«Իրանը Հայաստանին հարաբերությունների այլ բովանդակություն է առաջարկում, քան եվրասիական օրակարգը». Իրանցի քաղաքագետ
Փետրվարի 12-ին ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին մի շարք ուշագրավ դիտարկումներով է հանդես եկել, որոնք նման են հայկական կողմին ուղղված նախատինքի:
ԵՊՀ-ում կազմակերպված հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ այս պահի դրությամբ էներգետիկ ոլորտում Իրանը շատ լավ համագործակցություն է ձևավորել Հայաստանի հետ. «Վերջերս երկարաձգվեց միջկառավարական «Գազ՝ էլեկտրաէներգիայի դիմաց» պայմանագիրը, որի շրջանակում պետք է երրորդ էլեկտրահաղորդման գիծը շահագործման հանձնվի, հուսով եմ՝ մոտ ապագայում ականատես կլինենք այդ ծրագրի իրականացմանը։ Ըստ պայմանավորվածության՝ Իրան արտահանվող էլեկտրաէներգիայի ծավալի դիմաց Հայաստանը գազ կստանա։ Մենք ծրագրում ենք «Սուափի» շրջանակում համագործակցություն ձևավորել։ Եթե Հայաստանին կհաջողվի Իրանի հարևան պետություններից գազ գնել, մենք պատրաստ ենք նաև մեր մասնակցությունն ունենալ այդ ծրագիրն իրականացնելու հարցում»։
Դեսպանի խոսքով՝ Իրանը պատրաստ է հարմար գներով գազ վաճառել Հայաստանին. «Այս հարցը նաև քննարկվում է, ես հուսով եմ, որ առաջընթաց կունենանք։ Եթե էներգետիկ ոլորտում Հայաստանը մի փոքր աշխուժանա, ես կարծում եմ, որ շատ մեծ քայլեր կձեռնարկվեն, և դա կնպաստի, որպեսզի ՀՀ-ում աշխատատեղեր ստեղծվեն»։
Ինչ վերաբերում է Մեղրու հէկ-ի գործարկման երկարաձգմանը, ապա դեսպանն ասել է, որ մոտ ապագայում Իրանից պետք է պատվիրակություն այցելի Հայաստան, որպեսզի այդ ծրագիրը փորձեն վերջնական տեսքի բերել. «Ուշացման պատճառը մենք չենք եղել։ Կառավարություններն աշխատում են, երկարաձգումը ներգրավված ընկերությունների պատճառով է»։
ԵՏՄ-ի հետ Իրանի համագործակցության վերաբերյալ հարցին ի պատասխան, դեսպանն ասել է, որ այդ թեման ՀՀ ղեկավարության կողմից բազմիցս արծարծվել է, բայց իրանական կողմը որևէ շոշափելի բան չի նկատել. «Եթե դուք որևէ շոշափելի բան նկատել եք, մեզ տեղեկացրեք»։
Անդրադառնալով Արցախի հարցին՝ դեսպանն ասել է. «Դուք չպետք է թույլ տաք, որ ձեր երկրում հաստատված խաղաղ կյանքը խարխլվի։ Այն իրանցին, որն այցելում է Հայաստան, այս խաղաղ և հանգիստ վիճակի համար է այցելում, եթե դա չլինի, այդ հնարավորությունն էլ հայկական կողմը ձեռքից բաց կթողնի։ Օրինակ՝ տարիներ է պահանջվել այս շենքի կառուցման համար, բայց այն ավերելն ընդամենը մի քանի օրվա հարց է»։ «Հյուսիս-Հարավ» մայրուղու ծրագրի հետ կապված էլ ենք պատրաստ, ուղղակի պետք է համատեղ ներդրումներ իրականացնել այս ուղղություններում։ Դուք առաջ եկեք, մենք էլ քայլ կանենք»:
168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, թե, ինչպես երևում է, դեսպանը շատ է անկեղծացել:
«Բնականաբար, սրանք հստակ ուղերձներ էին հայկական կողմին, ավելի հստակ չէր կարող լինել: Գլխավոր ուղերձն այն է, որ Իրանը Հայաստանից ակնկալում է երկկողմ հարաբերությունների խորացում մի քանի թիրախային ուղղություններով, որոնցից գլխավորն էներգետիկ ոլորտն է, այստեղ մեծ ներուժ կա, թե ինչով են զբաղված կողմերը, ինչու են ծրագրերը կանգնել՝ որևէ մեկը չգիտի հստակ:
Անկախ բոլոր գործոններից, սա երկու կողմից կախված հարց է: Եթե իրանցի դեսպանը հայկական կողմին ակտիվանալու կոչեր է անում, նշանակում է, որ իրանական կողմն իր անելիքն արել է, համապատասխան առաջարկներով դիմել է, սակայն պատասխանները հայկական կողմից ուշանում են կամ ընդհանրապես չեն լինում: Դեսպանի կարևոր միտքը վերաբերում էր Իրան-ԵՏՄ համագործակցությանը: Հայաստանը տարիներ առաջ բարձրացրեց Իրան-ԵՏՄ համագործակցության և այս երկու կողմերի միջև կամուրջ դառնալու հարցը, և դա եղավ պատժամիջոցների չեղարկման փուլին զուգահեռ: Իրանի դեսպանը ցույց է տալիս, որ հայ-իրանական հարաբերությունների եվրասիական բովանդակությունն Իրանին հետաքրքիր չէ, հետաքրքիր այլ ոլորտներ կան` գազի արտահանում, տարանցում, «Հյուսիս-Հարավ» մայրուղի, անվտանգության ոլորտում համագործակցություն և հարաբերությունների խորացում:
Հայաստանը Իրանի հետ հարաբերությունները մեծապես կապում է Եվրասիական տնտեսական միության հետ, որը, դեսպանի խոսքերից պարզ է դառնում, որ անհետաքրքիր օրակարգ է իրանական կողմի համար»,- ասաց Բարզեգարը:
Նրա խոսքով, Ռուհանիի Հայաստան կատարած այցի ընթացքում նմանատիպ ուղերձներ հնչել են: «Ամենայն հավանականությամբ, հայկական կողմն այս հարցերի ուղղությամբ ընդառաջ քայլ չի անում, որն էլ նման դիտարկումներով հանդես գալու և պատասխաններ կորզելու որոշման պատճառ է դարձել»,- ասաց Բարզեգարը:
Իրանցի վերլուծաբանի կարծիքով, բնականաբար, հայ-իրանական հարաբերություններում ստեղծված իրավիճակն ունի հեշտ լուծումներ: «Այս հարաբերություններում կա երրորդ կողմի բավականին հզոր ազդեցություն, որի առկայության պայմաններում հայ-իրանական հարաբերությունները տեղից չեն շարժվի: Կարծում եմ` այլ ելք չկա, կողմերը պետք է սկսեն քիչ-քիչ շարժվել առաջ, փոքր քայլերով, ստուգելով նաև երրորդ կողմերի արձագանքները:
Սակայն երրորդ կողմերի համար ևս այս համագործակցությունն օգտակար կլինի, այն կօգնի Հայաստանին լուծել շատ ներքաղաքական, տնտեսական և արտաքին քաղաքական խնդիրներ: Գուցե ռուսական արձագանքն այնքան ուժգին չլինի, որքան հայկական կողմն է պատկերացնում: Այնուամենայնիվ, Հայաստանն ինքնիշխան երկիր է, սրանք ծրագրեր են, որոնք կենսական ազդեցություն կարող են ունենալ ողջ տարածաշրջանի վրա՝ լուծելով նաև Հայաստանի անվտանգության պակասը: Այս բոլոր խնդիրները փոխկապակցված են, լուծելով մեկը՝ Հայաստանը կարող է լուծել նույնիսկ բոլոր արտաքին քաղաքական խնդիրները»,- ակնարկեց իրանցի քաղաքագետը: