«Իրար հերթափոխող կառավարությունների ձեռագրերը չեն փոխվում». Նաիրա Զոհրաբյան
«Այն, որ կառավարության ղեկավարը, փոխվարչապետն այստեղ չէ, սա շատ պարզ խոսում է այն բանի մասին, որ իրենց չի հետաքրքրում այս քննարկումները, որովհետև իրենք գիտեն, որ ինչ էլ խոսվի, ինչ էլ ասվի, միևնույն է՝ կա խորհրդարանական մեծամասնությունը, որը պատեհ պահին կբերվի դահլիճ, և երկրի տնտեսական կարևորագույն փաստաթուղթը կսղղացնեն ու կանցկացնեն»,- այսօր 2018 թվականի պետական բյուջեի քննարկումների ժամանակ Ազգային ժողովում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ ԱԺ դահլիճում կառավարության մի քանի ներկայացուցիչներ են, որոնք վստահաբար ձանձրանում են ընդդիմադիր հատվածի ելույթներից, որովհետև բոլորն էլ շատ լավ հասկանում են, որ կա քաղաքական որոշում, և դա վաղն առավոտյան դակվելու է:
«Ի՞նչ ունենք մենք այսօր՝ այս կառավարության գործունեության արդյունքում: Բոլորս հիշում ենք, որ, երբ կառավարությունը նոր էր ստանձնել իր լիազորությունները, ինչպիսի լավատեսական գնահատականներ, մեսիջներ էին հղվում հանրությանը՝ կոռուպցիայի դեմ պայքար, մոնոպոլիաների դեմ պայքար: Այսօր մենք ունենք այս հայտարարությունների 0 արդյունք»,- հայտարարեց Ն. Զոհրաբյանը:
Նրա խոսքով՝ իրար հերթափոխող կառավարությունների ձեռագրերը չեն փոխվում: Ն. Զոհրաբյանը հայտարարեց, որ «Ծառուկյան» խմբակցությունը դեմ է քվեարկելու բյուջեի նախագծին: