«Մենք խնդիր ենք ունենալու». Արտակ Զեյնալյան
Այսօր Ազգային ժողովում քննարկվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու» մասին օրենքի նախագիծը:
«Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանն ասաց, որ չափազանց կարևոր է դատավորների քանակը յուրաքանչյուր 100 հազար բնակչի հաշվարկով.
«Եթե այդ քանակը պակաս է լինում, ապա տուժում են արդար քննության մի շարք բաղադրատարրեր: Ասենք, ողջամիտ ժամկետում գործի քննության իրավունքի բաղադրատարրը խախտվում է: Անկախ նրանից՝ անձը շահել, թե պարտվել է, եթե արդարադատությունն ուշացված է, դա համարվում է մերժված արդարադատություն»:
Ա. Զեյնալյանի խոսքով՝ Վերաքննիչ դատարանի դատավորների քանակը պետք է ավելացվի.
«Շատ կարևոր է 1 կազմով ավելացնելը, սակայն մենք դա ավելացնում ենք առաջին ատյանի դատարանի դատավորների հաշվին:
Մենք խնդիրը չենք լուծում: Որպես բեռնաթափման մեխանիզմ առաջարկում ենք գրավոր ընթացակարգ: Դա ենթադրում է, որ պետք է անձինք ծանուցված լինեն դատական նիստի օրվա և ժամի վերաբերյալ, դատավորը պետք է նիստը բացի, գրավոր ձևով հայտարարի այդ ողջ ընթացակարգը: Նաև ասում ենք, որ գրավորից կարող է անցում լինել բանավոր ընթացակարգին:
Ըստ էության, ոչինչ չի փոխվում, եթե այստեղ կա որոշակի հնարամտություն կամ ինչ-որ մի լուծում, որ չիրականացվի գրավոր ընթացակարգին ներհատուկ ձևով, ապա սա կլինի արդար դատաքննության իրավունքի հրապարակայնության խախտում:
Մենք չենք կարող գրավոր ընթացակարգը պարզեցնենք այն աստիճան, որ դատավորն իր աշխատսենյակից դուրս չգա և իրականացնի արդարադատություն:
Մեզ ընդամենը հարկավոր էր տարեկան 64 միլիոն դրամ, որպեսզի կարողանայինք չպակասեցնել առաջին ատյանի դատավորների քանակը և ավելացնել վերաքննիչի դատավորների քանակը: Մենք բյուջեում չկարողացանք գտնել այդ գումարը, որպեսզի ապահովենք այդ կարևորագույն էլեմենտը: Մենք խնդիր ենք ունենալու: Մենք այս ոլորտին չենք կարող այսպես վերաբերվել»: