Բաժիններ՝

«Այսօր ՀՀ բուհերը դարձել են ուսանող գողացողներ». Վարդան Բոստանջյան

«Հասկանալով, թե չհասկանալով՝ միջազգային որոշակի պարտավորություններ ենք վերցրել, բայց այդ պարտավորությունները կարողնալո՞ւ ենք կատարել, թե՞ չենք կարողանալու կատարել։ Ես բավականաչափ երկար ժամանակ ԱԺ-ում լինելով՝ հասկացել եմ, որ միջազգային պարտավորությունների կատարումը մեզ մոտ իմիտացիոն բնույթ է կրում»,- այսօր «Հոդված 3» ակումբում կազմակերպված «Բարձրագույն կրթության նոր օրինագիծ. խնդիրների լուծմա՞ն, թե՞ խորացման օրենք» թեմայով քննարկման ժամանակ ասաց ՀՀ ԱԺ Գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանը՝ ընդգծելով, որ դա մասնավորապես վերաբերում է «Բարձրագույն կրթության մասին» օրենքի նախագծին։

«Այս օրենքի նախագիծը թող լինի, թող բարեփոխումը լինի, միջազգային պարտավորությունների դաշտում ճշտով մենք հանգրվանենք, բայց ես ուզում եմ հասկանալ՝ դա ՀՀ բարձրագույն կրթության մակարդակը բարձրացնո՞ւմ է, թե՞ ոչ, որակը, որպես այդպիսին, 21-րդ դարի կյանքի պահանջներին համապատասխանո՞ւմ է, թե՞ ոչ։ Ես՝ որպես տրամաբանող մարդ, ասում եմ, որ այս նախագծի հակասությունները, կարճ միացումները բավականաչափ շատ են։ Հոգաբարձուների խորհրդի մասով օրենքում նշվում է, որ նշանակելու է վարչապետը, հետո ասվում է, որ գիտխորհուրդը պետք է ընտրի՝ այսինչ համամասնությամբ։ Դուրս է գալիս, որ, եթե ես ընտրել եմ, վարչապետը վերջին հաշվով հաստատելու է իր ուզածին, այսինքն՝ ըստ էության, այդ հոգաբարձուների խորհուրդ կոչեցյալը դառնում է ոչ այլ ինչ, քան օղապարան տվյալ բուհի ինքնավարության, ակադեմիական ազատոությունների և այլնի վրա, այս ինստիտուտները վտանգող երևույթ է դառնում»։

Այս նախագծի ամենակարևոր հատվածը, ըստ Բոստանջյանի՝ պետք է լինի կառավարման արդյունավետության բարձրացումը բուհերում. «Այս խնդիրը լուծված չէ։ Նրանք կառավարելու են՝ ինչպես իրենք են ուզում, և մեռցնում են բոլոր առողջ մտքերը։ Այսօր ՀՀ բուհերը դարձել են ուսանող գողացողներ, որպեսզի ուսանողները գան՝ փող մուծեն, և կարևոր չէ՝ կսովորե՞ն, թե՞ ոչ։ Կարևորը՝ փող մուծեն, որ բուհն ունենա հնարավորություն, որպեսզի դառնա հարկատու։ Եթե բացեք հարկատուների ցուցակը, կտեսնեք, որ առաջին հորիզոնականներում ԵՊԲՀ-ն ու ԵՊՀ-ն են։ Խոցելիությունը հենց գալիս է այդեղից, որ պետական բուհերը դառնում են հարկատուներ»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս