«Սա գյուղացու գրպանին է, չէ՞, խփում». Հրաչ Բերբերյան

Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հայտարարեց, որ 2017 թվականը ծանր տարի էր գյուղատնտեսության համար.

«Մենք ունեցանք երկարատև ցրտահարություններ ձմռանը, ամռանն ունեցանք երաշտ, այնպես որ, տարին անբարենպաստ էր։ Այս տարի խնդիրներ ունենք անասնակերի, բանջարեղենի, խաղողի արտադրության հետ։ Այն ռեսուրսները, որոնք պետք է ներդրվեին հողի վրա, չկային, այդ աշխատանքը չկատարվեց։ Թեև Սևանից լրացուցիչ ջրառ եղավ, բայց ոռոգման խնդիր կար: Մի խոսքով՝ գյուղացին արեց այն, ինչ կարող էր»։

Հաջորդ տարվա համար Բերբերյանը մտահոգություններ ունի՝ գյուղացուն պարարտանյութ հասցնելու հետ կապված. «Այդպես էլ պարզ չէ՝ գյուղացին պարարտանյութ կստանա՞, թե՞ շուկան կազատականացվի։ Նույնը՝ դիզվառելիքի հետ կապված։ Նախարարությունում տարբեր քննարկումներ են ընթանում, մեկ խոսում են ֆինանսավորելու, մեկ՝ չֆինանսավորելու մասին։ Կարծում եմ, որ պարարտանյութի շուկան պետք է ազատականացվի, բերվի մրցակցության դաշտ։ Պարարտանյութը պետք է վաճառվի խանութներում։ Նախորդ տարի պարարտանյութը գյուղացուն տվեցին ապրիլ-մայիս ամիսներին, երբ նա դրա կարիքն էլ չուներ։ Հաջորդ տարվա համար ոչինչ չեն արել»։

Ըստ նրա՝ պետք է զարգացնել այն գյուղմթերքների արտադրությունը, որոնք կարող են արտահանվել և շահույթ բերել Հայաստանին.

«Հայաստանը մինչև 30 հազար տոննա տոմատի մածուկ է արտահանել, իսկ այսօր մենք ենք ներկրում։ Կարող ենք դա սուբսիդավորել, բայց տեսեք՝ ինչ է կատարվում․ մտել ենք ԵՏՄ, բայց ռուս ֆերմերն իր արտադրությունը կազմակերպելու համար ավելի լավ պայմաններում է, քան մեր ֆերմերները։ Այս հարցում էական նշանակություն ունեն և՛ մաքսային դրույքաչափերը, և՛ պետության կողմից աջակցությունը։

Ցորենի արտադրության մեկ կիլոգրամը ռուս ֆերմերը ստանում է 30 դրամով, իսկ հայ ֆերմերը՝ 60 դրամով։ Մինչև 2017թ․ վերջ արտոնություն էր տրված Հայաստանին երրորդ երկրներից սերմացու, պարարտանյութեր ներկրելու մասով։ Եվրոպայից ստանում էինք սերմեր, դա հարկերից ազատված էր, այս տարվանից մեկ տոկոս է դառնում, հաջորդ տարի՝ 2 տոկոս, իսկ 10 տարում պետք է անցնենք 10 տոկոս հարկման։ Սա գյուղացու գրպանին է, չէ՞, խփում»,- նշեց Հրաչ Բերբերյանը»։

2017-ին դրական քայլ Բերբերյանը համարում է հակակարկտային նոր սարքերի տեղադրումը․ «Վերջապես բերեցին նորմալ սարքեր, բայց միայն սրանով չես կարող գյուղատնտեսությունը զարգացնել»։

168.am-ի հարցին, թե ինչո՞ւ է գյուղացին ձիու և ավանակի միսը տավարի մսի անվան տակ վաճառում, նա պատասխանեց, որ ձիու և ավանակի միս միշտ էլ եղել է, պարզապես պետք է գրել՝ «ձիու միս», և վաճառել, ոչ թե տավարի մսի անվան տակ վաճառել. «Նրանց մեջ վախ կա, որ եթե ասեն՝ ձիու կամ ավանակի միս է, իրենց բան կասեն։ Շատ տեղերում ընդունված է ձիու միս ուտելը, անգամ դելիկատես է։ Տավարի միսն էլ է միս, ձիու միսն էլ, ավանակինն էլ»։

168.am-ը հետաքրքրվեց նաև շուկայում վաճառվող կեռասի մասին, որի 1 կիլոգրամն արժե 33 հազար 600 դրամ։ Ի պատասխան մեր հարցի, թե արդյոք դա հայկակա՞ն է, թե՞ ներկրված, և ինչո՞ւ է այդքան թանկ, Բերբերյանն ասաց, որ դա ներկրված է, իսկ արժեքի վերաբերյալ պետք է ներկրողից հարցնել։

Տեսանյութեր

Լրահոս