Ամենաշատ պարտքեր ունեցող եվրոպական ֆուտբոլային ակումբները
Եվրոպայում 2016թ․ դրությամբ ամենից շատ պարտքեր ունեցող 20 ֆուտբոլային ակումբների ցանկում 3 թուրքական ակումբ է տեղ գտել։ Թուրքական «Habertürk» թերթի կայքի տեղեկացմամբ՝ այդ ակումբներն են՝ «Գալաթասարայը», «Ֆեներբահչեն» և «Բեշիքթաշը»։
«Գալաթասարայը», որի պարտքը կազմում է 230 մլն եվրո, այս ցանկում գրավել է 11–րդ հորիզոնականը, «Ֆեներբահչեն» 150 մլն եվրո պարտքով զբաղեցրել է 17-րդ հորիզոնականը, իսկ «Բեշիքթաշը» 142 մլն եվրո պարտքով տեղ է գտել 18-րդ հորիզոնականում։
Իսկ եվրոպական ֆուտբոլի աշխարհում ամենից շատ եկամուտներ ունեցող երկրների ցանկում Թուրքիան զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը՝ 734 մլն եվրո եկամտով։
Եվրոպայի ամենաշատ եկամուտներն ունեցող 30 ֆուտբոլային ակումբների ցանկում թուրքական «Գալաթասարայը» զբաղեցրել է 27-րդ (159 մլն եվրո), իսկ «Ֆեներբահչեն»՝ 29-րդ հորիզոնականը (149 մլն եվրո)։
Եվրոպայում հեռուստատեսային հեռարձակումներից ստացված եկամտի ծավալով առաջին տեղում է գտնվում Անգլիան՝ 2․2 մլն եվրո եկամտով, իսկ Թուրքիան 286 մլն եվրո արդյունքով կրկին 6-րդ հորիզոնականում է։ Նշենք, որ հետուստատեսային հեռարձակումներից ստացված եկամուտը կազմում է թուրքական ֆուտբոլային ակումբների ընդհանուր եկամտի 39 տոկոսը։
Եվրոպական 22 ֆուտբոլային ակումբների պաշտոնական ինտերնետային կայքերը ամսական 1 միլիոնից ավելի այցելու են ունենում։ Այս առումով առաջին հորիզոնականում Մադրիդի «Ռեալ»-ն է, որի պաշտոնակայքը ունենում է ամսական 8․5 մլն այցելու։ Թուրքական «Ֆեներբահչեի» կայքի ամսական այցելուների թիվը 2․74 մլն է,այդ ցուցանիշով ակումբը զբացեղնում է 9-րդ տեղը։ «Գալաթասարայը» իր 1․15 մլն այցելուներով գրավել է 19-րդ հորիզոնականը։