«2018 թվականի բյուջեի նախագիծն ինձ միաժամանակ և՛ ոգևորում է, և՛ անհանգստացնում». ԱԺ նախագահ
«2018 թվականի պետական բյուջեի նախագիծը ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական փաստաթուղթ է»,- այսօր Ազգային ժողովում հայտարարեց ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը:
Նրա խոսքով՝ բոլորն էլ գիտակցում են, որ դանդաղելու ժամանակ չունեն, ուստի անհրաժեշտ է լինել ավելի հետևողական ու սկզբունքային: Ա. Բաբլոյանի դիտարկմամբ՝ իրենք իրավունք չունեն հանգիստ շունչ քաշելու՝ մխիթարվելով, թե միջազգային ֆինանսական ճգնաժամն այլևս հետևում է, թե ՀՀ-ն զսպեց այդ ճգնաժամի հնարավոր բարդ հետևանքները, թե աշխարհաքաղաքական այս կամ այն թնջուկը հանգուցալուծվում է, և այլն:
«Պետք է ամուր հիմքեր ստեղծենք տնտեսական առաջընթացի, բարեկեցության ու լավատեսության համար: Մեծ հաշվով, երկրի գլխավոր ֆինանսական փաստաթղթում ասվում է՝ եկեք ինքներս ազնիվ լինենք մեր առջև և ընդունենք, որ այս պահին այսքանն է մեր հնարավորությունների սահմանը, բայց այն նաև ասում է, որ մեր ունեցածը պետք է այնպես ծախսել, որ հաջորդ տարիներին կարողանանք ասել՝ մեր ուժերի սահմաններն ինքներս ենք մեծացրել: Անկեղծորեն պետք է ասեմ, որ 2018 թվականի բյուջեի նախագիծն ինձ միաժամանակ և՛ ոգևորում է, և՛ անհանգստացնում:
Ոգևորում է, որովհետև տեսում եմ բյուջեի աճ, տնտեսական վերելքին միտված հստակ ծրագիր, պաշտպանության ոլորտն ամրացնելու կամք, իրերն իրենց անունով կոչելու և վարդագույն ակնոցներին չապավինելու ձեռագիր: Բայց ես տեսնում եմ, որ 2018 թվականի պետական բյուջեի նախագիծը պակաս առատաձեռն է սոցիալական ոլորտի, կրթության և առողջապահության հանդեպ: Կարծում եմ՝ հետագայում պետք է ավելի լրջորեն աշխատենք այս ոլորտները չնվազեցնելու և ավելացնելու ուղղությամբ»,- նշեց ԱԺ նախագահը: