Բաժիններ՝

«Նմանատիպ պատուհասներ գոյություն ունեն». Ինչո՞ւ են փաստաբանների և դատախազների նկատմամբ տուգանք կիրառելու

«Մեզանում փաստաբանների և դատախազների նկատմամբ տուգանքի կիրառման փորձ չկա, և, եթե անհրաժեշտություն ծագի պաշտպանիչ մեխանիզմներ մտցնել այս կամ այն կողմի համար, լրացուցիչ ժամկետներ` բողոքարկման, որոշումը ներկայացնելու, և այլն, դժվարություն կա սահմանադրական օրենքի մակարդակով փոփոխություններ կատարելու: Ինչպես գիտեք, այդ օրենքը պահանջում է ավելի բարձր քանակի ձայներ խորհրդարանում: Եվ որպեսզի խուսափենք դրանից և ունենանք այն օրենքներում, որտեղ կարող ենք ավելի ճկուն լինել և, ըստ անհրաժեշտության, փոփոխություններ կատարել ավելի հեշտ եղանակով:

Դրանով է պայմանավորված առաջարկությունը` այդ նորմերը տեղափոխել Դատավարական օրենսգիրք»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը` ԱԺ Պետաիրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում Դատական օրենսգիրքը ներկայացնելուց հետո:

Ըստ նրա` չնայած Փաստաբանների պալատի դիրքորոշմանը, տուգանքների այս մոտեցումից հրաժարվելու որևէ հնարավորություն չկա: Դ.Հարությունյանը համարում է, որ և՛ փաստաբանը, և՛ դատախազը պարտավոր են դատարանում իրենց պատշաճ պահել և չխանգարել ու չխոչընդոտել դատարանի աշխատանքը:

Նախարարը մերժեց, որ տուգանքների անհրաժեշտությունը «Սասնա ծռերի» դատավարության ընթացքում վերջին դեպքերի հետ է կապված. «Եթե այդպես լիներ, ապա մենք դրույթն ուժի մեջ չէինք դնի 1 տարի անց` 2019 թ. հունվարի 1-ից, իսկ առաջարկել ենք հենց այդ ձևով, որպեսզի որևէ մեկի մոտ կասկած չառաջանա, որ սա պայմանավորված է կոնկրետ դատարանով»:

«Ցավոք, մենք ունենք փաստաբաններ, որոնք կարողանում են դարձյալ չարաշահել դատավարական իրավունքները՝ համարելով, որ իրենք ազատ են ցանկացած գործողություն կատարել: Օրինակ` մենք ունենք դեպք, երբ 37 նույնաբովանդակ միջնորդություններ են հնչեցվել դատարանում: Այնպես որ, նմանատիպ պատուհասներ գոյություն ունեն, և մենք պետք է նման դեպքերը կանխենք»,- հավելեց Դ.Հարությունյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս