բացառել, որ որոշակի վերապահումներ լինեն բարեփոխումների իրականացման և՛ տեմպերի, և՛ որակի նկատմամբ:

 

Տեսանյութեր

Լրահոս