«Սո՛ւտ է, ժողովո՛ւրդ, Վազգենը երբեք չէր կարող ձեռք բարձրացնել Արմենի վրա». Արմեն Սարգսյան

Ի՞նչ է իրականում տեղի ունեցել Վազգեն Սարգսյանի և Արմեն Սարգսյանի միջև

Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում ՀՀ դեսպան, ՀՀ նախկին վարչապետ Արմեն Սարգսյանի՝ ՀՀ 4-րդ նախագահի պաշտոնում ՀՀԿ-ի կողմից առաջադրվելու հանգամանքը «թարմացրեց» հիշողություն-քննարկումներն այն մասին, թե ինչպես Արմեն Սարգսյանը 1997 թվականին հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից, և ինչ հակասություններ նա ուներ այն ժամանակ պաշտպանության նախարար Վազգեն Սարգսյանի հետ։

ՀՌԱՀ անդամ, հրապարակախոս Տիգրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ցանցերում նորից թարմացրեցին հին ու ստոր բամբասանքը, թե իբր Վազգենի ապտակից հետո Արմեն Սարգսյանը 1997-ի փետրվարին «փախավ» Լոնդոն և հրաժարական տվեց վարչապետի պաշտոնից»: «Վազգենի աչքերը դեղնում էին զայրույթից, երբ ինչ-որ տեղ կարդում էր դրա մասին: Արմեն Սարգսյանը լուրջ հիվանդություն ուներ, փառք Աստծո և ժամանակակից բժշկությանը, որ ապաքինվեց: Վազգենի հետ էլ ոչ միայն գործընկերներ էին, այլ նաև պարզապես ընկերներ, բարեկամներ: 1999թ. սեպտեմբերին Արմեն Սարգսյանը Լոնդոնից գալիս է Վաշինգտոն: Վազգենին օգնում է նախապատրաստվել փոխնախագահ Ալբերտ Գորի ու այլ պաշտոնյաների հետ բանակցություններին: Հանդիպումներից առաջ քննարկում էին բոլոր նյուանսները, մի մասին ես մասնակցել եմ, մինչև խորը գիշեր: Հաստատ, լավ ընկերներ էին և համախոհներ: Պետք չի պղծել Վազգենի հիշատակը, պետք չի էժան հնարքներով վարկաբեկել Արմեն Սարգսյանին: Նրանցից ոչ մեկը թույլ չէր տա ո՛չ ապտակել, ո՛չ ապտակն անհետևանք թողնել»,- գրել է Տ. Հակոբյանը։

Թեմայի շուրջ «168 Ժամը» զրուցել է Վազգեն Սարգսյանի եղբոր՝ Արմեն Սարգսյանի հետ։

– 1997-ին իրականում ի՞նչ է տեղի ունեցել Վազգեն Սարգսյանի և Արմեն Սարգսյանի միջև։

– Միանշանակ ասեմ, որ թեման հենց սկզբից փակվի, «ապտակի» մասին լուրերն ամբողջությամբ հերյուրանք են։ Արմեն Սարգսյանին ճանաչում եմ 1996 թվից, մեզ անձամբ ծանոթացրել է Բաբկեն Արարքցյանը Սևանում։ Եվ իմ ճանաչած օրվանից՝ 1996 թվից մինչև 1999թ. հոկտեմբերի 25-ը երկու Սարգսյանների՝ Վազգենի ու Արմենի միջև եղել են ջերմ, մարդկային, նույնիսկ կասեի՝ եղբայրական հարաբերությունների մեջ։ Դա իմ տեսածն է և, կարծում եմ՝ քիչ չեմ տեսել, նրանց հարաբերությունների, շփումների բազմաթիվ անգամներ ներկա եմ եղել։

Եվ վերջին անգամ, երբ ես Վազգենին տեսել եմ կենդանության օրոք, դա եղել է Արմենի հետ, Արմենի կնոջ, Վաչե Մանուկյանի, նրա կնոջ՝ Թամարի հետ, մեր տանը։ Հոկտեմբեր 24-ի լույս 25-ի գիշերը միասին ջերմ օր ենք անցկացրել, և առավոտյան Վաչեն ու Արմենը մեկնում էին Լոնդոն։ Եվ, իրոք, Վազգենի ու Արմենի հարաբերությունները շատ ջերմ էին, ընտանեկան։ Ես կարող եմ հիշել. 1999թ. այդ օրը ՀՀ-ում առաջին ՏԻՄ ընտրություններն էին, այդ օրն էր։ Նրանք հրաշալի, ջերմ հարաբերություններ են ունեցել։ Իմ տեսած ու լսածն է։

Թե կուլիսներում մարդիկ ինչե՞ր են իրենց համար հորինում, ինչե՞ր են ուզում ակնկալել այդ ապտակ եղած-չեղածից, ես նման բան երբևիցե ո՛չ լսել, ո՛չ զգացել եմ, կամ երբևիցե առանձին տեղերում չեմ լսել, որ Վազգենը որևիցե անգամ Արմենից դժգոհ լինի, կամ Արմենի հասցեին որևիցե վատ բառ ասի։ Չկա նման բան, սուտ է, հերյուրանքներ են։

– Այդ դեպքում վարչապետի պաշտոնից Արմեն Սարգսյանի հրաժարականի պատճառը ո՞րն էր։

– Վստահ կարող եմ ասել, որ հրաժարականի միակ պատճառը, կարևորագույնը, ուրիշ պատճառ ես չգիտեմ և չեմ լսել, Արմենի առողջական խնդիրն էր։ Արմենն առողջական խնդիր ուներ, որի համար Վազգենը շատ ծանր էր տանում, և բազմիցս լսել եմ, որ նա միշտ խոսել է՝ Աստված Արմենին առողջություն տա, Արմենը մեզ դեռ շատ է պետք, Արմենը կարգին մարդ է և Հայաստան երկրին շատ է պետք…

Գիտեմ, որ նաև Վազգենի հորդորով Արմենը մեկնեց Լոնդոն՝ հատուկ բուժման, որովհետև իսկապես, փառք Աստծո, որ Արմենն այսօր առողջ է, Աստված տա երկար տարիներ կյանք, ու առողջ լինի միշտ, ես գիտեմ, որ Արմենի հրաժարականի միակ պատճառը եղել է իր առողջական խնդիրը։

– Այսօր Ձեր՝ Սարգսյանների միջև հարաբերություններն ինչպիսի՞ն են։

– Արմեն Սարգսյան և Արմեն Սարգսյան հարաբերությունները բարեկամական են, ընկերական, ջերմ։ Տարվա մեջ 1-2 անգամ հեռախոսազանգեր են եղել, Արմենի հետաքրքրվածությունը հիմնականում մամայի ու պապայի առողջական խնդիրներն են։ Մնացած առումներով որևէ խնդիր չունենք։

– ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից Արմեն Սարգսյանի առաջադրումը ՀՀ նախագահի պաշտոնում ինչպե՞ս եք ընդունում։

– Նորմալ, կարծում եմ, որ լավ թեկնածու է Արմենը՝ ամեն ինչի միջով անցած, Հայաստանի հետ կապերը երբեք չկտրած, երկար տարիներ ՀՀ շահերը պաշտպանել է արտերկրում, եղել է մեր դեսպաններից լավագույններից մեկը, որ կարողացել է մեծ արդյունքների հասնել։ Արմենն անցել է, այսպես ասած, «մեծ շկոլա», բավականին հարուստ կենսագրություն ունի և պատրաստի նախագահ է։

– Սերժ Սարգսյանը, անկախ նրանից, կզբաղեցնի՞ վարչապետի պաշտոնը, թե՞ ոչ, քաղաքական մեծամասնության ղեկավարն է և մնում է իշխանության ղեկին։ Ինչպե՞ս եք տեսնում Սերժ և Արմեն Սարգսյանների համագործակցությունը։

– Սերժ Սարգսյան-Արմեն Սարգսյան համագործակցությունը դրական եմ գնահատում։ Քանի որ անցնում ենք երկրի կառավարման այլ համակարգի, նախագահի և վարչապետի հնարավորությունները կիսվում են և վարչապետինն ավելի բարձր է լինում, բայց Արմեն Սարգսյան և Սերժ Սարգսյան համագործակցութունը շատ վաղուցվա համագործակցութուն է, նաև այդտեղ կա ընկերական գործոնը, պատահական չէ, որ Սերժ Սարգսյանն ինքն է առաջադրել և խնդրել Արմեն Սարգսյանին, որպեսզի ստանձնի այդ պաշտոնը։ Եվ, կարծում եմ, ՀՀԿ-ն կքվեարկի Արմեն Սարգսյանի օգտին։

– Ասվում է, որ նոր Սահմանադրությամբ ապագա նախագահն «Անգլիայի թագուհի» է լինելու։ Ձեր կարծիքով՝ այդ իրավիճակում Արմեն Սարգսյանը կկարողանա՞ իրական փոփոխություններ բերել երկրին։

– Ես կարող եմ կես բառով ասել՝ տերն է զորավոր դարձնում սուրը։ Այստեղ անձից է կախված։ Երբ Վազգենը ՀՀ Պաշտպանության նախարար էր, տղաս ասում էր՝ աշխարհի ամենալավ պաշտոնը Պաշտպանության նախարարի պաշտոնն է, իսկ երբ Վազգենը գնաց վարչապետ, աշխարհի ամենահզոր պաշտոնը դարձավ վարչապետի պաշտոնը։ Այնպես որ, յուրաքանչյուրն իր տեղում ինքը պետք է կարողանա իր պաշտոնը ձևավորել, այնպես ներկայանալ, որ հզորանա։ Բայց, կարծում եմ, Արմենը դրա կարիքը չունի, նա մեծ փորձ ունի, և նախագահ Սարգսյան ու վարչապետ Սարգսյան համագործակցությունը ստացվելու է և որևէ տարաձայնություններ չեն առաջանալու։

– Ի՞նչ հետաքրքիր դրվագ կհիշեք Արմեն Սարգսյանի և Ձեր հարաբերություններից։

– Ինչպես ասացի, ՏԻՄ ընտրությունների օրը հավաքվել էինք, մեծ թենիս խաղացին, Արմենի կինն ու Վազգենը մի թիմ էին, Վաչեի կինն ու Արմենը՝ մյուս թիմը, և բնականաբար, Վազգենը պարտվել չէր սիրում, կռվով-դավով խաղում էին։ Հրաշալի օր էր, որ տպավորվել է ինձ մոտ, որովհետև նաև գիշերը ժամը 24։00-ին մայրս ասաց՝ Վազգե՛ն, եղբորդ կենացը խմեք, ծնունդն է։ Խառնվեցին իրար՝ ոնց թե, բա նվերնե՞ր։ Վաչեին ու Արմենին ասացի՝ ոչինչ, նվերներս հետո կտաք, բայց մոռացան ու պարտք են դեռ, մինչ օրս նվերը չեն տվել…

Այդ օրը շատ լավ քեֆ արեցինք, Վազգենն ու Արմենն իրար կողքի նստած, ձեռքն ուսին գցած՝ երգեցին, պարեցին ու գնացին։ Հոկտեմբերի 25-ի առավոտյան Վաչեն ու Արմենը թռան ինքնաթիռով, ամսի 29-ին վերադարձան և միասին էինք Օպերայի դահլիճում եղել։ Եթե Արմենը Վազգենից նեղացած լիներ, կապը իմ հետ, իմ ծնողների հետ կպահե՞ր։ Բացառվում է։ Կամ հոկտեմբերի 27-ից կարո՞ղ էր Վազգենի համար էդպես ցավալ։ Դուք պետք է Արմենի արցունքները տեսնեիք այդ օրերին, ավելի շատ էր հուզված, քան Վազգենի շատ հարազատ ընկերներ։ Սո՛ւտ է, ժողովո՛ւրդ, Վազգենը երբեք չէր կարող ձեռք բարձրացնել Արմենի վրա։ Կարող է պետական պաշտոնյաների մեջ տարաձայնություններ, քննարկումներ լինեն, բայց մեր պապերի լեզվով ասած՝ այդ «բստրանքները» հերյուրանքներ են։ Վերջ տվեք, ժողովո՛ւրդ։

Տեսանյութեր

Լրահոս