«Հայաստանը մինչև այսօր պատրաստ չէ օգտվել այն դրական հնարավորություններից, որ տրամադրում է հեռարձակման թվայնացումը». Բորիս Նավասարդյան

Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում ամփոփելով 2017 թվականին ԶԼՄ-ների գործունեության միջավայրը, լրագրողների ու լրատվամիջոցների իրավունքների խախտման դեպքերը, արձանագրում է՝ ոլորտը երեք հիմնական մտահոգություններ ունի, որոնք առկա էին անցյալ տավա նույն օրերին և շարունակում են մնալ անփոփոխ: Դրանք են՝ անպատժելիության և լրագրողների նկատմամբ ուժ գործադրելու, մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու, ինչպես նաև Հեռուստատեսության և ռադիոյի մասին օրենքի և դրա կիրառությունների դեպքերը:

«Փաստորեն, մենք ականատես ենք լինում մի իրավիճակի, երբ երկրի, կյանքի և հասարակության համար կարևորագույն ոլորտում, ինչպիսին հեռարձակվող լրատվամիջոցներն են, Հայաստանն այդպես էլ չունեցավ հստակ որդեգրված պետական քաղաքականություն: Դեռևս 2006 թվականից պարզ էր, որ Հայաստանն անցնելու է թվային հեռարձակման տարբերակին: Այդ ընթացքում բազմաթիվ քննարկումներ եղան, թե ինչպիսի՞ քաղաքականություն է պետք մշակել այդ ուղղությամբ: Ցավոք, որևէ առաջընթաց այդ առումով այդպես էլ չգրանցվեց: Հայաստանը մինչև այսօր պատրաստ չէ օգտվել այն դրական հնարավորություններից, որ տրամադրում է հեռարձակման թվայնացումը: Խոսքը և՛ ժամանակին քննարկվող հայեցակարգի մասին է, և՛ օրենսդրական փոփոխությունների, և՛ վերջերս առաջ քաշված հերթական օրենքի նախագծի, որը բոլորովին չի արտացոլում այն խնդիրները, որ պետք է լինեին»:

Բորիս Նավասարդյանը տեղեկացնում է՝ իրենց բազմիցս հավաստիացրել են, որ նոր օրենքի ընդունման միջոցով բարենպաստ լուծումներ անպայման կգտնվեն.

«Հիմա մենք արդեն ունենք նոր օրենք, որը, սակայն, ոչ մի լուծում չի առաջարկում: Սա բոլորովին աբսուրդային իրավիճակ է, որը, բնականաբար, իր արդյունքն ունեցավ նոյեմբերի 5-ի համայնքային ընտրություններում, որոնք շատ կարևոր իրադարձություն էին մեր պետության համար, բայց, քանի որ մենք չունեինք նորմալ զարգացած տեղական համայնքային և մարզային հեռուստաընկերությունների և առհասարակ լրատվամիջոցների ցանց, իրավիճակը հանգեց նրան, որ ընտրողները չկարողացան հասկանալ, թե ովքե՞ր էին թեկնածուները, ի՞նչ ծրագրերով էին հանդես գալիս, և թե, ընդհանրապես, ի՞նչ նշանակություն ունեին այս ընտրությունները, հաշվի առնելով տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումների ողջ քաղաքականությունը, որ ըստ էության ամենակարևոր բարեփոխումների ուղղությունն էր ողջ ՀՀ-ում»:

Անդրադառնալով ոլորտում առկա երրորդ խնդրին՝ Հայաստանի պաշտպանվածությանն ապակառուցողական ու ագրեսիվ քարոզչությունից, բանախոսը նկատում է՝ այս երևութը ևս այս տարի նոր դրսևորումներ ստացավ.

«Մենք դրա ականատեսը եղանք, մասնավորապես, այն ամիսներին, երբ Հայաստանը պատրաստվում էր Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրմանը: Մենք տեսանք, թե ինչպես և՛ դրսից, և՛ ներսից ակտիվացան այն բոլոր քարոզչական գործունեությունները, որոնք միտված էին խոչընդոտելու համաձայնագրի ստորագրմանը: Փաստորեն, պարզվեց, որ չկար մշակված որևէ քաղաքականություն, թե ինչպես էր պետք դրան անդրադառնալ կամ դրանից պաշտպանվել: Նույնիսկ, երբ համաձայնագրերն արդեն ստորագրված էին, մեր տեղեկատվական դաշտը, բանից պարզվում է, բոլորովին պատրաստ չէր նրան, թե ի՞նչ ինքը պետք է աներ տվյալ դեպքում: Ընդ որում, անպատրաստ էր ոչ միայն լրատվական դաշտը, այլև կարգավորող մարմինները, որոնք կարող էին ազդեցություն ունենալ Հայաստանում հեռարձակվող գոնե երեք ռուսական հեռուստաընկերությունների նկատմամբ, որովհետև դրանք Հայաստանում վերահեռարձակվում են հենց Հայաստանի կողմից տրամադրված լիցենզիաների շնորհիվ, ամբողջովին ենթակա լինելով հայաստանյան օրենսդրական դաշտի կարգավորումներին»:

Պարզվում է, ոլորտում առկա, բացի արդեն եղած երեք մտահոգություններից, ընթացիկ տարում դրանց ավելացել է ևս մեկ խնդիր, որի շուրջ, ըստ բանախոսի՝ լրջորեն մտածելու առիթ կա. «Այս տարի Հայաստանը նահանջ է գրանցել նաև ինտերնետի ազատության ռեյտինգում, որի արդյունքներն ամեն տարի հրապարակում է «Ֆրիդոմ Հաուզ» կազմակերպությունը: Մենք միշտ պարծենում էինք, թե մեր երկիրը կարծես թե այդ առումով խնդիրներ չունի, բայց այսօր տեսնում ենք, որ այստեղ էլ մենք բավականին լուրջ նահանջ ունենք»:

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս