Բաժիններ՝

«Եվրատեսիլն իմ վաղեմի գաղափարներն իրականացնելու հնարավորություն կարող է տալ». Գևորգ Հարությունյան

Երիտասարդ և խոստումնալից երգիչ Գևորգ Հարությունյանը 2005 թվականից հետևում է «Եվրատեսիլ» երգի մրցույթին: Նա հաճախ է իրեն պատկերացրել այդ բեմում: Եվրատեսիլյան հարթակում իր վաղեմի երազանքներն իրականացնելու նպատակով Գևորգը «Stand up» (Վեր կաց) երգով մասնակցում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծին:

«Նախորդ տարի մասնակցեցի այդ ծրագրին, բայց այս անգամ ավելի ոգևորված եմ, քանի որ ձևաչափը փոխվել է և հնարավորություն ունեմ կյանքի կոչել իմ գաղափարներից մեկը»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց երգիչը:

Նա շեշտեց, որ, հետևելով Եվրատեսիլին, եկել է այն եզրակացության, որ այդ մրցույթն անկանխատեսելի է: «Ամեն տարի խոսվում է ենթադրյալ ֆավորիտների մասին. նախորդ տարի նշում էին, որ Իտալիան է հաղթելու, քանի որ այդ երկրի ներկայացուցչի երգը վեց միլիոն դիտում ուներ, բայց դա կարևորություն չունեցավ: Ըստ իս` այդ մրցույթում էական է կենդանի լավ կատարումը, բեմադրությունը»,-ասաց նա:

Գևորգ Հարությունյանի երգն այն մասին է, որ անկախ դժվարություններից, շրջապատող բացասական իրականությունից միշտ պետք է ոտքի կանգնել, պայքարել նպատակների իրականացման համար:

Նա ընդգծեց, որ չի հոգնել իր երգից և դեռ հավատում է դրան:

«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիսաբոնում: Մրցույթին կմասնակցեն 42 երկրների ներկայացուցիչներ: «All Aboard» («Բոլորս դեպի տախտակամած») թեմատիկ նշանաբանի ներքո բոլորը հրավիրվում են Եվրոպայի երաժշտության տոնին:

Թվով 63-րդ մրցույթի մասնակիցների ցուցակում են Ռուսաստանը, Ալբանիան, Հայաստանը, Ավստրալիան, Ավստրիան, Իռլանդիան, Նորվեգիան, Լեհաստանը, Պորտուգալիան, Ռումինիան, Սան Մարինոն և այլ երկրներ:

«Եվրատեսիլ-2018»-ի եզրափակիչները կկայանան մայիսի 8-ին և 10-ին, եզրափակիչը՝ մայիսի 12-ին:

«Եվրատեսիլ-2018» երգի միջազգային մրցույթին Հայաստանը կներկայացնի այն արտիստը, ով կդառնա «Դեպի Եվրատեսիլ» նախագծի հաղթողը: Հանրայինը հայտարարում է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի նոր եթերաշրջանի մասնակիցների հայտերի ընդունումը: Այս եթերաշրջանում երգիչները կկարողանան ներկայանալ իրենց երգերով եւ հաղթելու պարագայում տվյալ ստեղծագործությունն էլ հնչեցնել «Եվրատեսիլ- 2018»-ին: Երգը պետք է գրված լինի հատուկ նախագծի համար կամ նախկինում հրապարակված չլինի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս