Ավանդական Օպերային պարահանդեսը՝ Վիեննայում
Վիեննայում կայացել է ավանդական Օպերային պարահանդեսը՝ աշխարհում ամենահայտնիներից եւ Ավստրիայում ամենահեղինակավորներից մեկը: Այն ավարտում է տարեշրջանը, որի ընթացքում մայրաքաղաքում անցկացվում են երեք հարյուրից ավելի պարահանդեսներ։
Միջոցառումը բացվել է պոլոնեզով՝ 144 զույգ դեբյուտողների կատարմամբ, այնուհետեւ նրանք պոլկա են պարել: Դրանից հետո մեկնարկել է համերգը՝ Վիեննայի պետական բալետի ու օպերայի մենակատարների մասնակցությամբ: Յոհան Շտրաուս-որդու՝ «Հիանալի կապույտ Դանուբի վրա» վալսի ժամանակ զույգերը հյուրերին Alles Walzer! («Վալս են պարում բոլորը») արտահայտությամբ հրավիրել են միանալ իրենց:
Պարահանդեսին երաժշտությունը կատարել է Վիեննայի օպերայի 150 մարդուց բաղկացած նվագախումբը:
17-ից մինչեւ 24 տարեկան դեբյուտողներին ընտրում է ժյուրին, որը բաղկացած է խորեոգրաֆներից, Վիեննայի պետական բալետի մենակատարներից, պարի ուսուցիչներից: Գլխավոր չափանիշը գերազանց պարային հմտություններն են:
Մասնակիցներ կարող են դառնալ ոչ միայն Ավստրիայի բնակիչները, բայց պարահանդեսի բացմանը կարելի է մասնակցել միայն մեկ անգամ: Միջոցառումը հեռարձակվում է ուղիղ եթերով, այն դիտում է մոտավորապես 1,5 մլն մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը: