Սերբիան և Կոսովոն համաձայնել են շարունակել երկխոսությունը հարաբերությունների նորմալացման շուրջը
Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը եւ Կոսովոյի ինքնահռչակ հանրապետության նախագահ Հաշիմ Թաչին համաձայնության են եկել շարունակելու երկխոսությունը հարաբերությունների նորմալացման շուրջը, չնայած սերբ քաղաքական գործիչ Օլիվեր Իվանովիչի սպանությանը:
Այդ մասին հայտնել է Մայա Կոսյանչիչը՝ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի ներկայացուցիչը: Սերբիայի կառավարությունում Կոսովոյի եւ Մետոքիայի գործերի նախկին փոխնախարար եւ կոսովցի սերբերի առաջնորդներից մեկը՝ Օլիվեր Իվանովիչը, սպանվել է հունվարի 16-ի առավոտյան Կոսովսկա Միտրովիցա քաղաքում:
«Երեկ հեռախոսազրույց կայացավ նախագահներ Վուչիչի եւ Թաչիի միջեւ: Նրանք համաձայնվեցին շարունակել երկխոսությունը հարաբերությունների հետագա նորմալացման շուրջը»,- լրագրողներին ասել է Կոսյանչիչը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: